«Բոլորովին վերջերս Հայաստանում կայացած այս ընտրություններն ավելի խաղաղ հանդարտ պայմաններում էին: Ամեն դեպքում, անգամ ընդդիմությունը չվիճարկեց Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն`պատասխանելով հարցին, թե Հայաստանում կայացած ցածրորակ ընտրություններից հետո Ֆրանսիան հնարավոր համարո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացում, ստեղծվե՞լ է նման քաղաքական միջավայր:
«Ընդունում եմ ու պետք է ասեմ, որ ձեր իսկ նշած թերությունները չեն անտեսվել`լինի ընտրակաշառք, թե ընտրողների վրա ճնշում: Վերջնական զեկույց չկա, բայց միջանկյալ զեկույցներում դրանք փաստվել են»,- ասաց դեսպանը`հավելելով. «Ես ցավում, ափսոսում եմ, որ ընտրակաշառք է բաժանվել: Քվեների գնման իրողությունը վատ է անդրադառնում եւ կաշառք տվողի, եւ վերցնողի վրա: Ամեն դեպքում, պետք է ապագայի մասին էլ մտածել: Ցավալին այն է, որ ընտրակաշառք վերցնող մարդն այդ պահի դրությամբ չունի քաղաքական հստակ ուղղվածություն եւ ընդամենը վաճառում է իր ձայնը: Մյուս կողմից, ձայն գնող անձն էլ առաջին հերթին հարգանք չի տածում`իր նախատեսվող գործառույթի`ապագա պատգամավորի, նկատմամբ: Մինչդեռ ժողովրդավարության հենքը պատգամավորի եւ ընտրողի հստակ դիրքորոշմամբ է պայմանավորված»:
Դեսպանը մեջբերեց Նիցշեին`«Այն, ինչ գնվում է, այդքան էլ արժեք չունի»:
Ինչ մնում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, դեսպան ասաց` ողջ Ֆրանսիան զորակցում է եւ համակրում է Հայաստանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ