Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի նոր տնտեսագիտության իմաստաբանությունը

Հունիս 01,2017 14:23

Նոր վարչապետը Հայաստանում բարեփոխումներ է սկսել: Գովելի է: Սակայն նա իր ջանքերի գլխավոր շեշտը դրել է ներդրումների ներգրավման վրա: Բայց եթե նույնիսկ նրա վարած քաղաքականությունը հաջողության հասնի, մի՞թե կլուծվեն Հայաստանի տնտեսական հիմնախնդիրները, կվերանան տնտեսական դժվարությունները, աղքատությունն ու հետամնացությունը: Մի՞թե ներդրումների պակասն է ազգային տնտեսության թուլության պատճառը: Դժվա՜ր թե: Որովհետև եթե ներդրումներն ավելանան, դա ամենաշատը կարող է խթանել արտադրությունը: Արտադրության հզորացումը կարող է բերել պետության հարստացման, սակայն արդյո՞ք դրանից կհարստանա երկրի բնակչությունը: Ո՛չ: Պետության հարստությունը մտնում է մի խումբ մարդկանց դրամապանակները, կհարստանան ընդամենը մի քանի հոգի կամ, լավագույն դեպքում, մի խումբ մարդիկ, կամ ընտանիքներ: Որովհետև և՛ բնակչության աղքատության, և՛ պետության տնտեսական թուլության գլխավոր պատճառը տնտեսական օրենքների անգործությունն է Հայաստանում: Դրանց պատճառն այն է, որ մի քանիսն են միայն հարստացել: Նրանք կողոպտել են պետությանն ու ժողովրդին, անելով դա օրենքի սահմաններում: Օրենքներն են թույլ տվել մի քանիսի հարստացումը մնացածների հաշվին:

Հայաստանի նոր վարչապետը նոր տնտեսական քաղաքականություն է ուզում վարել: Ճիշտ ցանկություն է: Բայց նա նոր թափով հին քաղաքականություն է վարում: Ներդրումների ներգրավումը միշտ էլ եղել է բոլոր վարչապետերի օրակարգերում: Ճիշտ է, արդեն տարբերվում է մյուսներից և առանձնահատուկ է նրանով, որ նոր թափով է անում դա, ուրեմն ինչ-որ նորություն կա: Բայց արդյո՞ք այդքանը բավական է: Գուցե ավելի՞ն է պետք: Գուցե պետք է փոխել Հայաստանում կիրառվող տնտեսագիտությու՞նը կամ տնտեսավարությունը և դրան նոր իմա՞ստ տալ:

Վարչապետը հաշվի չի առել տնտեսագիտության հայտնաբերած տնտեսության վերարտադրության պարբերաշրջանի փուլերը. արտադրություն-բաշխում-փոխանակում-սպառում: Ներդրումների առատությունից ամենաշատը կարող է շահել արտադրության փուլը: Սակայն եթե նույնիսկ այն շահի, մեծանա, միևնույն է, դրանից կօգտվեն միայն մի քանիսը, որովհետև Հայաստանի տնտեսությունում չեն գործում բաշխման, փոխանակման և սպառման փուլերը: Երկրում արտադրված հավելյալ արժեքի առյուծի բաժինը մտնում է մի քանի մարդկանց գրպանները: Բաշխման փուլը չի աշխատում, որովհետև մարդկանց մեծ մասը կողոպտված է ազգային սեփականությունը բաշխելիս, և կողոպտվում է իր աշխատուժը վաճառելիս, անիրավացիորեն ցածր վարձատրվելով: Չի կատարվում նյութական բարիքների բաշխումը տնտեսական հարաբերությունների մասնակիցների միջև: Արտադրված հավելյալ արժեքը պետք է հավասարաչափ բաշխվեր առավելագույն արդյունավետություն ապահովելու համար: Փոխանակման փուլն էլ չի աշխատում, որովհետև առանց բաշխվելու չէր կարող ինչ-որ բան փոխանակվել: Սպառման փուլը չի աշխատում, որովհետև նախորդ փուլերում արդեն կողոպտված մարդկանց մեծ մասն ի վիճակի չէ մասնակցելու սպառման փուլին փողամիջոցներ չունենալու պատճառով:

Վերարտադրության շղթայի չորս օղակները վերարտադրության անվերջ կրկնվող ընթացքում պետք է վերստեղծեին կյանքի միջոցները, կյանքի ուժը՝ աշխատուժը, տնտեսական, արտադրական հարաբերությունները: Բայց, ավա՜ղ:

Բաշխման գործընթացը չի աշխատում ոչ միայն հավելյալ արժեքի, այլև սեփականության ասպարեզում: Ազգի հարստության մեծ մասը մի խումբ մարդկանց սեփականությունն է: Ազգի ներկայացուցիչների մեծ մասը չի մասնակցում ազգային հարստությունից օգտվելու գործընթացին, զուրկ է այդ հնարավորությունից, որովհետև զուրկ է սեփականությունից: Այնինչ բաշխումը, այդ թվում նաև սեփականության բաշխումը պետք է տեղի ունենար անընդհատ: Դա պետք է լիներ մշտական գործող գործընթաց, այլ ոչ թե ազգի կյանքում միայն մեկ անգամ կատարվող արարողություն, ինչպես որ տեղի ունեցավ անցյալ դարի իննսունական թվականներին անկախացումից հետո, երբ այն արագ ու հապշտապ կատարվեց, հետո նույնպիսի կայծակնային արագությամբ էլ տեղի ունեցավ դրա հակառակ իրադարձությունը՝ սեփականությունը կուտակվեց մի խումբ ագահ ճարպիկների ձեռքերում: Ոչ ագահներն ու ոչ ճարպիկները մնացին խաղից դուրս և մինչև հիմա էլ այդ վիճակում են: Ինչու՞: Որովհետև այդ պահին իշխանությունը յուրացրած կռվարարների, հանցագործների, անարդարների ու ագահների կողմից հապշտապ գրված գործող օրենքներն օգնեցին խաբեբաներին, նպաստեցին նրանց ցանկությունների իրականացմանը, իսկ արդարներին ու համեստներին խանգարեցին մասնակցելու տնտեսական կյանքին: Իսկ ամեն առումներով ճիշտն այն էր, որ սեփականությունը գտնվեր աշխատողների ձեռքերում, որ ովքեր աշխատում են տվյալ ձեռնարկությունում կամ հիմնարկում, նրանք էլ տնօրինեին իրենց ունեցվածքը և օգտվեին դրանից: Աշխատանքի բաժանման օրենքները պահանջում են, որ արտադրությունը սկսելուց առաջ արտադրության միջոցները բաշխվեն աշխատանքի մասնակիցների միջև: Իսկ տնտեսական օրենքները պահանջում են նյութական բարիքների բաշխումը տնտեսական հարաբերությունների մասնակիցների միջև:

Բաշխումը պետք է լինի ոչ միայն արդյունքների, այլև նախ արտադրության միջոցների, արտադրության մասնակիցների: Արդյունքները բաշխելիս մասնակիցները պետք է օգտվեն իրենց կատարած աշխատանքին համամասնորեն, սակայն մեր պետությունում այդ փուլում օգտվում են միայն փողատերերը: Եկամուտները ճիշտ չեն բաշխվում, որովհետև ճիշտ չեն կատարվել նախնական բաշխումները: Պետությունը չի կատարում իր դերը՝ չի ապահովում տնտեսական օրենքների գործունեությունը երկրի տնտեսությունում:

Չի կատարվում նաև վերաբաշխումը ընկերային, հասարակական լծակների միջոցով. հարկահանության, ընկերային ապահովության իրականացման, բնակարանային ու կենցաղային սպասարկումների համար վճարումների, վարկերի տրամադրման, բարեգործության և այլն:

Ժողովրդի աղքատացումը տեղի է ունենում ոչ միայն բաշխման, այլև փոխանակման փուլում, երբ երկրում արտադրված արդյունքների անհամարժեք փոխանակում է կատարվում, քանի որ մի քանի ընտանիքներ մենատերեր են տնտեսության բոլոր ճյուղերում և գները թելադրողի դերում են հանդես գալիս կյանքի թատերգությունում: Գնի մեծ մասը մտնում է իրենց գրպանը, մի փոքրիկ մասը բաժին է հասնում աշխատողներին, երկրորդ փոքր մասն էլ պետությանը իր գործառույթների կատարման համար: Այնինչ պետությունը պետք է հոգ տաներ, որ հավելյալ արժեքը հավասարաչափ բաշխվեր փողատիրոջ, աշխատողների և պետության միջև: Սակայն մեր պետությունում փոխանակման փուլում սեփականատերը կողոպտում է և՛ աշխատողներին, և՛ պետությանը: Այնինչ, ինչպես տեսանք վերևում, բաշխման փուլում էլ էր նա կողոպտում: Վերաբաշխման փուլում էլ երկրի մեծահարուստները կողոպտում են ժողովրդին ու պետությանը չվճարելով հարկերը: Գաղտնիք չէ, որ շատ հարուստները արտոնյալ վիճակում են և չեն վճարում իրենց հարկերը, որովհետև անպատիժ են մնում: Այնինչ պետք է հակառակը լիներ, ամենահարուստները պետք է ավելի շատ վճարեին, քան մյուսները: Այսինքն` այս կյանքում նրանք ապրում են ուրիշների հաշվին:

Բաշխման և փոխանակման փուլերում ժողովուրդն աղքատանում է: Փողատերերը ժողովրդին կողոպտում են և՛ աշխատավարձերը սահմանելիս, և՛ արտադրանքի գները սահմանելիս, իսկ պետությանը՝ հարկերը չտալիս: Անհամարժեք աշխատավարձերի չափերը սահմանելիս չի աշխատում բաշխման գործառույթը, հարկերը չվճարելիս չի աշխատում վերաբաշխման գործառույթը, անարդար գները սահմանելիս չի աշխատում փոխանակման գործառույթը: Եվ պետությունն էլ օժանդակում է նրանց, նպաստում է նրանց քանդիչ գործունեությանը: Համենայնդեպս, մինչև հիմա այդպիսի տպավորություն է մնացել ժողովրդի մոտ: Որովհետև պետության ղեկի մոտ էլ են մեծահարուստները նստած:

Սպառման փուլն էլ չի աշխատում Հայաստանում: Քանի որ տնտեսագիտությունում սպառումը նյութական բարիքների ձեռքբերումն է, ապա չունենալով բավարար միջոցներ, մարդկանց մեծ մասը չի մասնակցում նաև այս փուլին: Որովհետև սպառմանը մասնակցելու համար մարդիկ պետք է ունենան այնքան եկամուտներ, որ կարողանան բավարարել իրենց պահանջները: Իսկ մեզ մոտ անկախացումից հետո ժողովուրդը գնալով ավելի ու ավելի աղքատացավ: Կարիքների ու պահանջների բավարարումը համարյա բոլոր ընտանիքներում անընդհատ հետաձգվելով մնում է չիրականացված:

Կամ, սպառման պահանջարկը բավարարելու համար մարդիկ ընկնում են պարտքերի տակ, խախտում են տնտեսական օրենքը՝ ծախսում են ավելի շատ, քան իրենց եկամուտներն են: Դրանից իրենք ավելի են աղքատանում, որովհետև արդեն աշխատում են նաև ուրիշներին պահելու համար: Իսկ ավելի աղքատանալով նրանք աստիճանաբար դուրս են գալիս տնտեսության վերարտադրության պարբերաշրջանի փուլերից: Փակ շրջան է գոյանում, որտեղ մի օղակի թուլությունից տուժում է ամբողջ շղթայի ամրությունը:

Սպառումը վերջին, եզրափակիչ փուլն է, այն կախված է նախորդ փուլերի աշխատանքից: Եթե չեն գործում նախորդները, ապա վերջին փուլի ցուցանիշներն էլ վատը կլինեն: Ուստի սպառման փուլի վիճակը ցույց է տալիս բարեկեցության վիճակը պետությունում: Ընդհանրապես, այն ցույց է տալիս իշխանության, կառավարության անդամների որակական համապատասխանությունը իրենց դիրքին ու պաշտոններին, պարզ ասած՝ թե որքանով են նրանք իրենց տեղում: Մեր պետությունում նրանք իրենց տեղերում չեն, այլ ուրիշների:

Քանակական առումով լինում են պարզ և ընդլայնված վերարտադրություններ: Հայաստանը չի կարողանում ապահովել ոչ միայն իր ընդլայնված վերարտադրությունը, այլև պարզը: Ընդլայնված վերարտադրությունը պետք է ապահովեր անհրաժեշտ քանակից ավելիի արտադրությունը, որն օգտագործվելու էր ոչ միայն արտադրողների կամ մեր երկրի պահանջները բավարարելու համար, այլև կուտակելու կամ աշխարհի այլ մասերի համապատասխան կարիքները բավարարելու համար: Իսկ պարզ վերարտադրությունը պետք է բավարարեր եղած կարիքները, բայց չի բավարարում: Որովհետև չի աշխատում վերարտադրության պարբերաշրջանը: Եթե վարչապետը գտնի անհրաժեշտ ներդրումները և սկսի գործել արտադրության փուլը, ապա հարուստներն ավելի կհարստանան, իսկ աղքատներն ավելի կաղքատանան, որովհետև չեն գործում բաշխման, փոխանակման և սպառման փուլերը:

Բավարար չափով եկամուտներ և փողամիջոցներ չունենալով, մարդկանց մեծ մասը զրկվում է փողի շրջապտույտին, տնտեսական գործունեությանը մասնակցելու հնարավորությունից: Չեն օգտագործվում ժողովրդի մեծ մասի նախաձեռնողական, ձեռներեցության, ձեռնարկատիրական ընդունակությունները, դրանք կորչում են անօգուտ, անիմաստ: Այնինչ դա շուկայական տնտեսության գլխավոր առավելությունը պետք է լիներ համայնավարական ժամանակների վարչահրամայական տնտեսական համակարգի համեմատությամբ: Հենց այդ առավելությունից օգտվելու համար խորհրդային ժողովուրդը գերադասեց անցնել շուկայական համակարգին: Իսկ հիմա մեզ մոտ այն չի գործում: Նորից, նախկին համակարգի նման, ազգային տնտեսության, հետևաբար և ազգի բախտը որոշում են ամենավերևում նստած մի քանի հոգի: Ժողովուրդը չի մասնակցում դրան:

Տնտեսական տեսություններից հայտնի է, թե ինչու են զարգացած երկրներում ժողովուրդներն ապրում հարուստ, կարիքները բավարարված: Որովհետև մեծացել են մարդկանց եկամուտները, փողամիջոցները: Տնտեսության արդյունավետության բարձրացման շնորհիվ պակասել է նրանց աշխատաժամանակը, ավելացել է ազատ՝ ըստ անհատի հայեցողության օգտագործվող ժամանակը: Ջնջվել են սահմանները չափազանց հարուստների և չափազանց աղքատների, նույնիսկ հարուստների ու աղքատների միջև, քանի որ մեծ մասը հավասարաչափ է հարուստ: Լինելով բավարարված, հարուստ, ազատ ժամանակ ունեցող, այն իրենց հայեցողությամբ տնօրինող՝ ավելացել են անհատականությունները: Նրանք հնարավորություն են ունեցել ստեղծագործաբար մասնակցելու տնտեսական կյանքին, կատարելագործելու այն: Նման արտադրողները շահագրգռված են եղել կատարելագործել ապրանքները և ստեղծել նորերը, ինչն էլ նպաստել է կյանքի առաջընթացին, ստեղծագործ կյանքի զարգացմանը: Փողամիջոցները դրվել են շրջանառության մեջ և փողից փող ստեղծել: Նրանց երկրներում կարիք չկա, որ վարչապետը դռնեդուռ ընկած ներդրումներ փնտրի, ներդրումներն իրենք են իրենց առաջարկում: Մեր պետությունում հակառակն է նաև ժամանակի առումով. մարդիկ մի քանի տեղում են աշխատում, զրկվելով հնարավորությունից ժամանակ տրամադրելու հետագա ինքնազարգացման համար: Բացի այդ, հարստության բևեռացումը հասարակությունում ստեղծել է տերերի ու ծառաների խավեր: Ճնշված է մարդկանց արժանապատվությունը, պատիվը, հպարտությունը: Դրանից պակասել են անհատականությունները, մարդկանց մեծ մասը վերածվել է անդեմ զանգվածի, որում պարարտ հող կարող է լինել զանազան բարոյական թերությունների առաջացման, մեծացման ու բազմացման համար: Վերոհիշյալ պատճառներով, ինչպես նաև բնակչության քանակի նվազման պատճառով Հայաստանում սպառումը նույնպես չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, կամ նվազում է, կամ աճում շատ դանդաղ, չնայած որ ամբողջ աշխարհում այն աճում է քառասուն տարում չորս անգամ արագությամբ: Պաշտոնական տվյալներով բնակչության 30 տոկոսն աղքատ է: Մեր պետությունում աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ընդհանուր վերին գծից, իսկ ծայրահեղ աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է պարենային (կամ ծայրահեղ) աղքատության գծից: Այսինքն` մեզ մոտ կան մարդիկ, որոնք նույնիսկ իրենց պարենային կարիքներն էլ չեն կարողանում բավարարել:

Եվ հետո, ո՞վ ասաց, թե տնտեսության մեջ պետության ամենաբարձր մակարդակի ղեկավարների անընդհատ հերոսական ջանքերի շնորհիվ ձեռք բերված ներդրումներ են պետք: Չէ՞ որ ամենասկզբում դրանք եղել են: Ուրեմն սկզբնական ազդակը կար, իսկ տնտեսությունը պետք է կարողանար ինքն իրեն վերարտադրել, բայց չի վերարտադրում, եթե անկում է ապրում: Նոր ձեռնարկություններ չեն բացվում, եղածներն են փակվում, տնտեսական հետընթաց ունենք: Հատուկենտ բացվողներն էլ պատկանում են դեռևս անփորձ, լավատես միամիտներին, որոնք դեռ ձեռք չեն բերել ներդրումներ կորցնելու փորձը: Նրանք դեռ ծանոթ չեն տնտեսագիտության անխախտ օրենքներին և հույս ունեն լավ արդյունքներ ստանալ իրենց նախաձեռնությունից: Չէ՞ որ վարչապետը նոր գումարներ չի կարող ստեղծել, նա ընդամենը եղածները պետք է ներդնի տնտեսության մեջ: Այսինքն` նա ընդամենը հենց այդպիսի մարդկանց պետք է գտնի և համոզելով ավելի մեծացնի նրանց լավատեսությունը: Այսինքն` գումարները միշտ էլ եղել են Հայաստանում կամ արտասահմանում, բայց դրանց տերերը, այսինքն` ներդրումների հին գայլերը՝ խոշոր փողատերերը, չեն օգտագործել դրանք, որովհետև համոզվել են, որ չեն գործում տնտեսական լծակները, և ներդրումներից ոչ մի օգուտ չի լինում: Ներդրումներն այն ժամանակ են իմաստ ունենում, երբ ապահովում են իրենց վերարտադրությունը: Իրենց վերարտադրելու համար դրանցից պետք է օգտվեն գործընթացի, տնտեսական փուլերի բոլոր մասնակիցները: Ստեղծվող հավելյալ արժեքը պետք է հավասարաչափ և արդարորեն բաշխվի բոլորի միջև: Իսկ երբ հարստանում են միայն մի քանիսը, ապա վերջինների համար արդեն հետաքրքիր չի լինում նոր ներդրումներ անելը, որովհետև նրանք արդեն բավարարված, հագեցած, լիացած են լինում: Իսկ երբ հարուստ լինեին բոլորը կամ մեծամասնությունը, ապա դրանից կօգտվեին բոլորը, այդ թվում նաև փողատերերը, ներդրողները: Որովհետև կյանքին ավելի շատ ստեղծագործական մոտեցման հավանականությունը ավելի մեծ է շատերի մոտ, քան քչերի: Նրանց գումարներն անընդհատ շրջանառվելով անընդհատ գումարներ կբերեին: Կշահեր նաև ազգային տնտեսությունը, կապահովվեր վերարտադրության գործընթացի փուլերի անընդմեջ աշխատանքը: Կգործեր արդեն հետևյալ շղթան. ներդրում-արտադրություն-բաշխում-փոխանակում-սպառում-ժողովրդի հարստացում-կենսամակարդակի աճ-պետության հզորացում-ազգի երազանքների իրականացում: Ահա թե ինչպիսին պետք է լինի նոր վարչապետի նոր տնտեսագիտությունը՝ ժողովրդի տեսակետից արդյունավետ լինելու համար:

Ուստի, որպեսզի վարչապետի ջանքերը չվերածվեն սիզիփոսյան աշխատանքի, այսինքն ապարդյուն չլինեն, անհրաժեշտ է նախևառաջ գործի գցել վերոհիշյալ շղթայի բաշխման, փոխանակման և սպառման օղակները: Նոր հեծանիվ հայտնաբերելու կարիք չկա: Աշխարհն ունի տնտեսության համակարգի ներդաշնակ գործունեության փորձը: Անհրաժեշտ է ճիշտ տնտեսական և այլ օրենքների միջոցով զրկել մեծահարուստներին ավելի հարստանալու, ուրիշներին կողոպտելու հաշվին երկիրն աղքատացնելու հնարավորությունից: Դա կարելի է անել տարբեր տնտեսական ու վարչական լծակների՝ հարկերի, չափաքանակների, սահմանափակումների, արգելանքների, ազգայնացումների, օրենքների, որոշումների և այլնի միջոցով: Պետք չէ հույսը դնել տվյալ օրվա ղեկավարի բարի կամքի վրա: Համակա՛րգը պետք է ճիշտ աշխատի:

Ինչ-որ գործ անելու ձգտումն, իհարկե, գովելի է, որովհետև չի սխալվում միայն ոչինչ չանողը: Այսինքն` ներդրումների վարչապետական որոնումներն էլ կարող են արդյունքի հասցնել նրանով, որ հույս կա, որ ի վերջո, եթե ոչ խորհրդատուները, շրջապատը և ժողովուրդը, ապա գոնե ներդրողները կբացատրեն, կհասկացնեն գործի գցել տնտեսական մեքենայի աշխատանքը, որ այն սկսի վերջապես շարժվել տեղից և հասցնի նրանում գտնվողներին իրենց երազած ապագայի դրախտավայրը:

Գեղամ Ա. Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930