Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ ստանդարտ քայլերի սպասելիս

Հունիս 01,2017 17:00

Կառավարությունը գործարարին չի ներկայացնում
ներդրումների առաջնահերթ ոլորտները

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ շվեյցարաբնակ գործարար Վարդան Սիրմաքեշը մտադիր է ներդրումներ անել Հայաստանում: Բացի «Հին Երեւան» ծրագրից՝ նաեւ Գյումրիում մանվածքային ֆաբրիկայի, լոկոմոտիվային դեպոյի վերակառուցում, ժամացույցի արտադրության (այդ թվում՝ արտադրանքի ցուցասրահի) կառուցում, Երեւանում 8 հեկտար տարածքով բնակելի թաղամասի կառուցում: Եվ եթե Գյումրու ծրագրերում դեռ գործնական բան չկա, դեռ քննարկում են, հերթական քննարկումը լինելու է հուլիսի երկրորդ կեսին, երբ Վարդան Սիրմաքեշը Երեւանում կլինի, ապա Երեւանի ծրագրի համար ութ հեկտարը Վարդան Սիրմաքեշն արդեն գնել է. «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի ետնամասի ամայի տարածքը: Հիմա քաղաքաշինության պետական կոմիտեն պատրաստում է տարածքի կառուցապատման նյութերը՝ շենքերի հարկայնություն, փողոցների ուղղություն եւ այլն:
Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը բազմիցս ասել է նույն բանը՝ տարբեր ձեւակերպումներով. բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չենք խանգարի, բիզնես-միջավայրում որոշակի խթանողի դեր ենք կատարելու, ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշակի նախագծերի, որպեսզի աշխուժություն մտցնենք, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, կոպիտ ասած, անվանել ենք բիզնեսի, գործարարի պաշտպան եւ այլն:

2001-2007թթ. հատվածում կառուցված բիզնես-բնակարանային Հյուսիսային պողոտան բացումից 10 տարի անց դեռ ամբողջությամբ չի «սպառվել». ազատ բիզնես-տարածքներ էլ կան, բնակարաններ էլ: ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 5-ի 774 Ն որոշմամբ հաստատված Հյուսիսային պողոտա նախագծով կառուցապատված տարածքը 9,8 հեկտար է, ծախսվել է 134 միլիոն ԱՄՆ դոլար: Ուրեմն Վարդան Սիրմաքեշը 8 հեկտարի վրա գրեթե նույն ծրագրով կառուցապատման վրա կծախսի մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ մոտ 500 միլիոն դրամ:

Եթե ՀՀ կառավարությունը պետք է բիզնես-միջավայրում որոշակի խթանողի դեր կատարի, ինչո՞ւ Վարդան Սիրմաքեշին ոչ ոք չի ասում, որ այսօր Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելը 100 000 000 անգամ առաջնահերթ ու պահանջված է բնակելի թաղամասի կառուցումից: Առավել եւս, որ գործարարը հետաքրքրված է նոր արտադրություն հիմնելու հնարավորությամբ: Պետական կառույցները շտապում են ամբողջացնել Երեւանում բնակելի թաղամասի կառուցման նյութերը՝ շենքերի հարկայնություն, փողոցների ուղղություն եւ այլն:

Բացի բիզնեսին աջակցելու մասին հայտարարությունից, Կարեն Կարապետյանն ասել է նաեւ, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, եւ կառավարությունն աշխատելու է «Արտակարգ իրավիճակ» աշխատանքային ռեժիմով: Իսկ նման ռեժիմում ոչ ստանդարտ լուծումներ են պետք: Ապրիլյան պատերազմում մեր հերոս զինվոր Նարեկ Մալխասյանը հակատանկային ականանետով խոցել է թշնամու ուղղաթիռը: Սա չափազանց ծանր արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելով ոչ ստանդարտ լուծում է:

Շվեյցարաբնակ գործարարին կարելի է ասել, որ բնակելի շենքեր կառուցելու փոխարեն փոքր ու միջին ձեռներեցությանն աջակցող ծրագիր իրականացնի. դառնա սովորական վարկատու՝ կառավարության սահմանած այն պայմաններով, որոնցով կառավարությունը վարկավորում է համայնքներից եկող ներդրումային ծրագրերը: 500 միլիոն դրամով կարելի է վարկ տալ մի 40-50 փոքր ու միջին գործարարի: ՓՄՁ-ին աջակցելու մասին էլ է Կարեն Կարապետյանը խոսում: Եթե վարկը տա շվեյցարաբնակ գործարարը, պետությունը փող չի ծախսի ու դեռ եկամուտ կստանա նոր ստեղծվող կամ ընդլայնվող ՓՄՁ-ներից, վարկատու կազմակերպությունից, նոր աշխատատեղեր կստեղծվեն: Եկամուտ կստանա նաեւ շվեյցարաբնակ գործարարը: Հասկանալի է, որ մեծ շինարարական ծրագրի «ախորժակ» ունեցողին վարկատու դառնալու առաջարկը ոչ ստանդարտ մոտեցում է եւ կարող է թվալ զարմանալի, գուցե ծիծաղելի եւ անհեթեթ: Բայց չափազանց ծանր վիճակում ենք, չէ՞, ու պիտի արտակարգ ռեժիմով աշխատենք, չէ՞: Զինվոր Նարեկ Մալխասյանը արտակարգ դրության մեջ ոչ ստանդարտ քայլ արեց եւ հաղթեց: Թող կառավարությունն էլ գոնե փորձի մեկ անգամ ոչ ստանդարտ քայլ անել: Գուցե հաղթի՝ ո՞վ գիտի:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930