Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակառակորդի գնդակից գանգուղեղային վիրավորում ստացած Թաթուլի ծնողներն անօգնական են. ասում են՝ «ազգ-բանակ»-ից իրենց ոչինչ չի՞ հասնում

Հունիս 01,2017 15:30

20-ամյա Թաթուլ Հովհաննիսյանի կյանքը բանակում ակնթարթում փոխվեց: Բոլոր տղաների կյանքը բանակում փոխվում է, բայց Թաթուլը հրազենային ծանր վիրավորումից հետո, ըստ բժիշկների, էլ առաջվա Թաթուլը չի լինի:

Ապրիլի 17-ին Մատաղիսի դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից Թաթուլը ծանր վիրավորում է ստացել. բժիշկներն ասում են՝ գնդակը ճակատի ոսկրերը ջնջխելով դուրս է եկել: Առաջին ու կարեւոր բուժօգնությունը սկզբում՝ Մարտակերտում, հետո Ստեփանակերտում է ստացել, ապա ուղղաթիռով տեղափոխել են Երեւան՝ զինվորական հոսպիտալում բժիշկներին հաջողվել է Թաթուլի կյանքը փրկել: Իսկ կյանքի որակն ինչպիսին կլինի՞, բժիշկներն ասում են՝ վաղ է ասել, բայց հաշմանդամություն կունենա:
Թաթուլը մեկ ամիս Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի, ժողովրդի լեզվով ասած՝ Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում էր. հիմա տեղափոխվել է հիվանդասենյակ:

Թաթուլի ծնողները՝ Նարինեն ու Արամայիսը, ասում են. «Մեկ ամսից ավելի է՝ հոսպիտալում է, ոչ մի զինվորական պաշտոնյա երեխայով չի հետաքրքրվել, չի եկել տեսակցության: Մի հատ հետաքրքրվեին՝ ինչի՞ կարիք ունենք: Երեւի իրենց համար սովորական բան է, իսկ մեզ համար սովորական չէ»:

Ծնողները, երբ որդին վերակենդանացման բաժանմունքում էր, ամեն օր Տավուշի մարզի Հաղարծին գյուղից գալիս էին Երեւան, ուշ երեկոյան՝ վերադառնում. ասում են՝ Երեւանում գիշերելու տեղ չունեին. «Մի ամիս օրական 7-8 հազար դրամ ծախս էինք անում: Մենք էլ օրվա հացով ապրող գյուղացի մարդիկ ենք, էդ 7-8 հազար դրամը մեզ համար մեծ գումար է»:

Որպեսզի մեկ ամիս որդուն տեսակցության գային ու օրական 7-8 հազար դրամ ունենային, Թաթուլի ծնողները, ինչպես իրենք են ասում, մայր խոզն են մորթել, միսը վաճառել: Նաեւ համագյուղացիներն են օգնել: «Էդ փողն էլ վերջացավ, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հիմա լավ է, որ Թաթուլի սենյակում ենք մնում, թե չէ չգիտենք՝ ինչ պիտի անեինք: Հիմա 2 փոքր խոզ ունենք, որ էդ էլ մորթենք, էլ ապրուստի ուրիշ միջոց չենք ունենա: Գյուղի դպրոցում փող են հավաքել մեզ օգնելու համար, մեր գյուղացիք են շատ օգնել: Ասում էին՝ Թաթուլը մեզ համար էլ է սահման պահել, պետք է օգնենք: Մեզ որ չօգնեին, վարկ պիտի վերցնեին: Հա, մեկ էլ Դիլիջանի «վայենկոմին ենք» դիմել՝ 20 հազար դրամ է տվել, քաղաքապետարանն էլ՝ 50 հազար դրամ»,- ասում է տիկին Նարինեն:

Թաթուլի ծնողները ամաչելով, անհարմար զգալով հարցեր էին ուղղում պաշտպանության նախարարությանը, ասում էին՝ փառք Աստծու, որ երեխայի կյանքը փրկվել է, մի քիչ տեղին չէ ֆինանսական հարցեր տալը, բայց ճարահատյալ հետաքրքրվում են՝ պաշտպանության նախարարության ազգ-բանակ ծրագրով իրենց նման ընտանիքներին արդյոք որեւէ ֆինանսական աջակցություն չի՞ նախատեսվում, Թաթուլին դեռ երկար բուժում է սպասվում, իրենք այնքան միջոցներ չունեն նույնիսկ գյուղից մայրաքաղաք գնալ-գալու համար, էլ ուր մնաց՝ գիշերակացի ու այլ ծախսերի համար:

«Մենք երբեք որեւէ օգնություն չենք խնդրել, մեր եղածով յոլա ենք գնացել, հիմա անօգնական վիճակում ենք: Թաթուլին հենց առաջին «պավեստկան» եկավ, վռազ գնաց ներկայացավ «վայենկոմատ»: Չի խուսափել ծառայելուց, 2 ամսվա ծառայող էր, առաջին գիծ էին տարել, թշնամու դիրքերից 50 մետր հեռավորության վրա դիրքերում է եղել ու ոչ մի անգամ չի դժգոհել: 8 ամսվա ծառայող էր՝ Մատաղիսի «պոստեր» տարան, ու էս դժբախտությունը պատահեց: Հեսա շուտով մյուս տղայիս են բանակ տանելու, ես էլ ի՞նչ սրտով ուղարկեմ բանակ: Ասում են՝ Թաթուլը հաշմանդամ է մնալու, կարող է ֆիզիկական շարժումները մի քիչ կարգավորվեն, բայց մտավոր խնդիրներ կունենա: 20 տարեկան տղու կյանքը տեսեք՝ ինչ դարձավ բանակում: Վերջը մի օր էս պատերազմը կավարտվի՞, վերջը ինչքա՞ն ջահել տղաների կյանք է կործանվելու»,- ասում է տիկին Նարինեն:

Հիմա Թաթուլը գրեթե ոչինչ չի հիշում, ծնողներին էլ մեկ ճանաչում է, մեկ՝ ոչ, ընկերներն էին տեսակցության եկել՝ ճանաչեց նրանց, բայց հաջորդ վայրկյանին էլ չհիշեց, թե բանակում ինչ է եղել: Թաթուլը խոսքը հազիվ էր արտաբերում. հարցին՝ ո՞ւմ հետ էիր մոտ բանակում, մի կերպ, հազիվ լսելի արտաբերեց՝ Հայկոյի: Մայրն ասում է. «Փոքր երեխու պես բան չի հասկանում Թաթուլս, «պամպերսով է»: Բժիշկն ասել է՝ դե ինքն էլ մեզ հետ պետք է պայքարի, սիրի կյանքը ու ոտքի կանգնի: Ասում են՝ քիչ, բայց առաջընթաց կա: Գոնե հետո ճակատի պլաստիկ վիրահատությունն անեն, ջահել տղա է, էս տեսքով հո չի ապրելու»:

Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է՝ երբ Թաթուլին տեղափոխել էին իրենց մոտ, իրենք անգամ կանխագուշակել չէին կարող՝ կապրի՞ Թաթուլը: Իսկ ծանր վիրահատությունից հետո, երբ Թաթուլը արձագանքում էր բժիշկների խոսքերին, աչքերն էր թարթում, ժպտում, ինչպես բժիշկ Հովհաննիսյանն է պատմում՝ Թաթուլի հետ աշխատած բոլոր բժիշկներին զանգում՝ աչքալուսանք էին տալիս, ուրախանում, հաղթանակ տոնելու առիթ էր:

«Նման հիվանդները բարձր հաշմանդամություն են ունենում, նույնիսկ առաջին օրերին հաճախ մահանում են: Նրա մոտ բարձր ռիսկային շրջանն անցել է: Մեր ու Թաթուլի բախտը բերել է այնքանով, որ ձեռքի, ոտքի արտահայտված թուլություն չունի: Վերականգնողական բուժումը ճիշտ կազմակերպելուց առաջընթաց կլինի: Վարքագծի որոշակի շեղումներ կունենա, ինտելեկտի թուլացում կլինի: Պետք է նշեմ, որ նման հիվանդներ ունեցել ենք, նույնն ենք մտածել, բայց այդ հիվանդների մեծ տոկոսը վերականգնվել է: Կային հիվանդներ՝ խոսքի կենտրոնը վնասված էր, մտածում էինք՝ խոսել չեն կարող, բայց հիմա նրանք բավականին առաջընթաց ունեն: Ունեինք վիրավորներ՝ մի կողմը թուլացած էր, հիմա տեսնում ենք՝ շարժվում են, համալսարան են հաճախում, ուսումը շարունակում են: Անհատական է ամենը, այնպես որ՝ սպասենք, հուսանք, որ Թաթուլի վերականգնողական բուժումից հետո էլ առաջընթացներ կլինեն»,- ասում է բժիշկ Հովհաննիսյանը:

Հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Հայկ Միրզոյանն էլ, որը մասնակցել է Թաթուլի վիրահատությանը, ասում է, որ երբ ընդունել են Թաթուլին, նրա մոտ առկա էին զույգ ճակատային բլթերի ջնջխում, արտահայտված արնազեղումներ, այտուց, ոսկրային բազմաբեկոր կոտրվածքներ՝ ոսկրային դեֆեկտով. հոսպիտալում արդեն 2-րդ վիրահատությունն են արել, ծանր վիրահատություն էր. «Հետագայում Թաթուլը պետք է պլաստիկայի ենթարկվի: Հիմա, նեւրոլոգիական իմաստով, ներգրավվել է սոցիումին, առաջադրանքները կատարում է, խոսքային կոնտակտը որոշակիորեն պահպանված է, կարողանում է շփվել: Նրա վիճակն անհուսալի էր, որովհետեւ գլխի 1/3-ը գրեթե բացակայում էր կամ ջնջխված էր»:

Բժիշկներն ասում են՝ Թաթուլին 2 շաբաթից վերականգնողական բուժման պետք է ուղարկեն, թե որքանով լիարժեք կյանք կվերադառնա՝ դժվարանում են ասել, բայց հաշվի առնելով ծանր վնասվածքը՝ այս պահին կյանքի որակը բարձր են գնահատում:
Ծանր հաշմանդամություն, այնուամենայնիվ, Թաթուլի մոտ կլինի: Մայրն ասում է՝ որդին 13 տարեկանից իրենց օգնում էր, անտառից վաճառքի համար վառելափայտ էր բերում, գյուղում ով շինարարություն էր անում՝ օգնում էր:

«Աշխատասեր, ակտիվ տղա էր: Մի անգամ էլ էշ ուզեց, որ փայտն էշի վրա դնի՝ բերի անտառից, առանք էշը: Դե ոնց կարողանում էր՝ մեզ օգնում էր: Ասում էր՝ վարորդ պիտի դառնամ, բայց հիմա չգիտենք՝ կկարողանա՞ իր ուզածին հասնել, ի՞նչ կյանք կունենա: Շնորհակալ ենք, որ ողջ է: Ամեն օր մահվան մասին ենք լսում: Իր հետ բերած երեխային չէինք կարողանում նայել, վերակենդանացման բաժնում մահացավ: Մեր տղան ողջ է»,- մխիթարվելով՝ ասում է տիկին Նարինեն ու շարունակում. «Ինչ տարբերություն, բոլորն էլ մեր էրեխեքն են, էլ մահվան, պատերազմի, կրակոցի, վիրավորումի մասին լսելն անտանելի է: Մեղք են էս ջահել էրեխեքը, կյանք չմտած՝ կյանքները կործանվում են»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարուշ says:

    Էն հազարական դրամները, որ չնչին աղքատավարձ ստացողներիցս ամսական գանձում են հանուն բանակի, ո՞ւմ փորն է մտնում, որ էս տղայի ծնողներն անօգնական են մնում, հը՞, Վիգեն Սարգսյան…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930