Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ ԱԺ այգու դարպասները բաց էին երեխաների առաջ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ըստ ձեզ Հայաստանի երեխաները երջանի՞կ են, թե՞ չէ՝ պատասխանեց. «Մեր Արաբկիր բժշկական համալիրն իրականացրել է հետազոտություն եւ հետազոտությունների արդյունքում երեւի թե աշխարհի տարբեր երկրների ամենաերջանիկն իրենց համարողներից մեկը Հայաստանի երեխաներն են»:
Դիտարկմանը, որ նույնիսկ եթե աղքատությունը 40 տոկո՞ս է՝ Արա Բաբլոյանը ի պատասխան եւս մեկ անգամ փաստեց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք, ըստ նրա, շատ հետաքրքիր են:
Հարցին՝ Հայաստանի երեխաներն առիթ ունե՞ն ուրախանալու, երջանիկ լինելու, երբ կան սոցիալական լուրջ խնդիրներ՝ Արա Բաբլոյանը պատասխանեց, որ նույնիսկ սոցիալական ամենադժվար պայմաններում հայ ընտանիքների մոտեցումն այնպիսին է լինում, որ երեխան իրեն երջանիկ է համարում:
Ըստ Արա Բաբլոյանի, անելիքներ շատ կան. «Մենք ունենք իրավունք անվճար կրթության, միեւնույն ժամանակ ունենք պարտավորություն կրթությունը բարելավելու: Ունենք անվճար բժշկական ծառայությունների իրավունք մինչեւ 7 տարեկան երեխաների համար, միեւնույն ժամանակ կարիք ունենք բարելավելու բուժծառայությունների որակը»: Նա ասաց, որ իշխանությունները պետք է մտահոգվեն այս բոլոր հարցերում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ երեխա է եղել ԱԺ նախագահը, հաճա՞խ են ծնողները կշտամբել: Արա Բաբլոյանը պատասխանեց՝ «Ոնց որ բոլոր երեխաները: Եղել են դեպքեր, որ այո, կշտամբել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ