Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգապետություն

Հունիս 01,2017 13:00

Մոտ 8 տարի առաջ Սաակաշվիլիի նախարարներից մեկի հետ ծանոթացրին:
Դե ինչի՞ց կխոսեն երկու ղեկավար։ Գործից, կադրերից, աշխատանքի արդյունավետությունից։

Ու էս մարդը թարմ ականջ տեսնելով՝ սկսեց խոսել իր կադրային խնդիրներից առհասարակ եւ քիչ անց՝ օգնական չունենալուց մասնավորապես։

Ասում էր՝

– Բատոնո Արմեն, ես արդեն տարիուկես է՝ փնտրում եմ օգնական ու չեմ գտնում։
Ու շարունակեց մանրամասն նկարագրել իր պատկերացրած օգնականին։ Իմ գլխում կառուցված պատկերը երիտասարդ, բանուկ, շնորհքով, ազնիվ, ազատասեր տղամարդ էր։ Երեւի այսպիսիք են կազմում շնորհապետության հիմքը, երբ մարդիկ ծառայում են պետությանը իրենց անձնական հատկանիշներից, գիտելիքից, շնորհքից ելնելով, այլ ոչ թե պաշտոն գրավում անձնական զանգով, մեկի զավակը լինելով, փող տալով՝ հնազանդվելով։
Այդ օրը երեկոյան ծանոթացա մի աղջկա հետ, ով նոր էր վերադարձել Հոլանդիայից, թե Բելգիայից, տիրապետում էր մի քանի լեզվի, ֆանտաստիկ սրամիտ էր ու տրամաբանող։ Կուզենայի այսպիսի մարդու հետ աշխատել, շփվել։ Նինոն ազնիվ էր, հարգալից, մյուս կողմից՝ իր շահը հարգող։ Նինոյին ասացի, որ իրենց նախարարներից մեկն արդեն մեկուկես տարի է՝ ինչ իրեն է փնտրում։

Նա ասաց, որ երազում է իր պետությանը, իր ժողովրդին ծառայել։ Նրա պատասխաններն ինձ համար մի քիչ ամպագոռգոռ էին թվում։ Ինչ որ շատ էր իդեալիզացվում իրավիճակը։ Բայց մյուս կողմից՝ 1992-ից սկսած ես՝ գործարարս, հենց այսպիսի օժտված չինովնիկների մասին էի մտածում։ Ամենակարեւոր հատկությունը՝ որ ծառայի Պետությանս։ Գործի միայն պետության շահով։ Որ եթե նա հերթ է առաջացնում, ապա այդ սպասող քաղաքացին կամ գործարարը ժամանակ են կորցնում, իսկ այդ ժամանակը կարող էին ի նպաստ իրենց, իրենց գործի օգտագործեին, ի վերջո՝ մեր պետության։ Եթե նա կաշառք էր ակնկալում որեւէ թույլտվության համար, ապա այդ բիզնեսի արդյունավետությունը պակասում էր այդ կաշառքի չափով եւ այդ բիզնեսն իր արտասահմանցի մրցակցին պարտվում էր, շահույթը պակասում էր, շահութահարկը նույնպես։ Եթե նա տարվա վերջում նախաձեռնում էր օրենքի փոփոխություն, ապա պակասեցնում էր ներդրումային գրավչությունը, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն դարձնում է վիճակն ավելի անկանխատեսելի, ավելացնում ռիսկերը։ Հիմա էս Նինոն այ էդ իմ տասնամյակ երազած կադրն էր, դե` դեռ կադրացուն։ Նինոյին ասացի, որ կարող եմ ծանոթացնել Իրակլիի հետ՝ նախարարի անունն էր։ Մի տեսակ լավ չնայեց։ Ասաց՝ իսկ դա օրենքի խախտում չի լինի՞։ Ես էլ մտածեցի՝ դե արի մարդուն լավություն արա, անաղուհաց ժողովուրդ են։ Բայց արդեն սկսել էի՝ շարունակեցի։ Զանգահարեցի Իրակլիին ու ասացի, որ գտել եմ իր ուզած օգնականի թեկնածուին ու եթե գա Շարդեն, ապա կծանոթացնեմ։ Մի քիչ երկար տեւեց նրա պաուզան։ Մրսեցի։ Դարձա անվստահ, հասկացա, որ ինչ-որ բան այնպես չեմ արել։

– Բատոնո Արմեն, խնդրում եմ կանգ առնեք, մենք հենց հիմա Վրաստանի օրենքներն ենք խախտում, ու ինձ հանկարծ չասեք այդ մարդու անունը, հակառակ դեպքում մենք նրան չենք կարող ընդունել աշխատանքի, եթե ձեր ասած մարդն իսկապես ունի իմ նկարագրած հատկանիշները, կարող է դիմել մեր կայքում տեղադրված հայտարարության համաձայն։
Ես ինձ հակասական էի զգում՝ մի կողմից՝ որ դե արի էս մարդկանց օգնի, բայց ուղեղս հասկանում էր, որ նրանք բացարձակ ճիշտ են։ Մի երկու օր անց, երբ զգացմունքները դարձան փաստ, արդեն հիանում էի ե՛ւ նախարարով, ե՛ւ Նինոյով։ Մի տասը օրից իմացա, որ Նինոն աշխատում է որպես նախարարի օգնական։

Սլավոնական համալսարանի Պետական քննական հանձնաժողովի նախագահ էին նշանակել։ Այս բուհում Գովազդի ֆակուլտետի հիմնադիրներից մեկն եմ։ Առաջին յոթ-ութ տարիները դասավանդում էի, ոլորտի պատրաստակամ մարդկանց հրավիրում, ֆակուլտետի, իսկ հետո ինստիտուտի ղեկավարի առաջարկով տարբեր նորարարական մեթոդներ եւ առարկաներ էինք ներմուծում։ Յուրաքանչյուր ուսանողի հաջողությամբ ուրախանում, փորձում ոլորտի ուշադրությունը հրավիրել այս նոր մասնագետների գիտելիքին ու ունակություններին։ Շատ ուսանողներ արդեն երկրորդ կուրսում աշխատում էին ըստ ապագա մասնագիտության։

Մի օր մի շատ պատկառելի ծանոթ է զանգահարում.

– Իմացել եմ, որ դու ես հանձնաժողովի նախագահը։ Քրոջս տղան այդտեղ է սովորում։ Ես, իհարկե, իրեն չեմ ասել, բայց լավ աչքով նայի։

Հայաստանում չէի ու այդ զանգն ինձ արթնացրեց։ Ու առավոտյան ձայնս թույլ չտվեց ինձ վրացի Իրակլի անունով նախարարի պես կանգնեցնել զրուցակցիս ու ասել՝ հարգելիս, խնդրում եմ կանգ առ, մենք հենց հիմա մեր պետության օրենքն ենք խախտում, իսկ ինչ վերաբերում է որեւէ ուսանողի շահի, ապա այդ մասնագիտությունն ունի Մայր Թերեզա՝ դեկանն է, ով ոչ մի ուսանողի շահ թույլ չի տա ոտնահարել։ Իսկ եթե մինչ դիպլոմայինի հանձնումը հայտնաբերել է իրենց աշխատանքներում թույլ տեղ, ապա լիքը աշխատանք է տարել, ուղարկել է համապատասխան մասնագետների մոտ, այդ մասնագետներին զանգել է՝ խնդրել, որ օգնեն, խորհուրդ տան, պատմեն, զարգացնեն, որ այդ ուսանողը կարողանա ինքնուրույն իր դիպլոմայինը շտկել, ուժեղացնել։ Հարգելիս, դու ուր էիր, որ մենք այդ ուսանողների վարպետության մակարդակը միջազգային ասպարեզում չափելի դարձնելու համար ՊՈՊՈՔ գովազդային փառատոն էինք ստեղծել, որ աշխարհի լավագույն մասնագետները գային ու վարպետաց դասեր տային մերոնց, որ մեր ուսանողները այդ մեծերի հետ նույն ֆեյսբուքյան հարթակում լինեին։ Չհասցրեցի։ Ասացի, որ պետք չէր ինձ այդ հարցով զանգահարել։ Ասածիս չուզենալով հավատալ, հարցրեց՝ հիվանդ ե՞ս, հո լուրջ հիվանդություն չի՞։ Ասացի՝ Հայաստանում չեմ։ Հարցրեց՝ այդտե՞ղ ես բուժվում։
Հիմա ի՞նչ եմ անելու։ Դե երեւի այդ ուսանողի պատասխանը չեմ լսի, որ կարծիք չունենամ, որ կաշկանդված չլինեմ։ Բայց, որ լսեի, կարող է դուրըս գար, կարող է ինչ-որ գաղափարներ ծնվեին, համագործակցություն սկսեր։ Դե հարաբերությունների գեղեցկությունը նույնպես զոհեր է պահանջում։

Երեւի այսքանը։ Ինչ կարողացավ անել Իրակլի նախարարը, չկարողացա անել ես։ Վրաց հասարակությունը շատ է փոխվել։ Ո՞վ պիտի Հայաստանում իմ ցնդաբանություններին ականջ դնի։

 

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930