Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի ՊՆ-ն այսօր հերքեց, որ հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը ոչնչացրել է հայկական կողմի հրամանատարական դիտակետ:
Հատկանշական է, որ ապատեղեկատվությանը զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է «համապատասխան» տեսանյութեր՝ հայկական կողմի կրակակետերի «ոչնչացման» մասին: Այս առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ՊՆ նախաձեռնած ռազմական լրագրության դասընթացի շրջանակում լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանում այս օրերին ընթանում են զորավարժություններ՝ այդ թվում հրետանային:
«Իրենք խոցում են իրենց իսկ դրած թիրախները, նկարահանում, եւ, ինչպես շատ հաճախ անում են, ներկայացնում են, թե իբր հայկական նշանակետեր են ոչնչացրել»,-պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշեց, որ Կոթիի ուղղությամբ այսօր հակառակորդի կողմից իրավիճակին բնորոշ կրակոցներ եղել են, իսկ արկակոծության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ