Արցախի ՊԲ-ն որոշել է շփման գծից ամենօրյա տեղեկատվության փոխարեն տարածել շաբաթական ամփոփագիր։ Որոշման մի քանի բացատրություն կարելի է բերել։ Գլխավորը, թվում է, մեկն է՝ հայկական կողմը, կարծես, միակողմանիորեն դուրս է գալիս քարոզչական պատերազմի ռեժիմից։ Դրանով հակառակորդը զրկվում է սեփական միլիտարիզմը հայկական կողմին պարտադրելու հնարավորությունից, բայց, միաժամանակ՝ իր ժողովրդին պատերազմից հինգ րոպե պակաս իրավիճակում պահելու առիթից, ինչը պաշտոնական Բաքվին օդուջրի պես է անհրաժեշտ, որպեսզի դրանով ծածկի տնտեսական աղետալի վիճակը եւ ահագնացող ներքին դժգոհությունն ուղղորդի ցանկալի հուն՝ հակահայկականություն եւ «հաղթական պատերազմի» քարոզչություն։
Արցախի ՊԲ որոշումից անցել է 2 օր։ Եվ, ահա, հակառակորդի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածում, որ «ռազմաճակատի հարավ-արեւելյան՝ Խոջավենդ (Մարտունի՝ Վ. Ա.)– Ֆիզուլի ուղղությամբ ոչնչացվել է թշնամու ԴՕՏ, որտեղից կրակ էր արձակվում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի մարդկային կորուստներ»։
Հակառակորդը գիտի, որ Արցախի ՊԲ-ն շփման գծում իրավիճակի ամփոփ պատկերը ներկայացնելու է շաբաթավերջին։ Բաքվում տեղյակ են, որ ադրբեջանական կայքերը եւ մյուս մեդիա-ռեսուրսները համացանցում հասանելի են նաեւ հայկական կողմին։
Կատարվել է պարզագույն հաշվարկ՝ Արցախում եւ Հայաստանում կարդում են իրենց տարածած «հավաստի լուրը եւ մատնվում խուճապի»։ Ադրբեջանը, այսպիսով, անցնում է հոգեբանական պատերազմի։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում