ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համեմատությամբ, Ադրբեջանում տիրող դեգրադացիային զուգահեռ Արցախի Հանրապետությունում վեջին տասը տարիներին տնտեսական աճը տասը տոկոսից պակաս չի եղել:
«Արցախում տեղի են ունենում բավականին լուրջ տնտեսական գործընթացներ, քաղաքական կայուն իրավիճակ է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Իսագուլյանը:
Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ սկսել են օբյեկտիվ հայտարարություններ անել, ինչը ՀՀ-ում տարբեր պետական պաշտոնյաների կողմից սխալ է մեկնաբանվում. «Հայտարարում են, թե տեսնում եք՝ հասանք նրան, որ հակաադրբեջանական հայտարարություններ են անում, հակաադրբեջանական չէ, պարզապես հիմա տալիս են օբյեկտիվ գնահատական: Մեզ մոտ նման հայտարարությունները տեղին չեն»:
Նա նաեւ նկատեց, որ բոլորը Հայաստանին ու Ադրբեջանին են ներկայացնում որպես կոնֆլիկտի կողմ, բայց իրականում Հայաստանը Արցախի կողքին է, ոչ թե փոխարինում է Արցախին: Եվ այդ առումով Սերժ Սարգսյանին մեղադրել տարբեր փաստաթղթերում առկա զիջումների համար, ավելորդ արտահայտություններ են, որոնք հասնում են Արցախ ու տրամադրություններ են առաջացնում, որոնք ամենեւին ցանկալի չեն. «Այն տարածքների մասին, որ խոսում ենք, այնտեղ բավականին լուրջ ծրագրեր են իրականացվում…Հյուսիսային ճանապարհ է կառուցվում, բոլոր նշված տարածքներում աշխատանքներ են կատարվում, դպրոցներ, մանկապարտեզներ, աշխատատեղեր, տարբեր կարգի խնդիրներ են լուծվում»:
Նրա խոսքով, տարածքների զիջման մասին ոչ Հայաստանում, ոչ Արցախում խոսք չկա. «Ոչ մեկը չի պատրաստվում որեւէ բան զիջել, ոչ մի պարագայում»:
Մեր հարցին, չե՞ք կարծում, որ տարածքների վերադարձման մասին քննարկումները սկսվեցին Սերժ Սարգսյանի՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո, երբ անդրադարձավ յոթ տարածքների վերադարձման փաստաթղթի մասին, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն շատերի, անկեղծորեն ասում է այն, ինչը քննարկման նյութ է դարձել փաստաթղթերում, ամեն անգամ կրկնում է, որ Արցախի թիկունքում որեւէ մեկը հարց չի լուծելու: Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ