Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սուրեն Կարայանի, ՀՀ-ից դուրս տարվող գումարները կապիտալի արտահոսք չեն (Տեսանյութ)

Հունիս 01,2017 14:56

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադառնալով Հայաստանից կապիտալի արտահոսքին, ըստ որի եւ ըստ պաշտոնական վիճակագրության, ներդրողների՝ Հայաստանից դուրս տարվող գումարները կրկնապատկվել են, ասաց, որ չի կարելի համարել կապիտալի արտահոսք:

Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա հունվարին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 42.6 միլիոն դոլար, ապրիլին այս ցուցանիշը կազմել է 86.2 միլիոն դոլար: Գումարների մեծ մասի արտահոսքը եղել է դեպի Ռուսաստան:

Այս առնչությամբ պարոն Կարայանն ասաց. «Վիճակագրությունը, կապված օտարերկրյա ներդրումների հետ, հրապարակել է երկու ցուցանիշ՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցները գան Հայաստան, եւ դա երեւում է որպես բացասական: Իսկ ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է, 19.7 միլիարդի կարգի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են իրականացվել առաջին եռամսյակում, դրան գումարած նաեւ բազմաթիվ ներդրումներ են իրականացվել տեղական ներդրողների կողմից, ինչպես նաեւ վերաներդրումներ են կատարվել»:

Նախարարի ներկայացմամբ՝ գումարների ներհոսքի բացասական լինելը չպետք է վերագրել, թե դա Հայաստանից կապիտալի արտահոսք է. «Որովհետեւ դրա մեջ են մտած գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար»:

Մանրամասն՝  տեսանյութում

Ինչ վերաբերում է Հայաստանում կատարվող ներդրումներին եւ ամիսներ առաջ հայտարարված 800 միլիոն դոլարի ներդրմանը, ապա Կարայանը վստահեցրեց, որ դրանք անպայման կատարվելու են. «Մեր նախարարության կողմից մոնիթորինգ ենք անում 460 միլիոն ներդրումային ծրագրերի շրջանակներում: Ես կարող եմ վստահ ասել, որ 3-4 ամիսների ընթացքում այդ 460 միլիոնից մոտ 130-140 միլիոն ներդրում արդեն իրականացված է: Բայց բոլորն էլ ընթացքի մեջ են, չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած լինի կամ դեռ սկսված չլինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930