Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մանուկներ
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության անկախության շուրջ երեք տասնամյակում հարյուր հազարավոր երեխաներ չծնվեցին մեր երկրում:
Օրվա իշխանությունների ապօրինությունների եւ թալանի պատճառով շուրջ մեկուկես միլիոն մեր հայրենակիցներ արտագաղթեցին Հայաստանից, ինչի հետեւանքով ապագա սերնդի զգալի մասը ծնվեց եւ դեռ կծնվի օտար երկրներում: Հայաստանում դեռեւս մնացած երիտասարդ ամուսիններն էլ վախենում են սոցիալական անապահովությունից եւ խուսափում զավակներ ունենալուց, քանի որ նրանց համար չեն կարող ապահովել պատշաճ կենսապայմաններ:
Ծնունդների նվազումը պայմանավորված է նաեւ հղիությունը վաղաժամ ընդհատելու դատապարտելի երեւույթով՝ կապված երեխայի սեռի հետ:
Մենք հավատացած ենք, որ հնարավոր է շտկել Հայաստանի ժողովրդագրական աղետալի իրավիճակը՝ արդար եւ օրինական իշխանությունների ձեւավորման ու տնտեսության համաչափ զարգացման շնորհիվ, ինչը գլխավոր նախապայմանն է մեր միլիոնավոր հայրենակիցների վերադարձի եւ հայոց օջախներում նորանոր մանուկների ծննդյան ճիչերի եւ ուրախության, ինչը կնպաստի «Յոթը որդով սեղան նստելուն»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորում է մեր սիրելի մանուկներին եւ ցանկանում, որ իրենց մեծ, ազատ ու անկախ Հայաստան-Հայրենիքում մշտապես ժպտան նրանց անմեղ աչուկները եւ բազմապատկվեն նորածինների ճիչն ու մանկանց խինդը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն