Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատրյան» տրիոն «Գայանե-75»-ը նշում է նաեւ արտերկրում

Հունիս 01,2017 14:00

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը՝ մայիսի 20-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը եւ Ազգային օպերային թատրոնը համատեղ հանդես եկան «Գայանե» բալետի 75-ամյակին նվիրված համերգ-զրույցով, ինչից հետո հոբելյանին նվիրված երեկոներ են անցկացվել նաեւ Պերմում, Մոսկվայում եւ Սուրգութում: Այս մասին «Առավոտին» հայտնեց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, «Խաչատրյան» տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը: Տրիոյի կազմում են ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ թավջութակահար՝ Կարեն Քոչարյանը: «1942թ. Պերմում է կայացել «Գայանեի» համաշխարհային պրեմիերան՝ էվակուացիայում գտնվող Լենինգրադի Կիրովի անվան թատրոնի արտիստների մասնակցությամբ»,- հիշեցրեց տնօրենը: Ապա անդրադառնալով տրիոյի համերգին, ասաց. «Նույն օրը, մեր համերգին զուգահեռ, դիմացի դահլիճում Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի նվագախմբի ելույթն էր: Մաեստրոն տեղեկացված լինելով, որ Հայաստանից արտիստներ են ժամանել, իրենց ելույթից հետո այցելեց մեզ, ու ծավալվեց զրույց, որի առանցքում Խաչատրյանի արվեստն էր»: Տեղին է հիշեցնել, որ «Խաչատրյան» տրիոն տարվա ընթացքում հանդես է գալիս շուրջ 80 համերգով, մեծ մասը՝ արտերկրում:

Տրիոյի ելույթը՝ մալթյան փառատոնում:

Պերմից հետո տրիոն հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովյան դահլիճում: Արմինե Գրիգորյանը նշեց, որ «Գայանե-75»-ին ներկա է եղել աշխարհահռչակ կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ Պերմում, Մոսկվայում, Սուրգութում կայացած իրենց համերգներն ուղեկցվել են կոնֆերանսյեի խոսքով, ընդ որում՝ մասնագիտական:
Արմինե Գրիգորյանը ներկայացրեց նաեւ ռուսաստանյան համերգային ուղեւորությունից առաջ տրիոյի համերգային շրջագայությունը Մալթա, որտեղ 5-րդ անգամ անցկացվող, աշխարհում խոշորագույններից մեկը հանդիսացող փառատոնի ու վերջինիս մասնակից դասական երաժշտարվեստի աստղերի մասին ժամանակին մեզ հետ զրույցում տեղեկացրել էր Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Մալթայի փառատոնի բուկլետը:

«Իսկապես հրավիրված էին համաշխարհային աստղեր, ինչը իր հոդվածում փաստել է ճանաչված երաժշտական քննադատ Տավոր Յոսսին: Ընդ որում, մասնագետը մեկ հոդվածով անդրադարձավ նաեւ մեր տրիոյին, ինչին կարող եք ծանոթանալ տրիոյի ֆեյսբուքյան էջում»,- հայտնեց տիկին Գրիգորյանը:

Մալթյան փառատոնի ծրագրում որպես պարտադիր կատարում տեղացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից «Խաչատրյան» տրիոյի մեկնաբանությունից հետո կոմպոզիտորը առաջարկել է համագործակցություն՝ իր ստեղծագործությունների CD-ն թողարկելու նպատակով: Մեր զրուցակիցն ասաց, որ CD-ի ձայնագրությունները տեղի կունենան Մոսկվայում, հուլիսին: Հատուկ շեշտեց, թե իրենք առաջարկել են, որ CD-ն «50-50» լինի՝ Խաչատրյան եւ Շոր:

Զրույցի ընթացքում Արմինե Գրիգորյանը քանիցս խոսեց մի երեւույթի մասին, ինչից անչափ տպավորված էր. փառատոնին նախորդող օրերին Մալթա ժամանող ինքնաթիռներում բաժանվել են փառատոնը ներկայացնող բուկլետներ:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` «Խաչատրյան» տրիոն՝ Կարեն Խաչատրյանի հետ:

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930