Ծխելը միշտ էլ նկատվել է որպես սեփական անձի գիտակցաբար թունավորում: Բոլոր ժամանակներում էլ այս երեւույթը շատերի կողմից քննադատվել է, արժանացել է դժգոհության։
Չնայած բազում քննադատություններին եւ բժիշկների հորդորներին, մարդիկ շարունակում են ծխել:
Ժամանակակից բժշկությունն ապացուցել է, որ ծխելը առաջացնում է թոքերի եւ ստամոքսի քաղցկեղ, ստամոքսում եւ 12-մատնյա աղիներում խոցեր, սրտի ինֆարկտ, բրոնխիտ, բրոնխիալ ասթմա եւ այլ սոսկալի հիվանդություններ, իսկ կանանց մոտ ստամոքսի եւ արգանդի քաղցկեղ, պտղի թունավորում ու վիժում, մայրության դադարեցում եւ վերջապես՝ ամբողջ օրգանիզմի թունավորում։
Մարդիկ հասկանալով ծխելու վտանգը, փորձում են վերջ տալ, բայց ոչ բոլորին է հաջողվում կամքի ուժով թողնել ծխելը:
Բուսական դեղաբույսերի պատրաստուկները նպատակ ունեն առաջ բերել զզվանք նիկոտինի եւ ընդհանրապես ծխելու նկատմամբ եւ ամենակարեւորը՝ հանել ծխողի օրգանիզմից այն ցանկությունը, որ իբր այն հանգստացնում է նյարդային համակարգը։
Մասնագետների կողմից առաջարկվող բուսական հավաքներից ձեզ ենք ներկայացնում մի քանիսը.
1. Անանուխի 2 մաս տերեւներ, նույնքան խնկածաղիկ եւ 1 մաս սեւ հաղարջենու տերեւներ:
2. 2 մաս խնկածաղիկ սովորական եւ 1 մաս անանուխի տերեւներ:
3. 2 մաս դառը օշինդր, 1 մաս տկլոր մատուտակի արմատ եւ նույնքան հազարատերեւուկ:
Նշված հավաքները առանձին-առանձին համարվում են ինքնուրույն դեղատոմսեր:
Ինչպե՞ս օգտագործել հավաքները: Բույսերն աղալ, խառնել բոլոր բաղադրիչները իրար եւ օրը 1 ճաշի գդալ հումք լցնել 1 բաժակ` 200 մլ եռացրած ջրի մեջ եւ եռացնել 10 րոպե: Այնուհետեւ սառչելու համար թողնել 30 րոպե: Քամել եւ բերանը ողողել թուրմով այն ժամանակ, երբ ծխելու ցանկություն առաջանա: Տվյալ թուրմը իջեցնում է ծխելու ցանկությունն այն աստիճան, որ որոշ ժամանակ անց ծխախոտից հրաժարվեն վերջնականապես:
Այս հավաքները համարվում են ուշադրությունը շեղող եւ ծառայում են մեկ նպատակի` վերջ տալ ծխելուն, որի համար պետք է օրգանիզմը մաքրել ծխախոտի թույներից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
31.05.2017