«Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ Մինսկի խմբի հայտարարությունը: Ինչ վերաբերվում է գործողությանը, հարցադրման հետ այդքան էլ համաձայն չեմ: Մինսկի խումբը միշտ ակտիվ գործուն վիճակում է եղել բանակցային գործընթացում: Համանախագահները իրար հետ եւ երկու երկրների ԱԳ նախագահների հետ ակտիվ կապի մեջ են: Մոտ տասն օրից նախատեսվում է համանախագահների հերթական այցը տարածաշրջան»,- այսօր Մամուլի ազգային ակումբում մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Լրագրողներից մեկը նկատել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին`հասցեական հայտարարությունից հետո, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Մինսկի խմբի կողմից գործողությունների ժամանակն է:
«Լուծում կայացնողները հակամարտող կողմերը պետք է լինեն, Մինսկի խմբի առաքելությունը այդ լուծմանը նպաստելն է»,- ասաց դեսպանը`հիշեցնելով, որ բոլորովին վերջերս կայացավ Ֆրանսիայի նախագահ Օլանդի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց`պահը հասունանալուն պես կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը:
Aravot.am- ի հարցին`Հայաստանում տեսակետ կա, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում ԼՂՀ հարցի լուծումը կարող է մտնել որոշումների կայացման փուլ, արդյոք դրանո՞վ էր պայմանավորված համանախագահների դիրքորոշումների հասցեականությունը, դեսպանը պատասխանեց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս արագ լուծումը գտնվի եւ այնպիսի լուծում, որը երկու հակամարտող կողմերի համար ընդունելի կլինի, եւ տարբերակ, որը հիմնված կլինի բոլորին քաջ հայտնի երեք հիմնարար սկզբունքների վրա: Զուտ մարդկային եւ քաղաքական տեսանկյունից էլ այլեւս հնարավոր չէ հրադադարի ռեժիմի խախտման եւ փոխադարձ վիրավորանքների հիման վրա շարունակել ապրել: Վերջերս հայկական կողմն ասաց, որ ստատուս-քվոն այլեւս անհնար է պահպանել»:
Ինչ վերաբերվում է համանախագահների հայտարարություններին, պարոն դեսպանը կարծում է, որ վերջին հայտարարությանը նախորդած հայտարարությունները ևս միանգամայն հասցեական են եղել`«եթե հնարավոր է եղել կարդալ դրանց տողատակերը»:
Մեկ այլ հարցի`ինչպե՞ս է հնարավոր փոխհամաձայնություն, եթե Ադրբեջանի նախագահն ամեն օր տարբեր էքսցենտրիկ հայտարարություններով է հանդես գալիս`Երևանը գրավելու, Սեւանում ոտքերը լվանալու եւ այլն, դեսպանն այսպես արձագանքեց. «Այդպիսի կտրուկ հայտարարությունները հավանության չեն արժանանում: Իմ լիազորությունների մեջ չէ այդ հարցին հանգամանալից պատասխանելը, բայց ամեն դեպքում, գալիս է մի պահ, երբ հանդիպելու, պայմանավորվածությունների, երկուստեք փոխզիջումների գնալու տարբերակով զիջումների հանգելու անհրաժեշտություն է առաջանում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ