Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես բժիշկը «Ավրորայի» «մարդասիրությամբ» հրաժարվեց զննել հիվանդին

Հունիս 01,2017 15:00

Կարծում եմ՝ հնարավոր չէր առանց հուզմունքի դիտել «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը, չհիանալ թեկնածուների մարդկային որակներով: Երեւի պատահական չէ, որ թեկնածուների մեջ շատ էին բժիշկները: Չէ՞ որ այդ մասնագիտությունն ու մարդասիրությունը կարելի է նույնացնել:

Այս տարվա մրցանակակիր Թոմ Քաթինայի խոսքը՝ «Ինձ՝ որպես քրիստոնյա եւ որպես մարդ, պարտավորված եմ զգում օգնել դիմացինիս», առիթ դարձավ գրելու այս հոդվածը, քանի որ ակամա զուգահեռներ էի անցկացնում «Ավրորայի» թեկնածուների եւ մեր բժիշկների գործունեության միջեւ:

Վերջերս պոլիկլինիկայից ուղեգիր էի վերցրել 19-ամյա տղայիս հետազոտության տանելու համար: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ունի խոսքի եւ տեսողության խանգարում: «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի աչքի կլինիկայի առաջին հարկում տեսնելով ուղեգիրս՝ ուղարկեցին զննման սենյակ: Այդտեղ բուժաշխատողը զննելով ուղեգիրս՝ վերադարձրեց՝ ասելով, որ չեն կարող սպասարկել, քանի որ որպես ախտորոշում գրված էր «խոսքի եւ տեսողության խանգարում», իսկ իրենք խոսքի խանգարման հետ կապ չունեն: Երբ ասացի, որ հաջորդ կետում նշված է՝ տեսողության ստուգում, նորից կարդաց ուղեգիրը, վերադարձրեց՝ այս անգամ պատճառաբանելով, թե գրված չէ, որ հենց իրե՛նց հիվանդանոց են ուղարկել: Ասացի, որ հարցրել են, թե որտեղ եմ տանելու, ես էլ ասել եմ՝ կամ «Մալայան», կամ 8-րդ, բայց բուժաշխատողն անդրդվելի էր:

Վիրավորված ուզում էի վերադառնալ, բայց նորից զննեցի ուղեգիրը եւ տեսա, որ այնտեղ այդպիսի կետ չկա: Վերադարձա զննման սենյակ, աշխատողից պահանջեցի ցույց տալ այն կետը, որտեղ պետք է գրված լիներ իր պահանջը: Նա նորից աչքի անցկացրեց ուղեգիրը, այս անգամ էլ ասաց, թե ճիշտ է, այդպիսի կետ չկա, բայց ուղեգրի ներքեւի մասում պետք է գրեին, եւ խորհուրդ տվեց դիմել կենտրոնի ղեկավարին:

Կենտրոնի ղեկավարը, որ տարիքով տղամարդ էր, լսեց ինձ, զննեց ուղեգիրը, հետո ասաց՝ եկեք գնանք տեղակալի մոտ: Միասին դուրս եկանք միջանցք, բայց տեղակալին չհասանք, քանի որ կենտրոնի ղեկավարը «ելքը» գտավ. ասաց, որ պետք է ուղեգիրը տանեմ զինկոմիսարիատ, որպեսզի նրանք մակագրեն, թե՝ դեմ չեն: Զարմացած հայացքիս եւ հարցիս՝ զինկոմիսարիատն ի՞նչ կապ ունի, ասաց՝ ձեր տղան զինակոչային տարիքի է: Պատասխանեցի, որ նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ինչի մասին գրված է ուղեգրում, եւ ազատված է զինծառայությունից: Ասածս որեւէ հետեւանք չունեցավ:
Որոշել էի հաջորդ օրը զանգել առողջապահության նախարարության թեժ գիծ կամ այցելել նախարարություն՝ բողոքելու, սակայն մտադրությունս չիրականացրի՝ հասկանալով, որ դրա համար ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ավելորդ նյարդեր, մանավանդ գիտակցում էի, որ ոչինչ էլ չի փոխվի:

Զանգահարեցի մեկ այլ բժշկական կենտրոն, հետաքրքրվեցի, թե կարո՞ղ եմ ուղեգրով դիմել իրենց: Սիրով պատասխանեցին, որ կարող եմ, նույնիսկ ժամ նշանակեցին: Նշված ժամին բժիշկը շատ բարյացակամ ընդունեց մեզ, զննեց առանց ուղեգրի վրա ուշադրություն դարձնելու, նշանակումներ կատարեց, հետո ուղեգիրը վերադարձրեց եւ ասաց, որ երկու ամիս հետո նորից իրեն դիմենք: Հետաքրքրվեցի, թե որքան պետք է վճարեմ, ասաց՝ ոչինչ: Ես նույնիսկ խնդրեցի, որպեսզի ընդունի իմ առաջարկած գումարը՝ որպես շնորհակալություն, որպեսզի ես հանգիստ լինեմ, ինձ լավ զգամ, բայց բժիշկը մերժեց՝ պատասխանելով. «Իսկ չե՞ք ուզում, որ ես էլ ինձ լավ զգամ»: Այս բուժկենտրոնի եւ բժշկի անունը չեմ գրում, որպեսզի տպավորություն չլինի, թե գովազդում եմ:

Համեմատում եմ բժիշկների վերաբերմունքը հիվանդների հանդեպ ու զարմանում՝ որքան տարբեր են նրանք: Ես ցավում եմ, որ մեզ մոտ կան բժիշկներ, բուժաշխատողներ, որոնք «որպես քրիստոնյա եւ որպես մարդ» զլանում են կատարել իրենց մասնագիտական, նույնիսկ թեթեւ զննման պարտականությունները:

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ես որպես հայ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ուզում եմ, որ իսկապես արժանի լինենք «Ավրորայի» հերոսներին ու մրցանակի հավակնորդ, աֆղանստանցի Ջամիլա Աֆղանիի հայտնած՝ «Ուզում եմ իմ երկիրն էլ դառնա Հայաստան» պարտավորեցնող ցանկությանը:

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930