Այն դժգոհություններն ու բողոքները, որ ի հայտ են եկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրման առնչությամբ, ահա, վերստին վկայում են այն մասին, թե որքան կույր եւ որքան չարամիտ կարող է լինել խանդի ու մաղձի տեղական գիտակցությունը։
Ես այստեղ չեմ փնովելու այն մարդկանց, ովքեր կարծում են, թե Հենրիխ Մխիթարյանը պիտի հրաժարվեր նախագահականում ստացած պարգեւից, ու, առավել եւս՝ չեմ պաշտպանելու հենց Հենոյին, քանի որ վստահ եմ՝ Մխիթարյանն իմ եւ մյուսների պաշտպանության կարիքը բնավ չունի։ Այս պահին համաշխարհային ֆուտբոլում եւ դրա շրջագծից դուրս Հենրիխ Մխիթարյանն այնպիսի անուն ու պատիվ է, որ հենց ինքն է ապավեն կանգնում, հենց ինքն է պաշտպանում այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ամենից շատ ունեն։ Դրանք առաջին հերթին Հայաստանում, թե արտերկրում ապրող՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաներն են, ապա հայրենիքը՝ Հայաստանը, մերերկրացիները, որոնց մասին իր սքանչելի գոլերով, իր մարդկային բարձր հատկանիշներով հիշեցնել է տալիս մեր փայլուն Հենոն։
Դժգոհողներն ու բողոքավորները մինչեւ վերջ չեն գիտակցում, թե ինչպիսի աշխարհում են ապրում, ինչ իրականության մեջ, ինչ ժամանակներում։ Ուզենք թե չուզենք՝ այսօր համաշխարհային ֆուտբոլն այնչափ է զորեղացել, որ նրա միջոցով կարող են լուծվել եւ լուծվում են անգամ անլուծելի թվացող քաղաքական, հասարակական, մարդկային կոնֆլիկտներ։
Այսօր հռչակ վայելող յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով առավելապես ներկայացնում է փոքր ժողովրդի, թերեւս շատ ժամանակ աշխարհին անծանոթ փոքր մի պետության, հանդես է գալիս ոչ միայն իր անունից, այլեւ մի ողջ ժողովրդի, եւ նրա հաջողությունները հենց այդ ժողովրդի, այդ պետության հաջողություններն են:
Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում