Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում բազմաթիվ միջոցառումներ կայացան: Բերդի մանկական զբոսայգում տեղի ունեցավ համերգ եւ ցուցահանդես-վաճառք, ցուցադրվեցին հիվանդություններ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքները: Բերդի 720 երեխաներ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի կողմից ստացան գեղեցիկ նվերներ:
Հասարակական կազմակերպությունները մանուկների համար անակնկալներ էին պատրաստել՝ ՀՕՖ-ը կազմակերպել էր կավճանկարչության մրցույթ, որի հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ մրցանակներով, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն կազմակերպել էր մաստեր-կլասներ՝ նկարազարդումներ, ցուցահանդես, ֆոտոմրցույթի հաղթողներին հանձնվեցին նվերներ եւ շնորհակալագրեր:
Բերդի արվեստի դպրոցի բակում ցուցադրվել էին դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր խաղեր, երեխաները ստացան բազմաթիվ նվերներ: Տոնական միջոցառումների ընթացքում «Վորլդ Վիժնի» կողմից երեխաներին ուրախացնում էին հայտնի մուլտֆիլմերի հերոսները:
Բերդ քաղաքի մշակույթի տան սաները ներկայացրին համերգային գեղեցիկ ծրագիր. նաեւ ցուցադրեցին տիկնիկային ներկայացում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ