Մանե Սերգոյանը սևանցի է, օրերս է ավարտել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինո-հեռուստառեժիսուրա» բաժինը, ունի բակալավրի աստիճան:
Մանեի ստեղծած «Ընտրություն» սոցիալական ֆիլմը շուրջ երեք ամսվա կենսագրություն ունի ու արդեն հայտավորվել է տարբեր փառատոներին մասնակցելու համար:
Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես…
«Դիպլոմային աշխատանքիս փնտրտուքը երկար տևեց. սկզբում չէի կողմնորոշվում` ինչ թեմա ընտրել: Քիչ ժամանակ էր մնացել: Քայլում էի փողոցով, ու հանկարծ միտքս փայլատակեց. պետք է ֆիլմ նկարել մարդկանց մասին, մարդկային արժանիքների մասին,- իր ֆիլմի ստեղծման նախապատմությունն է ներկայացնում Մանեն, ապա շարունակում:- Տարբեր են արժեհամակարգերը, որոնց կենտրոնում, ըստ իս, ներել, օգնել և սիրել գաղափարներն են: Սիրելն ամեն ինչի հիմքն է, առաջին հերթին սերը դեպի մարդը: Իսկ ընտրությունն էլ այդպիսին լինելու և չլինելու մեջ է»:
Իր իսկ բացահայտումով թևավորված` Մանեն «ինչ»-ի կողքին դնում է «ինչպես»-ը: Ու սկսվում է հերոսների որոնումը:
Երիտասարդ ռեժիսորը խոստովանում է. «Ես նրանց կերպարները վաղուց ունեի, դիպլոմայինս մեկտեղեց»:
Հետո սկսվել են սցենարի, տեսարանների, տեքստի համադրումը, դերասանների ընտրությունը ու նկարահանումը, որը կատարվել է Երևանում:
Ամիսներ անց Մանեն հաճույքով է հիշում իր ֆիլմի ստեղծման պատմությունը: «Հետաքրքիր գործընկերներ, պրոֆեսիոնալ թիմ, որն ինձ համար ամենամեծ ձեռքբերումն էր և լավագույն պրակտիկան»,- ասում է իր «Ընտրություն»-ից դասեր քաղած երիտասարդ ռեժիսորը:
Վեցրոպեանոց խաղարկային ֆիլմն ունի սոցիալական ուղղվածություն և կոնկրետ հաղորդագրություն: Հերոսներն էլ սիմվոլիկ են, ոչ մեկը նախապատմություն չունի:
Սցենարի հիմքում մի աղջկա պատմությունն է, որը երիտասարդ գրողի առաջին գրքի շնորհանդեսին է մասնակցում: Գրքի հեղինակը աստվածային կերպար է, նա անընդհատ ուղղորդում է: Հերոսուհին մտովի վերապրում է իր օրը, իսկ երբ խոսք է գնում երեք արժեքների մասին, նա փորձում է ընտրություն կատարել: Ֆիլմի գաղափարը հստակ է` յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ով է ինքը և ինչ ուղիով գնա, այսինքն` միշտ կա հնարավորություն կյանքը փոխելու, և Աստված մեզ տալիս է այն:
«Ֆիլմիս հերոսուհին մեզանից մեկն է, որին հաճախ հաղթում է անտարբերությունը, այնինչ, միշտ կա հնարավորություն լավ բան անելու,- նկատում է Մանեն և շարունակում:- Սերն է աշխարհում ամեն բանի պատասխանը: Յուրաքանչյուր մարդու կյանքում կա «եթե» և այդ «եթե»-ն է, որ կարող է կյանքում շատ բան փոխել»:
Մանե Սերգոյանն արդեն պաշտպանել է իր դիպլոմային աշխատանքը, սակայն «ներել, սիրել, օգնել» գաղափարախոսությունը «Ընտրությամբ» չի ավարտվում. այն ունենալու է շարունակություն, որովհետև մարդակենտրոն թեման երբեք չի սպառվում, ասելիք միշտ էլ կա:
Մանեն նկատում է. «Եթե նկարեմ նոր աշխատանք, կլինի մոտ ապագայում, կրկին սոցիալական ուղղվածության է լինելու, այս անգամ` մարդու երազանքների մասին և մեկ հերոսով: Ունեմ ևս մեկ գաղափար. իմ նախընտրած թեման կդարձնեմ ընդգրկուն և’ տևողության, և’ ասելիքի առումով»:
Այս մտահղացումները կյանքի կկոչվեն ամիսներ անց, իսկ մինչ այդ Մանեն հասցրել է իր «Ընտրություն» ֆիլմով ներկայանալ «Ավրորա», «WEB Ծիրան», «Արտ ֆեստ», Մեկ կադր ֆիլմերի փառատոներին:
Մանեն դեռևս որոնումների մեջ է, ինքն էլ դեռ ընտրություն պետք է կատարի ծրագրերի առումով:
«Երբ ընդունվում էի թատերական, անընդհատ մտածում էի` ինչ պետք է անեմ, որ կարողանամ պիտանի լինել իմ քաղաքին: Այժմ ուրվագծվում է այն` բացելու եմ մանկական և ընտանեկան ֆոտոստուդիա, վերականգնելու եմ երբեմնի լավագույն ավանդույթները, որի միջոցով Սևանում ձևավորվելու է նոր մշակույթ»,- հավելում է Մանեն:
Իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար առաջին քայլերն է անում: Նա բացում է նաև այլ փակագծեր. շուտով մեկնելու է Մոսկվա, անցնելու է վերապատրաստման դասընթացներ, այնտեղ է շարունակելու նաև մագիստրոսական ուսումը:
Մեկնելու է, սակայն վստահեցնում է և ինքն էլ վստահ է` վերադառնալու է հայրենի քաղաք, որովհետև այստեղ շատ բան ունի անելու, իր «Ընտրությամբ» արդեն իսկ իրեն տվել է ընտրություն կատարելու հնարավորություն:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ