Արդեն 17 տարի է՝ «Օրրանը» տոնում է հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության օրը: Ինչպես նշեց «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, սա իրենց ամենասիրելի տոնն է: Նա ասաց, որ 100 երեխա երեւանյան «Օրրանի» հարկի ներքո են պատսպարվել, 100-ը` Վանաձորի:
«Օրրանը մեզ համար ջերմ օջախ է: Երեխաներին երջանկացնելու բանալին նրանց սեր եւ հոգատարություն փոխանցելն է, «Օրրանը» նաեւ նրանց տալիս է տաք սնունդ, ապահովում է առողջական, սոցիալական հարցերը, դասերի պատրաստումը, տարբեր արհեստներ է սովորեցնում»,-հավելեց տիկին Հովհաննիսյանը:
«Օրրանի» հյուրընկալ հարկի ներքո հավաքվել էին տարբեր ոլորտների ճանաչված մարդիկ, իսկ կենտրոնի բակում երեխաների ու հյուրերի համար հյուրասիրություն էին կազմակերպել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի աշխատակիցները` շեֆ-խոհարար Նիկոլաս Պուխտուայի գլխավորությամբ:
«Oրրանի» փոքրիկներին շնորհավորեցին նաեւ մեծահասակները: Միջոցառմանը մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օրրանի» համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա որդին` Կարին Հովհաննիսյանն ու իր տիկինը, օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը` բալիկների հետ, դերասաններ, երգիչներ, հաղորդավարներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ