Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը խեղաթյուրում է թե՛ երկրի օրենսդրությունը, թե՛ Լեզվի պետական տեսչության առաքելությունը. Մարինե Հովյան

Հունիս 01,2017 13:10
LEZVI TESCHUTYUN

Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը մտահոգված է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը շփոթության մեջ է գցում պաշտոնյաներին, լրագրողներին ու ընդհանրապես հասարակությանը:

Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով Հայկ Այվազյանի այն դիրքորոշմանը, թե տեսչությունը ռազմավարական նշանակության գործառույթ չունի և իրականացրել է պրիմիտիվ ստուգումներ, մինչդեռ այդ կառույցի իրական գործառույթը ստուգումները չէին, տիկին Հովյանն ասաց. «Փաստորեն, խմբի ղեկավարը խեղաթյուրում է թե՛ երկրի օրենսդրությունը, թե՛ Լեզվի պետական տեսչության առաքելությունը: Նա ասում է բաներ, որոնք հիմնազուրկ և իրավազուրկ են: Իհարկե, լեզվի տեսչությունն ունի վերահսկողական գործառույթներ, և դրանք ամրագրված են իր կանոնադրությամբ: Այդ վերահսկողական գործառույթները հանրային կյանքի բոլոր ոլորտներում են, իսկ այդ նույն Այվազյանը մի քիչ ավելի առաջ է գնում և ասում, թե ի՞նչ է նշանակում հանրային կյանքի բոլոր ոլորտներ, ի՞նչ է նշանակում լեզվական քաղաքականություն, սրանք ի՞նչ վերացական հասկացություններ են: Եթե ինքը չի հասկանում, թե ինչ է լեզվական քաղաքականությունը, հանրային կյանքի բոլոր ոլորտները, դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն»:

Տիկին Հովյանը հիշեցրեց, որ Լեզվի պետական տեսչությունը ստեղծվել է 1993-ին երկրում միասնական լեզվական քաղաքականություն իրականացնելու համար: Եվ այդ քաղաքականությունը հիմնականում տեսչությունն իրականացրել է վերահսկողության և ստուգումների միջոցով:

Դառնալով «պրիմիտիվ ստուգումներ» ձևակերպմանը՝ Մարինե Հովյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինքը պրիմիտիվ ասելով ի՞նչ նկատի ունի, բայց տեսչությունն այդ ստուգումներն իրականացրել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի տառին համապատասխան: Հայկ Այվազյանը հանրությանն ու ԶԼՄ-ներին մեր կառույցը ներկայացնում է՝ որպես մի անպետք, ապօրինի դաշտում գործող կառույց, դրանով թյուրիմացության մեջ է գցում թե՛ պաշտոնատար անձանց, քանի որ դա զեկուցվում է ամենաբարձր մակարդակով, թե՛ լրատվամիջոցներին, թե՛ մոլորեցնում հանրությանը»:

Մինչդեռ տիկին Հովյանը փաստում է, որ լեզուն ազգային անվտանգության գործոն է, և պատահական չէ, որ մտավորականները, ընդհուպ մինչև տեսչության նախկին պետերն, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:

Այվազյանի խոսքերով՝ տեսչությունը վարույթներ հարուցելու գործում ընդհանրապես ազատ է եղել, եւ եթե այսօր բողոքում են, որ հեռուստատեսությամբ սերիալները վատ հայերենով են, ուրեմն տեսչությունը թերացել է:

Մարինե Հովյանի հավաստմամբ՝ եթերային լեզվի վերահսկողության հարցերով զբաղվում է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ու տեսչությունը չունի նման իրավասություն:

Փոխարենը տիկին Հովյանի վստահեցմամբ՝ իրենք բազմիցս դիմել են առաջարկություններով, որպեսզի օրենսդրական այդ բացը լրացվի, ինչը տեղի չի ունեցել. «Այս բարեփոխումները՝ մեր դեպքում չարեփոխումները, սկսվել են 2009-ից: Մենք իրենց բացատրել ենք, որ այս օրենսդրական բացերը եկեք փոխենք, առաջարկություններ ենք ներկայացրել, արդեն գործող օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու առաջարկություններ ենք ներկայացրել խմբին, բայց ի սկզբանե նրանց գերագույն նպատակն է եղել տեսչությունը լուծարել»:

Տիկին Հովյանը պատմեց նաև, որ երբ ինքը նշել է, թե «տեսչական բարեփոխումների խմբի կարգախոսը կարծես լինի` լեզուն խանգարում է բիզնեսին», Հայկ Այվազյանն իրենց հակադարձել է, թե «Լեզվի պետական տեսչությունն է խանգարում բիզնեսին»: Տիկին Հովյանի համոզմամբ՝ «տեսչությունն անհարկի խոչընդոտներ է ստեղծում տնտեսվարողների համար, երբ ասում է, թե քո ցուցանակը, գովազդային վահանակը, թղթաբանությունը մեր երկրի պետական լեզվով պիտի ձևավորես: Ուստի ցանկանում են լուծարել»:

Մեր այն հարցին՝ իսկ դերակատարություն չունի՞ այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ էության, ռուսական արժեքների կրող է, տիկին Հովյանն իր օրինակը բերեց՝ նշելով, որ ինքն էլ ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը. «Սա տեսչական բարեփոխումների մի ընթացք է: Փոխվել են մոտեցումները, համաձայն որոնց՝ տնտեսվարողի գրպանին չպետք է խփվի, այլ պետք է նրան դաստիարակենք, համոզենք, օգնենք, որ ինքը գա այդ գիտակցության»:

Մեր այն հարցին՝ տեսչության լուծարումից հետո քանի՞ աշխատակից է գործազուրկ դառնալու, տիկին Հովյանը պատասխանեց՝ նշելով, որ դա, ըստ էության, երկրորդական հարց է. «Մեր աշխատակազմը բաղկացած է 16 հոգուց, այդ խնդիրն, իհարկե, կա, բայց դա երկրորդական հարց է: Այս խառնաշփոթը ստեղծել է հենց այդ տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը, ինչով մոլորության մեջ է գցել պետական պաշտոնյաներին, լրագրողներին և հանրությանը ու փորձում է բոլորի մոտ այն տպավորությունը ստեղծել, որ Լեզվի պետական տեսչությունը մի անպետք կառույց է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930