Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունն ինչ է անում, որ երեխան չհայտնվի մանկատանը (Տեսանյութ)

Հունիս 01,2017 15:28

Այսօր Նոր Խարբերդ մասնագիտացված մանկատուն այցելած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե կառավարության կողմից իրականացվող մանկատների բեռնաթափման ծրագրով քանի՞ երեխա է վերադարձել ընտանիք, քանի՞ մանկատուն է փակվել: Նախարարը թիվ չհրապարակեց, սակայն վստահեցրեց, որ մանկատան երեխաների ցուցանիշները «միանշանակ նվազում են»:

Ըստ պարոն Ասատրյանի Երեւանի թիվ 1 եւ թիվ 2 գիշերօթիկները փակվել են. «Այս պահին Սյունիքի եւ Լոռու մարզերում ենք դիտարկում: Ի վերջո, մանկատները փակելն ինքնանպատակ չի: Խնդիրը վերաբերում է ոչ թե զուտ փակելուն, այլ` այնտեղ հայտնված երեխաներին եւ նրանց ընտանիքներին եւ այդ համայնքներին, որտեղին նրանք եկել են, կարիքների գնահատում իրականացնենք, հասկանանք պատճառները, այն բացերը, որոնք այսօր կան: Այսինքն` ինչպիսի ծառայությունների բացակայությունն է բերել եւ ուղղակի հայտնվել են խնամքի հաստատություններում: Առաջին հերթին պետք է վերացնել այդ բացերը»:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, թե կարծիքներ կան, որ մանկատները չեն բեռնաթափվում նաեւ տնօրենների պատճառով, որոնք այդ հիմնարկները բիզնեսի առարկա են դարձնում` պետությունից ու բարեգործներից գումարներ ստանալով, ինչպես որ ականատես եղանք վերջերս` Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենի անվան շուրջ առաջացած աղմուկին, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում. «Յուրաքանչյուր դեպք, որպես առանձին դեպք պետք է դիտարկվի: Իհարկե, կա խնդիր, որը պետք է լուծում ունենա: Համակարգային լուծումը, որը նախարարությունը ձեռնարկել է եւ արդեն շուրջ 2-3 տարի է համակարգում գործող հաստատությունների հետ փորձ է արվում կանոնակարգել եւ միասնական դաշտ բերել, դա համապատասխան նորմատիվների սահմանումն է, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով որքան աշխատող պիտի լինի եւ միասնական ձեւաչափի ներդրումն է»:

Արտեմ Ասատրյանը, որը մանկատուն էր այցելել հունիսի 1-ի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով, շրջեց Խարբերդի մանկատանը, հետաքրքրվեց, թե ինչ կարիք ունեն: Երեխաների հետ աշխատող մասնագետներից մեկն ասաց, որ իր հետ աշխատող եւս մեկ մասնագետի կարիք կա, որպեսզի երեխաների զարգացումն ավելի արագ տեղի ունենա:


Այս մանկատանը խնամվում են 225 երեխա, որոնք հիմնականում ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով են: Նրանցից մեծ մասի ծնողները հրաժարվել են երեխաներից: Սակայն, ինչպես մանկատան տնօրենն ասաց, կան ծնողներ, որոնք տեսակցում են երեխաների հետ, նույնիսկ գիշերում այստեղ, եթե հեռվից են լինում: Այդ նպատակով մանկատանը տեսակցությունների ու գիշերակացի սենյակներ էին բացվել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930