Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի հանձնարարականը` երեխաների իրավունքների ոտնահարո՞ւմ

Հունիս 01,2017 17:59

Երևանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը մտահոգված է, որ թեքահարթակներից շատերը հաշմանդամություն ստանալու համար են, ոչ թե հաշմանդամություն ունեցողների տեղաշարժման համար:

«Մեդիա կենտրոն»-ում «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը և ներառական կրթությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը ոլորտի ներկայացուցիչները ներկայացրին մի շարք այլ խնդիրներ:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանի համոզմամբ՝ միջավայրային հարմարեցումների առումով դժվարությամբ ենք դուրս գալիս թեքահարթակի կարծրատիպից:

Տիկին Թադևոսյանի համար հաշմանդամություն ունեցող երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության իրավունքի իրացման ոլորտում կարևորագույն գործընկերն է հենց երեխայի ծնողը: Նա նշեց, թե ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հաջողված պատմություններ ու ճակատագրեր, և այդ անձինք այսօր ակտիվ գործիչներ են: Սուսաննա Թադևոսյանի համոզմամբ` տարբեր տեսակի, այդ թվում նաև տեղաշարժման հետ կապված խնդիրները չպետք է պատճառ դառնան, այլ ուղղակի պետք է գիտակցել, որ դա պարզապես խաչ է, ու պետք է հաղթահարել բոլոր դժվարությունները և անել ամեն ինչ, որպեսզի երեխան ստանա կրթություն:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը մտահոգություն հայտնեց, որ և՛ մանկավարժների, և՛ հասարակության կողմից դեռևս ներառական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կա վերաբերմունքի խնդիր, ինչի պատճառով էլ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հաճախ նրանց չեն բերում դպրոց: Տիկին Մուրադյանը նշեց, որ թեև փոքրիկ քայլերով ենք ընթացել ներառական կրթության ճանապարհին, բայց այսօր արդեն 200-ից ավելի ներառական դպրոցներ կան:

Հարցին` արդյոք մոնիտորինգ իրականացվե՞լ է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, տիկին Մուրադյանն ասաց, որ մոնիտորինգ իրականացվում է բոլոր դպրոցներում: Նշենք, որ առանձին ներառական բաղադրիչով մոնիտորինգ չի իրականացվել:

Այս առիթով Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե ԿԳՆ-ն մինչև հիմա չունի այդպիսի բաժին, միայն ունեն մի Անահիտ Մուրադյան, ամեն ինչն նա է անում, իսկ մոնիտորինգի համար նախարարությունն առնվազն պիտի ունենար հատուկ բաժին:

Տիկին Բախշյանը ներառական կրթությունը համարում է մեր պետության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որը ճանապարհ է դեպի հանդուրժողականություն, մարդասիրություն և ժողովրդավարություն:

Տիկին Բախշյանի համար կարևոր է հատկապես այն, որ ուսուցչի օգնականի ինստիտուտը, որն այժմ փորձում են ներդնել ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, գործի, և համալսարաններն ունենան այդպիսի մասնագիտացումներ. «Մանավանդ մոտակա օպտիմալացման արդյունքում մանկավարժները, որոնք դուրս կմնան աշխատանքից, պիտի անեն ամեն ինչ, որ իրենց կրթությունը համապատասխան մասնագիտացման մեջ արագ կազմակերպեն: Սակայն համալսարանները, ԿԳՆ-ն այնքան իներտ են այս հարցում»:

Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող, «Մենք կարող ենք» ՀԿ-ի ղեկավար Արմինե Սահակյանը պատմեց, թե ինչ դժվարությունների հաղթահարման գնով է երեխային դպրոց տարել. « Հրաչյան հինգ վայրկյան անգամ չէր կարողանում դասի նստել: Անգամ դպրոցի ճանապարհին այնքան ամուր էի բռնում ձեռքը, որ չփախչի, մատներիս տեղը մնում էր: Դպրոցը մեզ համար եղավ կյանք, կայացավ նաև որդիս` որպես մարդ: Դպրոցը միայն գիծ քաշելն ու տառ գրելը չէ, դա մի ամբողջ կյանք է»:

Տիկին Սահակյանն ասաց, որ իրենք հաճախել են Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոց, ու դժվարությունները բխում էին նաև նրանից, որ դպրոցը պատրաստ չէր իր երեխայի հետ աշխատելուն, սակայն մեթոդներ գտնվեցին:

Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետի հանձնարարությունը՝ մի շարք դպրոցների օպտիմալացման վերաբերյալ, երեխաների իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ: Տիկին Բախշյանը պատասխանեց. «Վարչապետի վերջին հանձնարարականի անունը դրել եմ բիզնես հանձնարարական: Բիզնեսի տեսանկյունից խելամիտ է: Բայց վարչապետը պետք է մի քանի հացերի պատասխանի` ինչպե՞ս անել, որ օպտիմալացման հերթական գործընթացը մի քանի տարի հետո չշարունակվի, որ էլի դպրոցներ չփակենք: Իսկ դպրոցների օպտիմալացման խնդիրը, իհարկե, երեխայի կրթության իրավունքի տեսանկյունից կա: Ուզում եմ, որ մեր հասարակությունն իմանա, թե այդ գումարը, որ օպտիմալացման հետևանքով տնտեսվում է, որտեղ է ներդրվելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930