Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմամշակութային կոթողները փլուզման եզրին են. «Հայոց Աշխարհ»

Հունիս 01,2017 12:55

Այսօր պետական կառույցների մակարդակով շատ է խոսվում Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության մասին։ Մինչդեռ այս ոլորտում կան շատ լուրջ խնդիրներ, որոնք փաստորեն անուշադրության են մատնված։ Խոսքը մասնավորապես պատմամշակութային բազմաթիվ արժեքավոր հուշարձանների անմխիթար վիճակի մասին է, որոնք աստիճանաբար հողին են հավասարվում։

Ըստ արկածային տուրիզմի մասնագետ, Հայաստանի արկածային ակումբի նախագահ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, կարեւոր պատմամշակութային մի շարք հուշարձաններ այնպիսի վիճակում են, որ դրանց շահագործումը որպես տուրիստական զբոսավայր վտանգավոր է. «Արագածոտնի մարզում գտնվող միջնադարյան Ամբերդ բերդաքաղաքն ու ամրոցը զբոսաշրջիկների համար ամենագրավիչ վայրերից են, այնտեղ մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում, բայց մասնավորապես ամրոցն ամենախնդրահարույցներից մեկն է այն տեսանկյունից, որ պարզապես փլուզվում է:
Այն վթարային վիճակում է: Վերջերս ամրոցի սյուներից մեկը պոկվելով ընկել է ձորը, մինչ այժմ էլ բեկորներն այնտեղ են, իսկ մյուս սյուները կիսախարխուլ վիճակում են, որոշներն արդեն թեքված, վտանգ կա, որ ամեն պահի դրանք նույնպես կարող են փլվել: Ամրոցի տարածքում, առավել եւս ներսում արդեն ռիսկային է դարձել շրջելը եւ ճիշտ կլինի արգելել այդ հատվածում զբոսաշրջիկների մուտքը»:

Գոռ Հովհաննիսյանը մի շարք պատմամշակութային հուշարձաններ է թվարկում, որոնց վիճակը նույնպես անմխիթար է։ Կիսախարխուլ վիճակում է նաեւ 929թ. կառուցված Շատիվանքը, որը գտնվում է Շատին գյուղի մոտակայքում՝ Եղեգիս գետի ձախ ափին: Ժամանակին այն Հայաստանի հոգեւոր կենտրոններից եւ ուխտագնացության հայտնի վայրերից է եղել, ուստի մեզ համար կարեւոր պատմական նշանակություն ունի:
Վանքն անգամ ներառվել է տուրիզմի զարգացման համար նախատեսված պատմական կառույցների ցանկում, դեպի վանք տանող արշավային արահետներ են գծանշվել: Բայց այն գոնե ամրացնելու որեւէ ծրագիր առայժմ չի նախատեսվում։ Մեր զրուցակիցը զարմանում է նման կառույցներն անխնա շահագործելու, ինչպեսեւ որեւէ մտահոգություն չցուցաբերելու՝ իրավասու կառույցների վերաբերմունքից:

Ի դեպ, ըստ Գոռ Հովհաննիսյանի, անգամ տուրիզմի համար աշխույժ կենտրոն համարվող եւ թվում է՝ հովանավորների ու պետական կառույցների ուշադրության կենտրոնում գտնվող Տաթեւի համալիրն է բարձիթողի վիճակում հայտնվել. «Տաթեւի միջնադարյան համալսարանի շենքը, որտեղ օրական ավելի քան 100 զբոսաշրջիկ է այցելում, որքան էլ արտաքինից լավ վիճակում է, դրա սենյակների առաստաղներն արդեն փլվում են, եւ ոչ ոք հոգ չի տանում դրանք վերականգնելու մասին:

Այնտեղ եւս արդեն այնպիսի վիճակ է, որ զբոսաշրջիկներին, այցելուներին հարկավոր է արգելել մուտք գործել համալսարանի շենք, քանի որ ամեն պահի առաստաղը կարող է փլվել»:

Ոչ պակաս վատթար վիճակում է Հավուց թառի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից է եղել: Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից արեւելք` Ազատ գետի ձախ ափին: Արկածային տուրիզմի մասնագետի հավաստմամբ՝ շուտով առանց այն էլ կիսավեր վանքից ոչինչ չի մնա. «Ամեն տարի վանքի ընկած քարերի թիվն ավելանում է, եւ շուտով տապալված քարերի թիվն ավելի շատ կլինի, քան կանգուն մնացածներինը: Սա ցավալի իրողութուն է:

Անցյալի մշակույթի նկատմամբ նման վերաբերմունք որեւէ երկրում հնարավոր չէ պատկերացնել: Մենք ունենք շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն, որին, սակայն, բարբարոսաբար ենք վերաբերվում՝ դեռ ակնկալելով, որ դրանց շնորհիվ տնտեսություն պետք է զարգացնենք: Բարբարոսությունը ոչ միայն հուշարձանները քանդելն ու ոչնչացնելն է, այլեւ դրանց տեր չկանգնելը, դրանց մասին հոգ չտանելը, թույլ տալը, որ ժամանակն ու արտաքին գործոններն իրենց ավերիչ գործն անեն»:
Շատ կոթողների վերականգնողական աշխատանքները բարերարների, սրտացավ ու հոգատար մարդկանց միջոցներով են իրականացվել: Այդ դեպքում անհասկանալի է, թե որտեղ են ծախսվում պետական միջոցները, ինչ ծրագրերի իրագործման համար. «Բնականոն է, եթե վանքերը, եկեղեցիները, ամրոցները, բերդերը հովանավորների միջոցներով են վերանորոգվում: Այդ մոտեցումը մեզանում դարավոր ավանդույթ է, հնում էլ եկեղեցիները սովորաբար կառուցվում կամ վերանորոգվում էին բարերարների, մեծահարուստների նախաձեռնությամբ ու միջոցներով: Հիմա էլ ունենք վանքեր, որոնք Սփյուռքի բարերարների միջոցներով են վերականգնվել:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930