ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը, Էրիկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։
Մայիսի 31-ին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալին և մաղթել արդյունավետ գործունեություն` հույս հայտնելով, որ նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն անմնացորդ կներդրվի գերատեսչության առաջ դրված խնդիրների լուծման գործընթացում:
«ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի փոփոխության առաջարկը եղել է Սիմոն Պապյանի կողմից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Պապյանին` երկարատև աշխատանքի համար և նաև խնդրել, որ նա շարունակի իր գործունեությունը նախարարությունում, քանի որ մենք ունենք շատ սկզբունքային և կարևոր մի համակարգի` պետական մոնիտորինգի համակարգի կայացման խնդիր: Խնդրել եմ, որ պարոն Պապյանը զբաղեցնի նոր ձևավորված կառույցի տնօրենի պաշտոնը` օգտագործելով իր հարուստ փորձը, գիտելիքները և վստահ եմ, որ մենք, որպես մի ամբողջություն, մեկ թիմ, կկարողանանք այս համակարգը կայացնել:
Ուզում եմ ներկայացնել պարոն էրիկ Գրիգորյանին, ում ` ձեզանից շատերը քաջ ծանոթ են: Պարոն Էրիկ Գրիգորյանի` նախարարի առաջին տեղակալ նշանակելու նախաձեռնությունը եղել է մեր կողմից, որը դրական ընթացք է ստացել ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի կողմից, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին: Համարում եմ, որ պարոն Գրիգորյանն իր փորձը, գիտելիքները կարող է ծառայեցնել մեր երկրի այս ոլորտի զարգացմանը և հզորացմանը: Մենք գտնվում ենք այնպիսի մի շրջափուլում, որ մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ են ռեֆորմները թե´ քաղաքականությունում, թե´ կադրային ոլորտում, թե´ համակարգերում և թե´ ենթահամակարգերում: Այն անձինք, ովքեր չեն բավարարի մեր պահանջներին, որոնք առիթ եմ ունեցել ներկայացնել, այն է` հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն, այս համակարգում, գոնե իմ պաշտոնավարման ժամանակահատվածում տեղ չունեն և պետք է իրենց տեղը զիջեն այն մարդկանց, ովքեր բավարարում են այդ սկզբունքներին: Սա լինելու է մեր քաղաքականության առանցքային հիմնական ուղղությունը: Մենք ի վերջո ոլորտը պետք է դարձնենք օրինակելի` ժամանակակից ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարևոր օղակներից մեկը: Երկար տարիների ընթացքում նաև ձևավորվել և արմատավորվել են երևույթներ, որոնք ընդունելի չեն և որոնք մենք պետք է կազմաքանդենք, փոխենք: Մեր պետականության ուժեղացման այս կարևորագույն շրջափուլում մենք պետք է ամբողջությամբ դառնանք հիմնական դերակատարներից մեկը: Իսկ շրջակա միջավայրի պահպանության վերականգնման և բարելավման, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման սահմանադրական նորմը` պրակտիկ քաղաքականության գործողությունների վերածելու հարցում, մեր նախարարությունը պետք է լինի առաջամարտիկը»,- նշել է նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը և բարի վերադարձ մաղթելով Է. Գրիգորյանին` վստահություն հայտնել, որ թիմով, կկարողանան առաջ տանել այն գաղափարները, ծրագրերը և ուղղությունները, որոնք նորանշանակ նախարարի տեղակալի հետ առիթ է ունեցել համատեղ քննարկել մինչ նշանակումը:
Է. Գրիգորյանը նկատել է, որ նախկինում, երկար տարիներ աշխատելով բնապահպանության նախարարությունում, օգտակար փորձ է ձեռք բերել, սակայն ժամանակները փոխվում են և շրջակա միջավայրի կառավարման ոլորտում փոխվում են խնդիրները և մոտեցումները: «Պետք է աշխատենք շատ արդյունավետ և լուծենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Մեր բոլորի գործողությունների նպատակը պետք է լինի զարգացող, ավելի լավ Հայաստան ունենալը»,- ասել է. Գրիգորյանը:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ազատվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:
Սիմոն Պապյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարարի առաջին տեղակալի պաշտոնում համատեղ երկարամյա աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ իր ունեցած հարուստ փորձը ծառայեցնել նախարարության առաջ դրված նպատակների իրագործման համար:
Կենսագրական տվյալներ
Էրիկ Էմիլի Գրիգորյան
Ծնվել է 1979թ., հոկտեմբերի 17-ին, Կապան քաղաքում
Կրթություն`
1995-2000թթ.-Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն
2004-2005թթ.-Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր
2007թ.-Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր
2008-2009թթ.- ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն
Աշխատանքային գործունեություն`
2002-2009թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ
2009թ.-ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ
2009-2011թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ
2011թ.-ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար
2011թ.- «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, վերաբնակեցման մասնագետ
2011-2014թթ.-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, տնտեսագետ
2011-2014թթ.-Գերմանիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հայաստանյան համակարգող
2014թ.-Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և բնության պահպանության միջազգային միության կողմից իրականացվող FLEG-2 ծրագիր, ազգային փորձագետ
2014թ.-ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող էկոհամակարգային ծառայությունների ծրագիր, միջազգային փորձագետ
2014-2015թթ.-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, ազգային խորհրդատու 2014թ.-Հայաստանի ամերիկյան համալսարան, շրջակա միջավայրի տնտեսագիտության գծով փորձագետ
2014-2015թթ.-Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ազգային փորձագետ բնապահպանական տնտեսագիտության գծով
2015-2016թթ.- Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագիր, ազգային փորձագետ
2015թ.-ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, բնապահպանական տնտեսագիտության գծով ազգային փորձագետ
2015թ.-Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակ, էկոհամակարգային ծառայությունների գծով միջազգային փորձագետ
2015թ.-Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման տնտեսական բաղարիչի գծով փորձագետ
2015թ.-Կովկասի բնության հիմնադրամ, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով ազգային փորձագետ
2016-2017թթ.-Կրթական ծրագրերի կենտրոն, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի բնապահպանական փորձագետ
2017թ. փետրվարի 22-ից՝ ՀՀ վարչապետի օգնական
Այլ տվյալներ
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
ՀՀ բնապահպանության նախարարություն