Երեխաների օրվա առթիվ
Այսօր, երբ բազմաթիվ պետություններում՝ ներառյալ Հայաստանում, տոնում ենք Երեխաների օրը, պետք է հատուկ ուշադրություն դարձնենք հասարակությունում երեխաների տեղին եւ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին: «Ոչ թե երեխաներ, այլ՝ մարդիկ», պնդում էր լեհ հրեա, ականավոր մանկավարժ Յանուշ Կորչակն՝ ի նկատի ունենալով, որ երեխաներն արժանի են իրավունքների եւ հարգանքի:
Հայաստան այցելող ոչ մեկի մոտ թերեւս կասկած չի մնում այս երկրում երեխաների առանձնահատուկ կարգավիճակի մասին: Հայ մանուկին փայփայում է ընտանիքը, բայց՝ ոչ միայն. օրեցօր շատանում են երեխաների համար ստեղծվող կազմակերպությունները: Տղաները եւ աղջիկները վաղ հասակից սովորում են ծրագրավորում, ռոբոտիկա եւ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներ, եւ մանուկներին կրթելու փիլիսոփայության հեղափոխությունը տարածվում է ողջ երկրով մեկ՝ չսահմանափակվելով մայրաքաղաքով: Նոր ուղղություններում իրենց հնարավորությունները փորձարկելու եւ տաղանդը զարգացնելու պայմաններ են ստեղծվում ավելի մեծաթիվ երեխաների համար՝ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ՝ Դիլիջանում, Վանաձորում եւ այլուր:
Այս առումով դեռեւս բազմաթիվ անելիքներ կան, հատկապես փոքր քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում: Երեխաների համար լավագույն եւ հավասար հնարավորություններ երաշխավորելը բոլորիս պարտքն է՝ ծնողների, մանկավարժների, պետության եւ միջազգային հանրության: Այս գործում իր ներդրումն ունի նաեւ Լեհաստանը. զարգացմանն աջակցող ծրագրերի շրջանակում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունն ամեն տարի դպրոցների վերանորոգման աշխատանքներ է ֆինանսավորում ծրագրերից եւ տեսադաշտից դուրս մնալու վտանգը կրող համայնքներում: Միջազգային միաբանությունը՝ սոլիդարությունը, համաշխարհային համապարտ պատասխանատվություն է պահանջում. այն առանձնապես պարտավորեցնող է մի պետության համար, որտեղ «սոլիդարություն» բառը յուրահատուկ նշանակություն ունի:
Երեխաների եւ նրանց իրավունքների խնդիրները հույժ կարեւոր են ոչ միայն հայերի համար: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով սույն թվականի ապրիլին Հայաստան է այցելել Լեհաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարեկ Միխալակը: Այդ հանդիպման շնորհիվ երկու պաշտոնյաներն առիթ ունեցան փոխանակելու տեղի հանգամանքներով, ինչպես նաեւ կառուցակարգային տարբեր համակարգերով պայմանավորված իրենց փորձառությունը: Այսօր երեխայի իրավունքների պաշտպաններ են գործում աշխարհի ավելի քան մեկ տասնյակ պետություններում. Եվրոպայում նրանք համագործակցում են Երեխայի իրավունքների պաշտպանների եվրոպական ցանցի (անգլերեն կրճատ անվանումը՝ «ENOC») շրջանակում: Այցի շրջանակներում Մարեկ Միխալակը շեշտել է այնպիսի անկախ պետական մարմին ստեղծելու կարեւորությունը, որը կկարողանար արդյունավետ պաշտպանել Կոնվենցիան եւ երեխայի իրավունքները տեղական օրենսդրության պայմաններում: Երեխաների իրավունքների պաշտպանների լիազորությունները տարբեր պետություններում տարբերվում են, սակայն նրանք միշտ հարգում են ծնողների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ երեխայի լավագույն շահերը: Այդ նպատակը պետք է ուղղորդի բոլորիս՝ անկախ ազգությունից:
Միջազգային հանրության շրջանակներում փոխհամաձայնություն կա այն հարցում, որ անհրաժեշտ է ճանաչել մեր մոլորակի ամենափոքր բնակիչների իրավունքները: Լեհաստանի նախաձեռնությամբ ստեղծված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ստորագրվել է աշխարհի գրեթե բոլոր պետությունների կողմից: Անկասկած, դա վկայում է նշյալ փաստաթղթի կարեւորության մասին: Հայաստանը 1992 թվականին անկախություն ձեռք բերելուց կարճ ժամանակ անց որոշեց միանալ Կոնվենցիային (որոշումն ուժի մեջ մտավ 1993 թվականին): Այդ քայլով Հայաստանը հստակորեն շեշտեց, որ նորանկախ պետության կառուցման հիմքերում պետք է դրված լինի հարգանքը նույնիսկ ամենակրտսեր քաղաքացիների իրավունքների նկատմամբ:
Հետագա տարիներին Հայաստանը ստորագրեց նաեւ Կոնվենցիայի երկու լրացուցիչ արձանագրությունները եւ երեխայի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող միջազգային այլ փաստաթղթեր: Ավելին, ներպետական օրենսդրության՝ մասնավորապես Ընտանեկան օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի եւ Քրեական օրենսգրքի մեջ շարունակաբար փոփոխություններ են արվել՝ նպատակ ունենալով ամրապնդել երեխաների պաշտպանությունը շահագործումից, բռնությունից եւ մարդկանց թրաֆիքինգից: Թեպետ լավ օրենքը ոչ բոլոր խնդիրներն է լուծում. ջանքեր գործադրվել են երեխայի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ իրավական դաշտը ձեւավորելու ուղղությամբ:
Պաշտոնական իրավակարգավորումները, սակայն, հաճախ ապարդյուն են, եթե չեն ուղեկցվում հասարակության կրթման եւ իրազեկության բարձրացման աշխատանքներով: Ուստի, շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունները եւ քաղաքացիական հասարակությունն ակտիվ պայքարեն պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման խնդրի դեմ: Հասարակությունում աղջիկների դերի արժեւորումը խիստ կարեւոր է նրանց իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն ընձեռելու տեսանկյունից: Երեխան՝ անկախ սեռից, ինքնուրույն անձ է, ով ունի իր շահերը, կարիքները եւ իրավունքները: Հասարակության համար աղջիկների եւ տղաների հավասար արժեւորման փաստի գիտակցումը դեռեւս անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի բոլոր երեխաները հասակ առնեն` ունենալով պատշաճ ինքնագնահատական:
Ուշադրության արժանի են հատկապես խոցելի խմբեր ներկայացնող երեխաները, ովքեր տարբեր պատճառներով հաճախ դուրս են մնում տեսադաշտից: Լինելով ավելի անպաշտպան եւ առերեսվելով ավելի լուրջ խոչընդոտների` իրենց տաղանդը զարգացնելու եւ իրենց երազանքներն իրականություն դարձնելու հարցում նրանք արժանի են, որպեսզի հետաքրքրություն եւ օգնություն ցուցաբերենք իրենց: Հատկապես խոցելի վիճակում հայտնված երեխաներին օգնելու նպատակ հետապնդող ծրագրերից է լեհահայ Ջուլիետա Կիվորկովայի նախաձեռնությունը՝ «Ջուլիայի սկյուռիկները» հիմնադրամը, որն օգնում է Հայաստանի մանկատների հաշմանդամություն ունեցող երեխաներին: Կազմակերպությունն այնտեղ կառուցել է ատամնաբուժարան, որպեսզի հաստատությունում ապրող բոլոր երեխաները ստանան լիարժեք ատամնաբուժական խնամք: Դա հնարավոր է դարձել նաեւ հայաստանցի կամավորների օգնությամբ, ովքեր շաբաթը մի քանի անգամ բուժում են հաստատության սաներին:
Ընդունված է երեխաներին համարել ազգի ապագան: Դա ոչ լիարժեք գաղափար է: Երեխաներն անձ են այսօր, հիմա, ուստի՝ նրանց մասին պետք է մտածենք ներկա ժամանակով: Այսօր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ նրանց համար ապահովելու ոչ միայն երջանիկ ապագա, այլ նաեւ՝ երջանիկ մանկություն, որում նրանք կկարողանան վայելել անվտանգության զգացումը, ընտանիքի ջերմությունը եւ աշխարհը բացահայտելու բերկրանքը: Արժե միավորել բոլորիս ջանքերը, քանի որ ինչպես Կորչակն է ասել, «երբ ծիծաղում է մանուկը, ծիծաղում է ողջ աշխարհը»:
ԷՎԱ ՊՈԼԱԿ
Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն