Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակությունը կանգնած է «Ճաճոյի Էդոյի» որդու կնոջ կողքին

Հունիս 01,2017 15:19

Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության առնչությամբ հարուցված քրեական գործով պարզվեց, որ Տիգրանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր կնոջ՝ Լիանայի հետ վիճաբանության ժամանակ:

Դեպքից հետո հասարակության շրջանում եւ լրատվամիջոցներով սկսվեցին լուրեր շրջանառվել, որ Լիանան տարիներ շարունակ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության: Հերթական բռնությունից հետո էլ տեղի է ունեցել դեպքը:

Aravot.am-ի հետ զրույցում «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանն ասաց, որ վախի մթնոլորտ է տիրել, այդ իսկ պատճառով ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու մասին տեղյակ մարդիկ չեն բարձրաձայնել:

«Մենք կոնկրետ գործ ունեինք դասական բռնության հետ: Հարեւանները մեզ ասեցին, որ բռնություն եղել է, բայց ցավոք սրտի այդ նույն հարեւանները տեսախցիկների առջեւ հրաժարվում են խոսել: Դեպքը տեղի ունենալուց հետո բոլորս արձագանքեցինք, բայց որեւէ մեկը, բացի հարազատներից ու հարեւաններից տեղյակ չէր, որ տարիներ շարունակ այդ կինը ապրել է ստրկության մեջ, բազմաթիվ անգամներ ենթարկվել բռնության: Անընդհատ նրա կյանքը եղել է վտանգի տակ: Այս ամենով հանդերձ՝ այն մարդիկ, ովքեր տեղյակ են եղել, չեն բարձրաձայնել, ես հասկանում եմ, վախեցել են»:

Այդ օրերին շատերն արձագանքեցին կատարվածին: Հասարակությունը սկսեց պաշտպանել Լիանային: Նարինե Ավետիսյանն ասում է, որ իրենք պատրաստվել էին նույնիսկ Լիանայի իրավունքները պաշտպանելու համար ակցիաներ կազմակերպել. «Մենք պատրաստվել էինք Լիանային պաշտպանող ակցիաներ անել, որպեսզի Լիանային չտեղափոխեին Աբովյան քրեակատարողական հիմնարկ: Մենք մի քանի լրագրողներով պատրաստ էինք անձնական երաշխավորությամբ դիմել դատարան, որպեսզի նախաքննության փուլում Լիանայի խափանման միջոցը չլինի կալանքը: Նույնը պատրաստ էին անել իրավապաշտպան կազմակերպություններ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ այլն: Բայց չհասավ դրան եւ գործը դատարան էլ չհասավ»:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Լիանային մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն եւ արգելանքից ազատելու որոշում կայացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրություն` չհեռանալու մասին:

Նարինե Ավետիսյանն ասում է, որ իրենք կհետեւեն քննության ընթացքին, իսկ անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկեն, հասարակությունը համախմբված է:

Նա հույս հայտնեց, որ գոնե այս դեպքից հետո ընտանեկան բռնության ենթարկվող կանայք կբարձրաձայնեն խնդրի մասին. «Մենք, իհարկե պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ակցիաներ անել: Ես վստահ եմ, որ շատ կանայք կան Վանաձորում, որ տեւական ժամանակ բռնության են ենթարկվում: Բայց նրանք վախենում են ու չեն բարձրաձայնում: Այստեղ բազմաթիվ գործոններ են դեր խաղում, ինչպես նաեւ արմատավորված մենթալիտետային վիճակը: Լիանան թող օրինակ լինի բազմաթիվ կանանց, ովքեր գտնվում են այդ վիճակում եւ որոնց մասին մենք տեղեկություններ չունենք, բարձրաձայնեն, որպեսզի չհասնի դժբախտ ավարտի: Այս դեպքը պետք է օրինակ ծառայի բոլորիս համար»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930