Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Ազնավուր. «Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում»

Հունիս 01,2017 15:05

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելեց Տաթևի վանական համալիր։
Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։

Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ մեծանուն երգչին դիմավորեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։
Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին եւ հյուրերին ներկայացրեց «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթեւի տարածաշրջանում։


«Տաթեւատուն» ռեստորանի հարեւանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացավ Սյունիքի բնությամբ։ Ուղեւորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չբաժանվեց իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։
«Տաթեւատան» տարածքում կարճատեւ դադարից հետո Ազնավուրը որդու եւ ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվեց Տաթեւի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։


Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթեւի վանական երգչախմբի կատարումներով։
«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան եւ Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», – ասաց Շառլ Ազնավուրը։

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։


Տաթևն արագ տեմպերով դառնում է համաշխարհային մակարդակի զբոսաշրջային ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Տաթևի վանական համալիրի վերականգնումը տարածաշրջանում խարսխային նախագիծ է, որին հետևեցին «Տաթևի դարպասներ» նախագիծը և Տաթևին հարակից առավել լայն շրջանի զարգացման նախագծերը:

«ՏաԹևեր» ճոպանուղին ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է ամբողջ աշխարհում: Այն Գինեսի ռեկորդ է սահմանել ոչ միայն ամենաերկար հետադարձելի, այլ նաև ամենակարճ ժամկետներում (10 ամսում) կառուցված ճոպանուղին լինելու համար:
Ճոպանուղու շահագործման առաջին տարում ՝ 2010 թվականին, այն այցելել է մոտ 10 հազար մարդ։ 2016 թվականի վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 500 հազարը։
 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930