Հունիսի 1-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացավ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), օպերային եւ էստրադային երգիչների մասնակցությամբ: Համերգին ներկա էին ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Շառլ Ազնավուրը:
Շանսոնյեն բարձր տրամադրություն ուներ: Նա քանի անգամ ողջունեց դահլիճին եւ համերգի մասնակիցներին` չդադարող ծափահարությունների ներքո:
Համերգը վարում էր շնորհալի երգիչ եւ դերասան Հայկ Պետրոսյանը` Փարիզից տեսագրությունների միջոցով, իսկ Երեւանից` անմիջական ելույթներով: Համերգին մասնակից դարձավ նաեւ Վարդան Պետրոսյանը` Փարիզից տեսագրությամբ:
Հայկ Պետրոսյանը օրիգինալ մեկնաբանություններով ներկայացրեց շանսոնյեի անցած ուղին` դժվարություններից մինչեւ փառքի գագաթնակետ: Հայկը պատմեց նաեւ այն դրվագը, երբ Ազնավուրն առաջին անգամ համերգ է ունենում Հայաստանում, սակայն դահլիճի լավագույն տեղերը զբաղեցնում են կոմկուսի անդամները, իսկ ուսանողներին տեղեր չեն մնում: Ուսանողներն էլ ցույց են անում` «Դահլիճի տեղերը Կոմկուսին, Ազնավուրը` մեզ» պաստառներով:
Համերգը եզրափակվեց «Քեզ համար Հայաստան» երգով, որը երգում էր ողջ դահլիճը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, հիրավի բարձր մակարդակով կատարեց իր առաքելությունը` էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի կայացմանն աջակցել է մշակույթի նախարարությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ