Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Շատ հետաքրքիր է մեր ճակատագիրը, որտեղ Յուրան ոտքը դրել է՝ ես հայտնվում եմ այդտեղ. «168 ժամ»

Հունիս 01,2017 13:05

Հարցազրույց Անահիտ Բախշյանի հետ

– Հաշվի առնելով քաղաքականության խորն ու խճճված պատկերը, սեփական անձի ու սկզբունքների միջև անընդհատ պայքարը՝ ինչո՞ւ ընտրեցիք քաղաքականության ճանապարհը, և արդյո՞ք այդ ընտրությունը գիտակցված է եղել։

– Դեպի քաղաքականություն ճանապարհը ես ընտրել եմ իմ կյանքում շատ  ողբերգական  դեպքից  հետո։ Մինչ այդ չեմ սիրել այս ոլորտը՝ տեսնելով ամուսնուս տառապանքները, ընդվզումները… Հենց Ազգային ժողովի դահլիճում կատարված ողբերգությունը զարգացրեց իմ մեջ ցեցի պես կրծող այն հարցերը, թե ինչպես կարող էր Ազգային ժողով մտնել ահաբեկչական խումբ։ Ո՞ւմ էր դա ձեռնտու։ Ո՞վ էր դրա ղեկավարը։ Հարցեր, որոնց    պատասխանների    փնտրտուքն էլ ինձ տարավ քաղաքականություն՝    իհարկե,    ընդդիմադիր դաշտ։ Դրանց պատասխանը ես չգտա, որի փոխարեն՝ շատ նոր կարողություններ բացահայտեցի իմ մեջ, նոր հմտություններ ձեռք բերեցի և հասկացա,  որ  ցանկացած ազնիվ նպատակներ ունենալու դեպքում ես կարող եմ ծառայել իմ երկրին և շարունակել իմ ամուսնու գործը, բայց արդեն՝ հակառակ դաշտում։

Ես շարունակել եմ Յուրայի հետքն Ազգային ժողովում, քաղաքապետարանում, Կրթության ազգային ինստիտուտում… Շատ հետաքրքիր է մեր ճակատագիրը, որտեղ Յուրան ոտքը դրել է՝ ես հայտնվում եմ այդտեղ։

– Գուցե նա է ուղղորդում…

– Հաստատ։ Այո՛, ուղղորդում է։ Արդեն 18 տարի է՝ Յուրան չկա, բայց մենք ամբողջություն ենք։ Ես հաճախ եմ նրա ձեռքը զգում իմ թիկունքին, երբ ասում էր՝ «դու կարող ես, դու կանես»… Ես սիրում եմ Յուրային…

– Ո՞րն է Ձեր գլխավոր անելիքը քաղաքականության  մեջ,  որ  չեք արել ու դեռ պիտի անեք։

– Հավանաբար պիտի շարունակեմ անել այն, ինչ արել եմ արդեն տարիներ շարունակ։ Ես ուզում եմ՝ օրենքի իշխանությունը հաստատվի իմ երկրում, ամեն առիթն օգտագործում եմ (իսկ դրանք հազարավոր են), որպեսզի բարձրաձայնեմ մարդկանց, նրանց երեխաների ոտնահարված իրավունքները։ Ես սկսում եմ օրենքից՝ ցույց տալով, թե այն որտեղ է շեղվել, և քանի դեռ մենք որպես իրավական պետություն չենք կայանում, թվում է՝ քո արածն էլ փոշիանում է։ Ըստ երևույթին, պետության «գլխարկը»՝ Սահմանադրությունը, որ պիտի կրի յուրաքանչյուրը, պարզապես շպրտված է ոտքերի տակ, և ում ինչպես հարմար է, այնպես էլ գործում է։ Ինձ երբեմն համարում են Դոն Կիխոտ, ես այդպես չեմ կարծում, քանի որ, թեկուզ առանձին քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը հաջողվում է։

Հասմիկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930