Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ծաղրանկարիչ, այլ երգիծանկարիչ

Հունիս 01,2017 13:30

Միհրան Միհրանյանի առաջին ծաղրանկարում հենց հայրն է: 21 տարեկան էր, երբ թողեց ոսկերչությունը եւ սկսեց զբաղվել ծաղրանկարչությամբ: Պատմում է, որ մի օր ժամեր շարունակ տանջվելուց հետո, երբ ոչ մի կերպ չէր ստացվում ստանալ առաջին ծաղրանկարը, պատահաբար սեղանի անկյունում հոր լուսանկարն է գտնում, որն էլ դառնում է իր առաջին եւ ամենասիրելի գործը: «Մարդիկ ծաղրանկարչություն են ասում, բայց ավելի ճիշտ բառը երգիծանկարչությունն է, որովհետեւ մեր նպատակը մաքուր է, ծաղրելու նպատակով չենք նկարում, այլ զվարճացնելու, ես ինձ ծաղրանկարիչ չեմ անվանում»,- հենց այսպես էլ սկսեց իր խոսքը երգիծանկարիչը:

Միհրան Միհրանյանը ծնվել եւ մեծացել է Հալեպ քաղաքում: Տասը տարի շարունակ իր երգիծանկարները տպագրվել են Հալեպի «Գանձասար» թերթում: Մասնակցել է միջազգային www.karikamania.no.apo.pt ինտերնետային մրցույթին, ներկայացրել Հայաստանը եւ հայտնվել լավագույն հնգյակում:

 

«Ժամանակի ընթացքում փոխվում են ածականներս: Երբ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էի սովորում, ավելի քիչ էի նկարում, եւ մարդիկ այդ շրջանում ինձ որպես երգիչ էին ճանաչում, քան նկարիչ»,- ասում է Միհրանը:
Կինը՝ Հերմինեն, պատմում է, որ վերջերս Միհրանը գնացել էր Հալեպի իրենց տուն` միայն ծաղրանկարներով տետրակները բերելու: Միհրանի խոսքերով` ծաղրանկարներն իրեն շատ են օգնել կյանքում. «Անգամ դեպք է եղել, որ մեկին նկարել եմ, մի քանի տարի հետո, երբ վերադարձել եմ Հայաստան, իր շնորհիվ եմ վարձով բնակարան գտել, մյուսի շնորհիվ ճամփորդել եմ եւ աշխատանք գտել եւ ի վերջո ծաղրանկարների շնորհիվ էր, որ ծանոթացա կնոջս հետ»: Հերմինեն, սա լսելով, ծիծաղեց, սեղանին դրված նկարների միջից գտավ իր ծաղրանկարը եւ պատմեց. «Երբ քայլում էի Հանրապետության հրապարակով, Միհրանն ինձ առաջարկեց նկարել, ուրախացա, մտածեցի՝ մի սիրուն նկար կունենամ ու պատից կփակցնեմ: Ամեն կերպ փորձում էի այնպես անել, որ նկարում գեղեցիկ լինեմ: Անցավ 5 րոպե, եւ երբ շրջեց նկարը, քարացա, ասում եմ՝ սա ի՞նչ է, պարզվեց` Միհրանը ծաղրանկարիչ է: Երբ նայեցի նկարիս, այնքա՜ն նման էր նկարել ինձ: Չնայած առաջին արձագանքիս` այդ նկարը շատ սիրեցի: Հենց այդպես էլ ծանոթացանք»:

 

Միհրանը ժպիտով է հիշում Բեյրութում պատահած հետաքրքիր դեպքը. «Մուսուլման տղամարդը ինձ խնդրեց նկարել կնոջը: Նայում եմ՝ ո՞ւր է կինը, չկա, սեւ հագուստի մեջ մեկն է դիմացս նստած ու վրաս էլ չի նայում, հազիվ աչքերն են երեւում: Մտածեցի՝ մինչեւ աթոռս ուղղեմ, գոնե դեմքը կբացի: Աթոռն ուղղելուց էլ ամուսինն ասաց, որ կնոջ դեմքին շատ չնայեմ եւ որքան հնարավոր է՝ հեռու նստեմ: Ես էլ, որպես հարգանքի նշան դեպի հաճախորդը, ավելի հեռացրի աթոռս: Նայում եմ՝ կինը չի բացում դեմքը, ուզում է դիմացը դրված ուտելիքը ուտել: Կինը ինձ չի նայում, ուտում է, ամուսինն էլ է ուտում, մեր մեջտեղով մարդիկ են անցնում–դառնում, կողքից տեսնողները կարծում են, թե խենթ եմ՝ թուղթը բռնած, արվեստագետի դերում նկարում եմ, ամուսինն էլ ուշադիր հսկում է, որ կնոջը շատ չնայեմ: Անընդհատ ներկեցի, սեւացրի, աչքերի տեղ էլ չկար եւ տվեցի, իսկ իրենք գոհ հեռացան»:

 

ՄԵՐԻ ԻՍԱՅԱՆ

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930