ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ողջունել է Լոս Անջելեսի քաղաքապետարանում «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ» անվանումը կրող վարչության և Հայ դատի հանձնախմբի միջև քննարկումները՝ Լոս Անջելեսից Երևան ուղիղ չվերթ կազմակերպելու վերաբերյալ:
«Ուրախ եմ, որ Հայ դատի հանձնախմբի և «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ»-ի միջև սկսվել է երկխոսություն՝ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևան ուղիղ չվերթ կազմակերպելու շուրջ: Որպես Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների հանձնաժողովի, ինչպես նաև ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ, ես պատրաստ եմ աջակցել այս ստեղծարար նախաձեռնությանը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է հնարավոր ուղիղ կապ հաստատել Լոս Անջելեսի և Հայաստանի միջև:
Ես ողջունում եմ Հայ Դատի հանձնախմբին և Լոս Անջելեսի քաղաքապետարանի ավիացիայի վարչությանը այս ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկելու համար»,- հայտարարել է կոնգրեսական Նապոլիտանոն:
Կոնգրեսականն ընդգրկված է տրանսպորտի հանձնաժողովի ավիացիայի ենթահանձնաժողովում և մեծ ուշադրություն է ցուցաբերում ավիացիայի ոլորտի հետ կապված խնդիրներին: Ենթահանձնաժողովն առնչվում է այս ոլորտի բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ անվտանգության ապահովման, ենթակառուցվածքների զարգացման, աշխատատեղերի և այլն: Ավիացիայի դաշնային վարչության բոլոր ծրագրերը, բացառությամբ հետազոտական ծրագրերի, ուսումնասիրվում են ենթահանձնաժողովի կողմից:
Իր հերթին Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է կոնգրեսականի հայտարարությանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: