Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես չեմ պատկերացնում, որ այդքան արյուն թափենք, մի ամրոց սարքենք ու թուրքերին ասենք՝ ձե՞զ ենք հանձնում»

Հունիս 01,2017 16:00

Կոմանդոսը՝ ապրիլյան պատերազմի սխալների, Ադրբեջանի
թույլ կողմերի ու մեր արտադրած բացառիկ զենքի մասին

«Ադրբեջանցիներն իրենց ծրագրով աշխատում են, այդ լարվածությունն իրենց է պետք: Մենք պետք է ժողովրդին ճշմարտությունը կարողանանք հասցնել չի կարող սկսվել պատերազմ, դրա համար էլ Ադրբեջանն ինքը հասկանում է, որ եթե պատերազմ սկսվի՝ այդ պետությունն ցՋպ գոյություն չի ունենա»,- մեզ հետ զրույցում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, այսպես արձագանքեց, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ պատերազմ վերսկսելու հավանականություն կա՞, ապրիլյան պատերազմը կարո՞ղ է կրկնվել:

Կոմանդոսի խոսքով՝ «Ադրբեջանը նավթի տակառի վրա է նստած, մենք իր թույլ կողմերը գիտենք: Այդ թույլ կողմերը իրենց առաջ չէին ասում, ամաչում էին, թե ինչ՝ չգիտեմ, բայց հիմա պարզ մեր բանակի ղեկավարությունը դա իրենց ասում է: Երեւի մի ժամանակ մտածում էին՝ ինչի մերոնք չեն հարձակվում, ինչի չեն խփում: Իրենք մեզ վրա կրակում էին, մենք պաշտպանվում էինք: Մենք միշտ սպասում էինք, որ մեզ հարվածեին, հետո նոր մենք պաշտպանվեինք: Լավ է, մոտ 15 օր առաջ մերոնք հարձակվեցին ու շատ հաջող հարձակվեցին: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ամեն տարի, ամեն ամիս ավելի լարվածություն կստեղծի, նոր զենք, զինամթերք կօգտագործի: Մենք էլ պետք է իրենց այդ ծրագիրն իմանանք եւ ավելի համարձակ հարվածենք: Մենք մի քիչ ձգձգում ենք: Այն զինվորները, որոնց մենք սովորեցնում ենք, գնում են առաջնագիծ, ու երբ ես գնում եմ սահման, զգում եմ, որ իմ թոռնիկները ինձնից անցել են՝ իրենց հերոսությամբ: Բա ոնց, դա մեր զենքն է, որ թուրքերը ոչ մի անգամ չեն արտադրի: Մենք մի ազգ ենք, բայց թուրքերը 12 ազգ են՝ կրոնական եւ այլն, իրենց մոտ ազգային խնդիրները շատ են: Մեր թոռնիկները իրենց պապիկներից սովորել են՝ ոնց կռվել ու պաշտպանվել: Հիմա հայերն առաջին գծում զգում են, որ իրենք տիրապետում են իրավիճակին: Այդքան զենք-զինամթերք ունեն ադրբեջանցիները, ցավոք, մենք ունենք այն, ինչ ունենք, բայց այն, ինչ ունենք՝ մեզ բավական է»:

Հարցին՝ մեկ տարի անցավ ապրիլյան պատերազմից, մենք ի՞նչ դաս քաղեցինք դրանից, Կոմանդոսը պատասխանեց. «Դասն այն է, որ մենք հասկացանք, որ մեր այսօրվա հերոսը, տարվա մարդը մեր ազատամարտիկներն են, ջահելությունն է, 18 տարեկան զինվորներն են, 20 տարեկան սպաներն են: Այն, որ հակառակորդները հատուկ ջոկատներ են պատրաստել, զինվել, իրենց օգնել են Ադրբեջանում ուղղաթիռներով, սոլնցեպյոկով ու հարձակվել՝ ո՞վ պաշտպանեց մեզ՝ իրենք՝ մեր զինվորները: Հետ չգնացին: Այդտեղ մենք երբ թերությունների մասին ենք խոսում, պետք է հասկանանք՝ թերություն չի ունենում նա, ով ոչ մի բան չի անում: Թերություններ կան, բայց մենք այդ թերությունների մասին բանակի համար պետք է չխոսենք ու չբացվենք: Այդ թերությունների վրա պետք է աշխատենք: Հիմա հենց այդ թերությունների վրա ենք աշխատում: Ինչ պետք է առաջին գծի համար՝ հիմա արվում է: Մյուս կողմերն էլ են ուժեղացնում, այսինքն՝ դա մեզ համար մի փոքր դաս եղավ, մենք մեր սխալներն իմացանք եւ հիմա ուղղում ենք»:

Հարցին՝ կա տեսակետ, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից ուղղորդված էր, Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա մասին, որովհետեւ փորձագետներն ասում են, որ ՌԴ-ն հնարավոր չէ, որ տեղեկացված չլիներ հակառակորդի այդ շարժի մասին, այդքան զինտեխնիկա են տեղափոխել՝ ի վերջո, Կոմանդոսը պատասխանեց. «Դա ՌԴ-ի կողմից քայլ չէր, այլ Թուրքիայի կողմից ՌԴ-ի դեմ արված քայլ էր: Իրենք լարվածություն ունեին, ու իրենք ստիպեցին, որ Ադրբեջանը դա անի: Ռուսաստանն այսօր, իհարկե, անհասկանալի քայլեր է անում եւ զինում է մեր հակառակորդին, որը ապագա չունի ՌԴ-ի հետ, իր ախպերն է Թուրքիան, իր փոքր ախպերն է, իրենք ՆԱՏՕ-ում են, ու իմ կարծիքով՝ զինելով Ադրբեջանին՝ ՌԴ-ն ՆԱՏՕ-ն է ուժեղացնում, դա ՌԴ-ի դեմ է: Մեր դեմ չէ: Եթե Ադրբեջանը մի 100 հատ ռակետով էլ մեզ վրա հարձակվի, մենք կունենանք մարդկային կորուստներ, մենք չունենք այդպիսի կետեր, որ մի հրթիռ խփի, ու մենք վերանանք: Բայց այնտեղ մի 10-12 տեղ կա, Բաքվի կողմերը մենակ 3 հատ տոչկա կա, մի գործարան կա, որ հենց Բաքվի չափ է: Նավթային խողովակները, պաշարները: Մենք նման բաներ չունենք, ատոմակայան ունենք, բայց եթե այդտեղ խփեն, ամբողջ քամին փչելու է Թուրքիայի կողմ, այդ ռիսկին չեն գնա»:

Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ վատն այն է, որ մեզ մոտ ազգաբնակչության հետ քարոզչություն չի տարվում, հակառակորդները միլիոններ են ծախսում ու լրիվ այլ բան են ներմուծում, ասում են՝ եթե մենք հարձակվենք, Հայաստանը 20 րոպեում ոտի տակ կտանք, իսկ մեր երիտասարդները անհանգստանում են, որ վա՜յ, պատերազմ չլինի:
Մեր դիտարկմանը, որ երբ Կոմանդոսի պես հերոսի ենք լսում, իհարկե, ոգեւորվում ենք, բայց մյուս կողմից էլ լսում ենք, թե ինչպես են Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների սեղանին դրվում կազանյան, լավրովյան փաստաթղթեր, որոնք ենթադրում են տարածքների վերադարձ, ու ոգեւորությունն անհետանում է, Կոմանդոսը միանգամից արձագանքեց. «Իհարկե, իրենք իրենց բաներն ունեն՝ յանի մենք կանք, մենք ղեկավարում ենք, մենք անում ենք: Այսօր դա պետական գործ է, բայց ինչ ասեմ՝ մենք 18 թվին պետություն չունեցանք՝ հաղթեցինք, 20 թվին ունեցանք պետություն՝ պարտվեցինք»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ելույթում խոսեց Կազանյան փաստաթղթի մասին, ու տպավորություն էր, որ մենք կողմ ենք եղել դրան, Ադրբեջանը կողմ չի, չի համաձայնում անգամ դրան, սա ի՞նչ է նշանակում, մենք արդեն նման պարտվողական կեցվա՞ծք ենք որդեգրել, Կոմանդոսը պատասխանեց. «Ադրբեջանը համաձայն չէ, որովհետեւ Հայաստանն էլ է ուզում, դու էլ բան ես ասում: Իրենք ուզում են Զանգեզուրն էլ, ամեն ինչն էլ, ուզում են Սեւանում լողանան, իրենց ծրագիրն անեն: Բայց դա քաղաքականություն է, ես քաղաքականության մեջ չեմ մտնում, իրենք մի օր սենց կասեն, մի օր՝ այլ ձեւ կասեն: Երբ մի փաստաթուղթ լինի՝ ես նոր կարող եմ հավատալ: Բայց դրանք խոսակցություններ են, այդ խոսակցությունների մեջ կան, իհարկե, ճշմարտության հատիկներ: Բայց ես չեմ պատկերացնում, որ այդքան արյուն թափենք, մի ամրոց սարքենք, ոնց որ Շուշին ի՞նչ է՝ ամրոց ենք սարքել ու հիմա մենք ամրոցի մեջ ենք, վերցնենք, քանդենք այդ ամրոցը, թուրքերին ասենք՝ ձե՞զ ենք հանձնում: Ես չեմ պատկերացնում, ես չեմ հասկանում: Ո՞նց կարելի է: Տեսեք՝ Իսրայելը ոնց է անում. ամեն տարի առաջ է գնում»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930