Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղի եկեղեցին, որը կառուցվել է 1909 թվականին ու կրել Սուրբ Աստվածածնի անունը, վերջերս վերանորոգվել է Կարապետյան ընտանիքի կողմից։ Նշենք, որ Կարապետյանների ընտանիքը մեծ ունեցվածքի տեր է, նրանք կաթնամթերքի ու գինու գործարաններ ունեն․ Կարապետյան եղբայրներին է պատկանում Շիրակի մարզում գտնվող ու բավական թանկ գներով կաթնամթերք վաճառող «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը, «Արենի» գինու գործարանը, որի արտադրանքը ևս բավական թանկ է։
Եղբայրներից մեկն էլ Երեւանի «Անի» հյուրանոցի սեփականատերն է, մյուսը՝ «Աշոցքի-Ճանշինի» տնօրեն Մարսել Կարապետյանն է։ Կարապետյանները, որոնք ծնունդով Բանդիվան գյուղից են, վերանորոգել են իրենց գյուղի եկեղեցին ու հարսանյաց սրահ կառուցել եկեղեցու տարածքում։
Եկեղեցին այսօր օծվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, այն վերանորոգումից հետո անվանափոխվեց՝ կոչվելով «Սուրբ Խաչ»։
Ինչպես իր խոսքում հիշեց Միքայել Սրբազանը, այս եկեղեցին սարսափելի վիճակում էր, անգամ եկեղեցի չէր հիշեցնում։ «Երբ որ առաջին անգամ ես 18 տարի առաջ եկա և մտա այս եկեղեցի, մեծ ցավ ապրեցի, թե ինչպես կարող է հայ ժողովուրդը իր եկեղեցին այս վիճակին հասցնել։ Գոմ էր այս եկեղեցին, անասունի կեղտ էր ամենուրեք, գոմաղբ էր։ Եվ ես, մարդիկ ուղարկելով, մաքրեցի, որպեսզի գոնե մաքուր լինի անշուք եկեղեցին։ Եվ այս տարիների ընթացքում շարունակեցինք աղոթել ու խնդրել Տիրոջը, որպեսզի հնարավորություն տա, որպեսզի այս եկեղեցին վերակառուցվի և օծվի, և դառնա իբրև աղոթքի տուն, ոչ թե իբրև ախոռ, քանի որ ճանապարհներն այսպես անցնում էր անասունների, և անասունները հաճախ մտնում էին այստեղ հանգստանալու։ Եվ ուրեմն Աստված, մեր աղոթքները լսեց, ձեր աղոթքներն էլ թերևս լսեց, գուցե ձեր մեջ կա ինչ-որ մի աղոթող, որը լուռ, խելոք աղոթում էր այս եկեղեցու վերակառուցման համար»,-ասաց Սրբազանը։
Սրբազանը նաև ասաց․ «Մի կարծեք թե սրանով ավարտվեց ձեր գործը, այլ սկսվեց։ Հիմա սրանից հետո, երբ որ եղեկեցվո զանգը հնչի, պիտի թողնեք գործերն ու վազեք եկեղեցի, ամոթ նրան, որ չվազեց»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ