Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքը պետք է սկսել հիմա

Հունիս 01,2017 10:13

5-րդ գումարման Ազգային ժողովում 6 խմբակցություն կար: Ներկայումս դրանք 4-ն են, զուտ թվաբանական առումով դա հետընթաց է` որքան բազմազան, այնքան լավ: Բացի այդ, որքան շատ են չբավարարված հավակնություններով քաղաքական ուժերը, այնքան վատ: Դժվար է այդ «չբավարարված» վիճակով մտքերն ուղղել կառուցողական հուն. երբ չես հասել քո նպատակներին, ապա նեղվում ես ոչ միայն իշխանություններից, այլեւ խորհրդարան անցած ընդդիմադիրներից, որոնց այս պարագայում պարտադիր անվանելու ես «ծախված» եւ «վերահսկվող»:

Բայց խորհրդարան չանցնելը դեռեւս աշխարհի վերջը չի: Եթե կան գաղափարներ, ապա դրանք կարելի է իրագործել նաեւ խորհրդարանից դուրս գտնվելով: Մանավանդ, որ ներկայումս գաղափարներ քարոզելու համար բազմաթիվ հարթակներ կան: Եթե դրանք ավելի օրիգինալ են, քան «երկիրը կործանվում է» եւ «այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա» բանաձեւերը, ապա դրանք կարող են հետաքրքիր լինել հասարակության կամ, համենայնդեպս, դրա որոշակի շերտերի համար:

Ինչ պետք է անի արտախորհրդարանական ընդդիմությունը: Նախ` դուրս գա շոկային վիճակից կամ, ավելի պարզ լեզվով ասած` «մանթրաժից»: Դա, իհարկե, վաղ թե ուշ տեղի կունենա, պարզապես պետք չէ, «ազգային մենթալիտետի» համաձայն, ամիսներով «դարդ անել»: Հետագա քայլերը կարող են լինել. 1/ ընտրություններում թույլ տրված սեփական սխալների անաչառ վերլուծությունը եւ գնահատականը (ցանկալի է` հրապարակային), 2/ առաջիկա 5 տարիների գաղափարական եւ քարոզչական ուղղությունների ճշգրտումը, 3/ նոր դաշնակիցներ եւ համախոհներ փնտրելը:

Վերջին կետի վրա կցանկանայի մի փոքր կանգ առնել: Դաշինքները մեզ մոտ սովորաբար ստեղծվում են ընտրություններից 2-3 ամիս առաջ եւ զուրկ են ոչ միայն գաղափարական ընդհանրություններից, այլեւ մարտավարության մասին համատեղելի պատկերացումներից ու հենց այդ պատճառով էլ շատ արագ կազմալուծվում են: Ինձ թվում է՝ բանակցությունները քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ պետք է սկսել հենց հիմա՝ շոշափելով այն առանցքը, որի շուրջ հնարավոր է համախմբվել: Միայն առաջին հայացքից է թվում, որ հաջորդ ընտրություններին շատ ժամանակ է մնացել:

Իհարկե, կարող է լինել նաեւ հետեւյալ մոտեցումը՝ միեւնույն է, ոչինչ չի ստացվի, միեւնույն է, ինչ էլ անենք, իշխանությունները կեղծելու են եւ այլն: Այդպես մտածողներին թերեւս չարժե զբաղվել քաղաքականությամբ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քաղաքական կուսակցություններ, պատգավոր, խորհրդարան՝ դրանք միգուցե քաղաքակիրթ երեւույթներ են, բայց մեր հնարածը չի միգուցե, պետականաշինության բնագավառում մի արժեքավոր բան էլ մենք պետք է աշխարհի ազգերին տանք, ասենք, ուզում ես ուժեղանալ, դրա ամենապարզ ու հեշտ ձեւը՝ քեզնից թույլին սովորեցրու քո ձեւով ուժեղանալ, նույնիսկ եթե այդ թույլը քո թշնամին է եւ ուժեղացրու նրան ( 🙂 որքան էլ տարօրինակ հնչի ) ու սովորիր քեզնից ավելի ուժեղից, նույնիսկ եթե այդ ուժեղը քո թշնամին է եւ ուժեղացիր: Նույնն էլ վերաբերում է խելքին, հոգեւորին, նյութականին: Որպեսզի բանակը հզոր լինի անհրաժեշտ է որ այն բազմատեսակ զենք ունենա, աշխարհազորը՝ ժողովուրդը այդ բազմատեսակ զենքը չի կարող ստեղծել ու կիրառել, դա կարող է իրեն թույլ տալ միայն պետությունը՝ ազգը իր կանոնավոր բանակով: Նմանապես, մեզ պետք են մեր հայկական կանոնավոր օրենսդիրների բանակ ու կանոնավոր գործարարների բանակ: Հավատանք մեր էությանը ու կգտնենք մեր խնդիրների ամենաարդյունավետ լուծումները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930