Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անբարեկարգ փողոցների պատճառով Վանաձորի մի շարք երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել (Տեսանյութ)

Մայիս 31,2017 17:06

Այսօր Վանաձորում ուղեւորափոխադրում իրականացնող թիվ 5, 8 եւ 12 երթուղիները սպասարկող երթուղային տաքսու վարորդները դադարեցրել էին իրենց աշխատանքն ու գործադուլ էին իրականացնում։ Նրանք հավաքվել էին Հայքի հրապարակում եւ բողոքում էին քաղաքի վատ ճանապարհներից ու փոսերից:

-Էն ժամանակ ասում էին անձրեւ է գալիս, չենք կարողանում ասֆալտ անել: Բայց 2 օր է եղանակը լավ է, բայց մենակ քանդում են: Ամեն օր ռեսոր է ջարդվում, ակը տրաքում: Մի հատ ամենաթեթեւ ռեսորը, որ սարքում ենք 10.000-12.000 դրամ է, իսկ ամենամեծը 40-50.000 դրամ: Ուզում ենք մեր հարգելի քաղաքապետին տեսնենք: Խոստանում էին բացել Վանաձորի նոր էջը: Նոր էջը բացեցինք, ամեն ինչ նույնն է՝ նույն բանաստեղծը, նույնը գրողը, նույն կտկտոցը»,- ասում է գործադուլ հայտարարած վարորդներից Ենոք Արշակյանը:

Վարորդները նշում են, որ խնդրին պետք է շուտափույթ լուծում տրվի, այլապես իրենք այլեւս չեն աշխատի։ Երթուղայինի վարորդներին էին միացել նաեւ տաքսու վարորդները: Վերջիններս ասացին, որ եթե քաղաքի ճանապարհները չբարեկարգեն, ապա իրենք չեն վճարելու սահմանված հարկերը. «Եթե հարցը չլուծվեց հարկերը չենք վճարելու: Անպայման պետք է մի բան անենք, սենց չի լինի: Ամեն օր մեքենայի վրա գործ ենք անում: Քաղաքում տենց փողոց չկա, որ նորմալ վիճակում լինի, ոչ մի փողոց գոյություն չունի,- դժգոհում է տաքսու վարորդ Սուրեն Հովհաննիսյանը:

Հավաքված վարորդներին մոտեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Վանաձորի համայնքի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը:. «11.000 մեզ եք ձայն տվել 15.000 իրենց, էս եք ուզել: Պահանջատեր եղեք: Պետք է պահանջեք, մենք էլ ձեր կողքը կանգնենք, դա մենակ մեզնով չի լինի»:

Գործադուլ անող վարորդներից մի քանիսը փորձել էին խնդիրը բարձրաձայնել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մոտ: Քանի որ համայնքի ղեկավարը տեղում չէր եղել, վերջիններս իրենց բողոքը ներկայացրել են քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնում. «Ասեցին, որ վաղվանից սկսած մի քանի օրվա մեջ ճանապարհները կսարքեն, տեսնենք ոնց կլինի»,-ասաց վարորդներից մեկը:

Թեեւ վարորդները թերահավատորեն մոտեցան քաղաքապետարանի կողմից իրենց տրված պատասխանին, այնուամենայնիվ վերադարձան իրենց աշխատանքին: Ասելով, որ եթե իրենց ասած ժամանակահատվածում ճանապարհները չբերվեն բարեկարգ վիճակի, ապա իրենք ոչ միայն չեն աշխատելու, այլեւ հարկերը չեն մուծելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031