Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայի կաթնամթերքը գրավել է խստապահանջ Իսրայելի շուկան (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 01,2017 19:03

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մոտ 400 բնակիչ ունեցող Բանդիվան գյուղը մյուս գյուղերից տարբերվում է նրանով, որ այստեղ աշխատանքի խնդիր չկա, փակ դռներ՝ նույնպես, տղամարդիկ համատարած չեն մեկնում Ռուսաստանի Դաշնություն։

Գյուղի տարեց տղամարդիկ մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղի կյանքը վերջին շրջանում փոխվել է, քանի որ գործարար Կարապետյանները, որոնք Բանդիվան գյուղից են, սակայն բնակվում են Երևանում, գյուղում կաթնամթերքի գործարան են հիմնել։ Իսկ այնտեղ, բացի համագյուղացիներից, աշխատում են նաև ողջ տարածաշրջանի բնակիչները։

Aravot.am-ի հետ զրույցում Բանդիվանի վարչական ղեկավար Արտավազդ Ղուկասյանը տեղեկացրեց, որ «Բանդիվանի կաթ» ՍՊԸ-ում աշխատում են նաև Ուկրաինայից, Իսրայելից, Էստոնիայից, Ռումինիայից։

Ի դեպ, գյուղի կանայք էլ մեզ հետ զրույցում փաստեցին, որ գյուղում փակ դռներ չկան ու պատճառներից մեկն էլ այն է, որ դատարկ տները, երբեմն, բնակության են տալիս դրսից եկած մասնագետներին։

Կաթնամթերքի գործարանի հիմնադիր Գենիկ Կարապետյանի որդին էլ՝ Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց արտադրանքը Հայաստանից բացի սպառվում է խստապահանջ Իսրայելում։ «Մենք միակ արտադրողն ենք Հայաստանում, որի արտադրանքը գնում է խստապահանջ Իսրայել, իրենց ամբողջ օրենքներին ու ստանդարտներին համապատասխանում է մեր արտադրանքը»,- ասաց գործարարը։ Հիշեցնենք, որ Իսրայելը ամենազարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներից է։ Գործարարն ասաց, որ այս պահին չեն փորձում այլ երկրներում շուկա գտնել, քանի որ իրենք գրավում են Հայաստանի շուկայի մոտ 30 տոկոսը, իսկ պահանջարկը շատ մեծ է։

Մենք շրջեցինք նաև կաթնամթերքի գործարանում, այստեղ անասնագոմը կառուցված էր եվրոպական չափանիշներով․ ինչպես մեզ ներկայացրեցին՝ գերմանական ցեղի կաթնատու կովերը օրական 58 լիտր կաթ կարող են տալ։ Նրանց կթում են հատուկ սարքավորումներով, մարդկանց ձեռք չի կպնում։ Ականատես եղանք նաև, թե ինչպես են կովերը հատուկ սարքավորումով լողանում: Մեզ ուղեկցող անձը պատմեց, որ կովերը, երբեմն, սկսում են միմյանց հրմշտել լողանալու համար։ Նրանց արոտավայր չեն տանում, չեն տեղաշարժում, նրանցից յուրաքանչյուրը գոմում ունի իր անկյունը, իր հանգստավայրը։

Նշենք նաև, որ Բանդիվան գյուղի բնակիչների փաստմամբ, գործարանի սեփականատերերը կաթը Բանդիվան գյուղի բնակիչներից գնում ու մթերում են թանկ գնով՝ մեկ լիտրը՝ 170 դրամով, իսկ մյուս գյուղերի բնակիչների վճարում են ավելի էժան՝ մեկ լիտրը ձեռք են բերում 130-140 դրամով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930