Այսօր ֆուտբոլի ՀՀ առաջնության «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողներին:
Հարցին, թե ճի՞շտ են, արդյոք, շրջանառվող լուրերը, թե ինքը պատրաստվում է հեռանալ ՀՖՖ նախագահի պաշտոնից եւ, ընդհանրապես, Հայաստանից, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Որտե՞ղ է տպագրվել, որ ես հեռանալու եմ Հայաստանից: Խորացեք եւ կգտնեք: Այդ նույն մամուլը մի օր գրում է, թե ես նարկոբիզնեսով եմ զբաղվում, կանանց, զենքի վաճառքով: Այդ թերթի տերը կամ ղեկավարը ինքն է դասալիք: Ես կյանքում դասալիք չեմ եղել: Եթե խորն ուսումնասիրեք, թե ես վերջին տասը տարում ինչով եմ զբաղվել, կհամոզվեք, որ այսօր Հայաստանի հողի վրա ինձնից ամուր կանգնած շատ քիչ մարդ կա: Ես Հայաստանը երբեք չեմ լքի»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքով: «Ես արդեն տասը տարի է՝ ասել եմ, որ «Փյունիկը» հայկական ֆուտբոլի համար արժեք է, շարժիչ ուժը, որը հավաքականին տալիս է տասնյակ կադրեր: Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ սխալ է, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաեւ ակումբի սեփականատեր է: Ասել եմ նաեւ, որ եթե գտնվի մեկը, որը պատրաստ կլինի հովանավորել «Փյունիկը», ակումբը կշարունակի գործել եւ ես կհավատամ նրան, պատրաստ եմ նույն օրը ակումբը զրո կոպեկով փոխանցել նրան: Վերջին ժամանակներս այդպիսի մարդ հայտնվեց, հավատ ներշնչեց, որ կպահպանի: Վաճառելու մասին խոսք լինել չի կարող: Ակումբի համար ոչ մեկը Հայրապետյան ընտանիքին մի կոպեկ չի տվել: Մենք, պարզապես, ակումբի 100 տոկոս բաժնեմասը զիջել ենք նրան»:
Ռուբեն Հայրապետյանը նաեւ պարզաբանեց, որ ակումբի ամբողջ գույքը մնում է որպես Հայրապետյան ընտանիքի սեփականություն:
https://www.youtube.com/watch?v=PRWUvSZ41TM
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ