Կա՞ն քաղաքական խոչընդոտներ, որ ԵՄ-Հայաստան շրջանակային նոր համաձայնագիրը չստորագրվի: Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողները նման հարց տվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հիշեցնենք, համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին, Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում:
Դեսպանն ասաց, որ համաձայնագիրը երկար եւ հստակ բանակցային գործընթացի արդյունք է եւ իր մեջ ներգրավում է բավականին մեծ թեմատիկա. «Ես կասկած չունեմ, որ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում, կստորագրվի: Ֆրանսիան ԵՄ-Հայաստան բանակցությունների վերսկսման ջատագովներից է: Այդ համաձայնագրի ստորագրումը շատ կարեւոր է տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության համար»:
Հարց հնչեց`ինչո՞ւ համաձայնագրի տեքստը չի հրապարակվում, եթե այն վերջնական համաձայնեցված է: Դեսպանը հորդորեց հարցն ուղղել ԵՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Բայց, իր կարծիքով, այնքան ժամանակ, քանի դեռ ստորագրված չէ, այն հրապարակման ենթակա չէ:
Ինչ վերաբերվում է Հայաստանի համար ԵՄ վիզաների ռեժիմի չեղարկմանը, բանախոսը նկատեց, որ նման հարց կա Հայաստանի եւ ԵՄ-ի նախաստորագրած, նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագրում: «Ժամկետները դժվար է հիմա ասել: Համաձայնագիրը ստորագրենք`հետո կտեսնենք: Բայց որ օրակարգում նման հարց կա՝ փաստ է»: Ամեն դեպքում, Ֆրանսիայի դեսպանը հավաստեց, որ իրենք անում են ամեն ինչ` տեղաշարժը դյուրացնելու համար`տրամադրելով երկարաժամկետ վիզաներ, դիմումներին արձագանքում են 48 ժամվա ընթացքում եւ ԵՄ մյուս երկրների հետ համեմատ, Ֆրանսիան ամենաքիչն է մերժում ՀՀ քաղաքացիներին:
Դեսպանն անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը. «Ցավում ենք եւ իսկապես տխուր է, որ որոշում է կայացվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը փակել: Այն կարեւոր եւ հետաքրքիր առաքելություն էր իրականացնում: Այն ոչ միայն ճիշտ, լավ կառավարման, ժողովրդավարական ոլորտի հաջողված գործունեություն էր, այլ նաեւ տնտեսական, բնապահպանական առաքելություններ էր իրականացնում: Ֆրանսիան եւ մի շարք երկրներ իսկապես ափսոսում են նման որոշման համար»:
Դեսպանը հիշեցրեց`օրերս Հայաստանում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, քննարկումների շրջանակն էր`ԵԱՀԿ-ի եւ Հայաստանում գործունեության հնարավորությունները: Նա հույս ունի, որ հետագա համագործակցության եզրեր կգտնվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ