Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները` ԿԸՀ նիստում կազմելով արձանագրություն` Երեւանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու վերաբերյալ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 46 մանդատ, «Ելք» դաշինքը` 14 մանդատ եւ «Երկիր Ծիրանին» 5 մանդատ:
Պարոն Մուկուչյանը նաեւ ասաց, որ ընտրությունների արդյունքների ամփոփման հետ կապված դատական կարգով վիճարկում կար, սակայն երեկ հրապարակվել է դատական ակտը, համաձայն որի ԿԸՀ որոշումները թողնվել են ուժի մեջ:
Ապա Տիգրան Մուկուչյանը մեկ առ մեկ կարդաց նորընտիր ավագանու անդամների անունները, որից հետո ԿԸՀ անդամներն արձանագրություն կազմեցին ու ստորագրեցին:
Տիգրան Մուկուչյանը ավագանու անդամներին շնորհավորեց` մաղթելով բեղմնավոր եւ արգասաբեր աշխատանք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ