Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Սարգիս Նաջարյանը գողացավ Լուսինե Զաքարյանի գոտին

Հունիս 01,2017 13:53

«Տեսակետ» մամուլի ակումբում հունիսի 1-ին կայացած ասուլիսի հյուրերն էին ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Լուսինե Զաքարյանի կենսագիր Սերգեյ Մանվելյանը: Հունիսի 1-ին սիրված երգչուհի Լուսինե Զաքարյանը կդառնար 80 տարեկան: Բանախոսներն անդրադարձան նրա կյանքին ու գործունեությանը` նորովի գնահատելով նրա վաստակը: Քննարկվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան ստեղծելու հարցը, ինչպես նաև ցուցադրվեցին նրա անձնական իրերից որոշ մասունքներ:

«Լուսինեն ինչպես ծնվել էր, այդպես էլ անմահացավ, մաքրամաքուր երեխայի նման…Առաջին անգամ Լուսինեի հետ հեռակա ծանոթացել եմ Էջմիածնում պատարագ լսելիս, իսկ դեմ առ դեմ ծանոթությունս կայացել է ռադիոյում: Այն ժամանակ վախեցած մտածում էի` արժի՞, որ ես` հողեղենս, մոտենամ այդ հրեշտակին»,- ասաց Սարգիս Նաջարյանը:

Նա նշում է, որ Լուսինե Զաքարյանը չէր սիրում համերգներից հետո մնալ՝ ծաղիկներ ստանալ, սրա-նրա տուն գնալ, համերգի ավարտից հետո միանգամից տուն էր գնում: «Մի անգամ էլ մտա զարդասենյակ, տեսա, որ այնտեղ նա մոռացել է իր գոտին, որը ես գողացա եւ հիմա թանկ մասունքի պես պահում եմ, եթե թանգարան ստեղծվի, կնվիրեմ թանգարանին»,-ասում է Սարգիս Նաջարյանը, որը նաեւ բաժակ ու ափսե ունի տաղանդաշատ երգչուհուց:

«Լուսինեի անվանն առաջին անգամ առնչվեցի հինգ տարի առաջ»,-ասում է Սերգեյ Մանվելյանը, հավելելով, որ Լուսինեին մոտեցել է որպես արվեստի սիրահար:

«Երբ 1990 թ. Գերմանիա են հրավիրում, խնդրում են տաճարում պատշգամբներից մեկից երգի…Լուսինեն այնքան վեհ եւ հոգեթով է երգում, որ զբոսաշրջիկները ապշում են»,-ասում է Մանվելյանը:

Նա հավելեց, որ դաշնակահար Էլեոնորա Գասպարյանի հավաստմամբ, Լուսինե Զաքարյանը նաեւ ջազ է երգել` զինվորների համար:

Բանախոսները ափսոսանք հայտնեցին, որ Լուսինե Զաքարյանը դեռեւս թանգարան չունի: «Ես շատ ցավում եմ, որ մշակույթի նախարարության եւ Լուսինե Զաքարյանի հետ հանդես եկած արվեստագետների կողմից անտարբերություն կա»,- ասաց Սերգեյ Մանվելյանը:

Վերջինս հայտնեց, որ առաջիկայում ընթերցողի սեղանին կդրվի նաեւ Մեդեա Աբրահամյանի մասին գիրքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930