Լրահոս
Օրվա լրահոսը

«7 տարի սպասել եմ շանսոնյեի կարծիքին»

Հունիս 01,2017 12:35

Ասում է Ազնավուրի երգերի թարգմանիչ Պերճ Թյուրաբյանը

Այսօր Ազգային օպերային թատրոնում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, էստրադային եւ օպերային հայ երգիչների մատուցմամբ առաջին անգամ Շառլ Ազնավուրի երգերից 13-ը կհնչեն հայերեն: Երգերի թարգմանությունը ամերիկաբնակ Պերճ Թյուրաբյանինն է: Նա ծնունդով Եգիպտոսից է, ուսանել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, ապա ֆրանսիական քոլեջում:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Թյուրաբյանը հայտնեց, որ ընտանիքի հետ 1965թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երեւանի պետական համալսարանում, հետո մայր բուհում դասավանդել ֆրանսերեն լեզու եւ գրականություն: Ընդ որում, մեր երաժշտասեր հասարակայնության ավագ սերունդը պետք է որ հիշի Պերճ Թյուրաբյանին, որը 1960-ականներից Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի ներկայացուցիչներից էր:
Ի դեպ, «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգում նա հանդես կգա իբրեւ երգիչ նույնպես:

Հետաքրքրությանը, թե ո՞րն էր հայրենիքից հեռանալու պատճառը, պարոն Թյուրաբյանը նշեց, որ 1987թ. ընտանիքով տեղափոխվել են Նյու Յորք, հետո պարզաբանեց. «Պատճառները մեկ-երկուսը չէին, մի տեսակ արտագաղթի բացիլ կար մթնոլորտում, ինչն աղտոտել էր միջավայրը: Իսկ մինչ այդ ուրիշ էր, սիրով եմ հիշում այդ տարիները, կար կրթություն, գիրք կարդալ կար, մտավորականություն կար… Բայց ես, լինելով ֆրանսերենի գիտակ, չէի կարողանում գոնե մեկ անգամ տեսնել Փարիզը… Անկեղծ ասած՝ իրականում արտագաղթելու ցանկություն չունեինք, բայց օրենք կար՝ եթե ընտանիքի անդամներից մեկը հրաժարվում էր, մյուսներին էլ թույլ չէին տալիս մեկնել: Եթե ես հրաժարվեի, օրինակ, կմերժվեր եղբայրս… Իսկ ես ընտանիք էի կազմել անվանի գրող Խաչիկ Դաշտենցի դստեր՝ գրականագետ Անահիտի հետ: Մեր առօրյան գրականությունն էր, թարգմանություններ իրականացնելը, զուգահեռ ստեղծագործում էի երգեր, նաեւ թարգմանում աշխարհահռչակ շանսոնյեների՝ Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի եւ մյուսների ստեղծագործությունները…»: Մեր զրուցակիցը հավելեց, որ ԱՄՆ տեղափոխվելուն պես աշխատանքի է անցել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրադարանում, շարունակել ուսումը եւ ստացել գրադարանագիտության մագիստրոսի կոչում: Ներկայումս Նյու Յորքի հանրային գրադարանի աշխատակից է:


Հարցին, թե շանսոնյեն լսե՞լ է սեփական երգերը հայերեն եւ ի՞նչ կարծիք հայտնել, պարոն Թյուրաբյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում՝ 1997-ին առաջին անգամ անցկացվեց Հայաստանի օրեր Ֆրանսիայում: Ձեռնարկեցի CD-ի թողարկում, որտեղ իմ կատարմամբ, բնականաբար՝ նաեւ իմ թարգմանությամբ, պետք է լինեին ազնավուրյան երգերը: Ֆրանսիայից հայտնվեց մի անձնավորություն (անունը չնշեց), որը ցանկություն հայտնեց հովանավորել CD-ն: Երբ այն արդեն պատրաստ էր, «հովանավորը» սկսեց տարօրինակ պայմաններ թելադրել, այդ թվում՝ ինքը պետք է հանդիսանա խտասալիկի տերը, եւ այլն:

Բնականաբար, հասկանալի պատճառով, չընդունեցի նրա պայմանները: Տարիներ անց միայն, Ազնավուրի 85-ամյակին հրատարակեցի CD-ն (13 երգ ու դրանց հայերեն տեքստերը գրքույկով) եւ ուղարկեցի մեր լեգենդին»: Ինչ վերաբերում է շանսոնյեի կարծիքին, պարզվեց, որ ինքը՝ Թյուրաբյանը, երբեւէ չի հանդիպել Ազնավուրին, հետեւաբար կարծիք լսել չէր կարող: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Փաստորեն, 7 տարի սպասել եմ շանսոնյեի կարծիքին: Եվ դա պետք է իրականանա այսօր, Երեւանում: Այդ տարիներին Ազնավուրի նյույորքյան համերգներին 2-3 անգամ փորձել եմ մոտենալ նրան, բայց թիկնապահների պատն անհաղթահարելի էր: Այնպես որ, այսօր մեր հեռակա ծանոթությունը կվերածվի ստացիոնարի»:

Բացի ազնավուրյան CD-ից, Պերճ Թյուրաբյանը հեղինակ է 5 CD-ի եւս՝ «Ինչ-որ տեղ եւ մի օր» (իր խոսքերով ու երաժշտությամբ), «Չարենցը երգերում», «Հայերեն» (արեւմտահայ եւ արեւելահայ), «Անդունդ» (Վահան Թեքեյանի բանաստեղծություններով), «Թռչնահոգի» (պոլսահայ պոետներ Զարեհ Խրախունու եւ Զահրատի խոսքերով):

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930