ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր ԱԺ էր եկել թոռնիկի՝ շիկահեր Հարությունի հետ: Նա ասաց, որ թոռնիկը «մորն է քաշել»:
Հարությունը 6 տարեկան է: Նկատեցինք, որ երեխայի ձեռքին iPhone հեռախոս էր, ընդ որում՝ հեռախոսի ետնամասում ՀՀԿ-ի գովազդն ու կարգախոսը՝ «Առաջընթաց եւ անվտանգություն»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շտապեց նշել. «Էս պապին չի առել հեռախոսը: Էս պապին աշխատավարձով ապրող մարդ է»:
Թե մյուս պապին ինչո՞վ է ապրում՝ նա պատասխանեց. «Նորմալ բիզնեսմեն է»:
Մեր հարցին՝ լա՞վ պապիկ է Գագիկ Մելիքյանը՝ երեխան վստահեցրեց, որ այո. «Եթե Ազգային ժողովում չի լինում, ինձ տանում է տեղ, ման է տալիս»:
Հարությունը երազում է ֆուտբոլիստ դառնալ՝ Ռոնալդոյի եւ մեր Հենրիխ Մխիթարյանի նման: Հարցին՝ լա՞վ է, որ պապիկը քաղաքական գործիչ է՝ նա պատասխանեց. «Այո, լավ է, որ ինքը աշխատում է, գալիս է, ինձ համար լիքը բաներ է առնում»:
Իսկ թե ինչու է հեռախոսի ետնամասում ՀՀԿ-ի գովազդը փակցրել, սիրո՞ւմ է ՀՀԿ-ականներին՝ նա պատասխանեց, որ սիրում է: Ըստ երեխայի, ՀՀԿ-ականները լավ են իշխում երկիրը:
Հարցին՝ ՀՀԿ-ն իրեն պատասխանատու զգո՞ւմ է երեխաների համար, եթե այդպես է, ինչո՞ւ են մեր երկրում այդքան երեխաներ անպաշտպան, սոցիալապես այդքան անապահով ապրում՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Դա ընդամենը ձեր կարծիքն է: Ես չեմ կարծում, որ բոլոր երեխաներն անպաշտպան են: Ես կարծում եմ, որ մեր երկրում, շատերը կերազեն, որ մեր երեխաների նման պաշտպանվածություն ունենան: Վերջերս «Ավրորայի» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակակիր բժիշկը հայտարարեց՝ ես կերազեմ, որ ձեր երկրի նման երկիր ունենամ: Դա, կարծում եմ, բոլորի համար պետք է ուղեցույց դառնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ