ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ, սահմանին վերահսկման մեխանիզմների հարցում Ադրբեջանը բավականին կոշտ ու սխալ դիրքորոշում որդեգրեց, դրան հակառակ Հայաստանը միակողմանի ու խորությամբ ամեն ինչին ուշադիր հետեւում է:
«Սադրանքների պարագայում մերոնք կանխարգելիչ հարվածներ են հասցնում, այս պարագայում արդարացված է, վերջին սադրանքը նրանց կողմից բավականին անհասկանալի ու աններելի էր»,- այս կարծիքին է պարոն Իսագուլյանը:
Ըստ նրա, համանախագահների վերջին երկու հայտարարությունները, որոնք բավականին օբյեկտիվ էին, Ադրբեջանին բավականին ծանր վիճակում են գցել. «Եռանախագահող երկրները համոզվեցին մի բանում, որ ԼՂ հիմնախնդիրն այս տարածաշրջանում կայունություն ապահովող խնդիր է: Երբ ասում են խաղաղապահ ուժեր, այդ ուժերի դերն այսօր հրաշալի կատարում է Արցախի պաշտպանության բանակը, այսինքն, սա տարածք է, որը ոչ միայն կարողանում է իր անվտանգությունը պաշտպանել, անհրաժեշտության դեպքում կարող է կանխարգելիչ լուրջ հարվածներ հասցնել ագրեսորներին, այլեւ կայունություն է ապահովում ամբողջ տարածաշրջանում: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ուզենա, որ նման միավորը թուլանա կամ վերանա, վստահ եմ, որ Արցախը դե ֆակտո կայացած է այս ձեւաչափով ու իր տարածքներով, իսկ դեյուրե ճանաչվելու է, ընդորում՝ Ադրբեջանի կողմից»:
Եթե Ադրբեջանը գնա ագրեսիայի, պարոն Իսագուլյանի կարծիքով. «Չեմ կարծում, որ այդ տարածքները մնալու են այդ մասշտաբների, կարծում եմ՝ Քուռ-Արաքսի ամբողջ հովիտը կանցնի Արցախի հանրապետություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ