Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ճանաչեց «առեւանգված» երեխայի հայրությունը

Հունիս 01,2017 14:30

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, այն է՝ մարդու առեւանգման հատկանիշներով: Նշված քրեական գործով նշանակվել էր դատագենետիկական փորձաքննություն, համաձայն որի՝ Կարենը 99,976% հավանականությամբ հանդիսանում է հայրը, իսկ Լենան՝ 99,995% հավանականությամբ՝ մայրը: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ս. Պողոսյանը որոշում էր կայացրել «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին» («Առավոտ», 24,03.2017թ.):

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանը մայիսի 29-ին հրապարակեց Կարեն Հ.-ի գործով վճիռը:
Նա խնդրել էր դատարանից, որպեսզի ոչ միայն ճանաչվի իր հայրությունը անցյալ տարի ծնված տղա երեխայի նկատմամբ, այլ երեխայի բնակության վայրը մեկընդմիշտ որոշվի: Պատասխանող էր ճանաչվել ոչ միայն կենսաբանական մայրը, այլեւ Կենտրոն վարչական տարածքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը:

Այդպես էլ եղավ. դատարանը երեխային թողեց հոր մոտ: Հիշեցնենք, որ կենսաբանական մայրը դատարանից իր հերթին խնդրել էր, որպեսզի երեխան բնակվի իր մոտ, դատարանում առկա հակընդդեմ հայցի համաձայն:

Կենսաբանական մայրը՝ Լենա Հ.-ն, 2015 թվականին ծանոթացել է ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Կարեն Հ.-ի հետ: Երկար տարիներ Կ.Հ.-ի ընտանիքը երեխա չէր ունենում, եւ իմանալով այդ մասին, նա առաջարկել է, որպեսզի լինի փոխնակ: Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Թորոսյանի հայցադիմումի համաձայն. «Պայմանավորվածության համաձայն՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը երեխային պետք է հանձներ Կարեն Հ.-ի խնամքին ու դաստիարակությանը: Քանի որ Կարեն Հ.-ն չէր ցանկացել բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ, Լենան առաջարկել էր, որպեսզի վերջինիս տրամադրվի Կարենի սերմնահեղուկը՝ արհեստական եղանակով հղիության համար: Այդպես էլ արվել էր»: Պայմանավորվածության համաձայն, կենսաբանական հայրը երեխայի ծնվելուց հետո տասնհինգ հազար դոլար էր տալու Լենային, նաեւ հնարավորություն՝ ԱՄՆ մեկնելու:

Դատական գործընթացի ժամանակ հայցվոր կողմը տեղեկացրել էր, որ Կարենը հղիության ժամանակահատվածում, ծննդաբերելուց հետո էլ հոգացել է Լենայի մասին: Որդու ծնվելուց հետո, սակայն, մայրը հրաժարվել է երեխային մայրական կաթով կերակրել. երեխան սնվել է արհեստական կաթով: Երեխան հանձնվել է հոր խնամքին: Պարզվեց, որ Լենան ծննդաբերելուց հետո նստելով տաքսի ավտոմեքենա՝ մոր եւ եղբոր հետ գնացել է իրենց տուն: Սակայն դրանից հետո, առանց Կարենի իմացության, Լենան Քաղաքացիական ակտերի գրանցման մարմնում գրանցվել է որպես միայնակ մայր, ներկայացրել միայնակությունը հիմնավորող կեղծ տեղեկություններ, իսկ փոքրիկի հայրանունն էլ գրանցել մեկ այլ անունով, ըստ Կարենի, հավանաբար, փոքրիկին հետագայում վաճառելու նպատակով:

Ի դեպ, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 17 հոդվածի համաձայն, երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծնունդի ակտի գրանցման մեջ լրացվում են փաստաթղթերի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա: Ընտանեկան օրենսգրքի համաձայն էլ, ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը, հայրությունը որոշվում է դատական կարգով:

Հայցվորը եւ պատասխանողը ամուսիններ չեն եղել, նրանց ամուսնությունը օրենքով սահմանված կարգով գրանցված չի եղել, բնակվել են մշտապես առանձին:
Դատարանը իրավական գնահատականների մեջ անդրադարձել էր խնամակալության եւ հոգաբարձության տարածքային մարմնի եզրակացությանը: Հանձնաժողովի անդամն այցելել էր թե Լենայի եւ թե Կարենի բնակարաններ:

Մարտի 10-ին տրված եզրակացության մեջ արձանագրվել էր, որ Լենան բնակվում է երկու եղբայրների եւ ծնողների հետ, չորս սենյականոց բնակարանում, չի աշխատում, չունի անշարժ գույք: Նա հանձնաժողովին ցույց էր տվել ծնողների բնակարանում նախատեսված երեխայի սենյակը, հայտնել էր, որ Կարենը թույլ չի տալիս տեսակցել, կերակրել իր փոքրիկին: Ի դեպ, հակընդդեմ հայցի ժամանակ նա դատարանին խնդրել էր, որպեսզի հաշվի առնեն այն հանգամանքը, որ «ձվաբջիջն իրեն է պատկանում»: Երկքաղաքացի հայրը բնակվում է Երեւանի երկու սենյականոց բնակարանում, իր կնոջ եւ որդու հետ, հարմարավետ պայմաններում: Հանձնաժողովը հնարավոր էր համարել, որ որդին մնա հոր հետ: Դատարանը հայցվորի պահանջը համարել էր հիմնավոր, երեխայի բնակության վայր էր սահմանել հոր բնակատեղին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Տարօրինակ է, որ նմանատիպ գործերի դեպքում էլ հայ իրավաբանական միտքը հղում է կատարում ՄԻԵԴ-ում առկա ընդդեմ Թուրքիայի դիմումներին: Այս գործով պատասխանող կողմի ներկայացուցիչ Տ. Մուրադյանը հղում էր կատարել յոթ տարի առաջվա «Մուստաֆա Արմաջանն ընդդեմ Թուրքիայի» գործով որոշմանը, ուր ՄԻԵԴ-ն արձանագրել էր. «Ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ»:

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930