Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես փրկվեցին 132 հազար հայ որբերը (Տեսանյութ)

Մայիս 31,2017 16:40

Մայիսի 31-ին «Նարեկացի արվեստի միությունը» ներկայացրեց «Որ չկորչեն անհետ…Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» վավերագրական ֆիլմը եւ Ռոքֆելերի արխիվային կենտրոնի` Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի` 1915-1929 թթ.-ն ընդգրկող լուսանկարների հավաքածուն: Միջոցառմանը ներկա էր նաեւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ֆիլմի գործադիր պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկացրեց «Նարեկացի արվեստի միության» հիմնադիր Նարեկ Հարությունյանը, մոտ մեկ ժամանոց վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության ժամանակ փախստականների ճգնաժամային իրավիճակին անդրադարձած Ամերիկայի արձագանքի մասին է, որը նոր լույսի ներքո է դիտարկում պատմական իրադարձությունները:

Ի դեպ, 2017թ. ապրիլի 8-ին, Նյու Յորքի «Թայմզ» կենտրոնում Մերձավոր Արեւելքի հիմնադրամն առաջին անգամ ներկայացրել է «Որ չկորչեն անհետ…Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը:

«Այսպիսի վավերագրական ֆիլմ մենք չունենք, «Նիըր Իստ Ռիլիֆ» կազմակերպության շնորհիվ մենք հայտնաբերում ենք, որ ամերիկյան կառավարությունը մակերեսային է մասնակցել, իրենք արտոնություն են տվել, որ «Նիըր Իստ Ռիլիֆի» միջոցով ողջ Ամերիկայի ժողովուրդը համախմբվի եւ օգնության հասնի որբացած հայ երեխաների: Մոտավորապես 132 000 հայ որբեր փրկվել են իրենց առաքելության շնորհիվ, իրենց գուրգուրել են, արհեստներ են սովորեցրել, ապրեցրել»,- շեշտեց Նարեկ Հարությունյանը:

Նրա ձեւակերպմամբ, շատ կարեւոր է, որ «Նիըր Իստ Ռիլիֆի» ներկայացուցիչները վեր են հանել 1915-1929թթ. ընդգրկող արխիվները, իսկ 15 տարի առաջ, երբ Շանթ Մարտիրոսյանը դարձավ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, դրանք թվայնացրեց, վերակենդանացրեց: Վերջին 8 տարիների ընթացքում նա աշխատել է այս ֆիլմի վրա` ներդնելով իր անձնական միջոցները:

Շանթ Մարտիրոսյանը՚ ներշնչված Ցեղասպանության ժամանակ իր տատիկի եւ պապիկի փախուստի եւ վերապրելու պատմությամբ, նշեց, որ ֆիլմը ստեղծել է ոչ թե պարզապես հիշելու նրանց, ում կորցրել է Հայոց ցեղասպանության ժամանակ, այլեւ լույս սփռելու ամերիկյան պատմության կարեւոր փուլի վրա, երբ շարքային քաղաքացիները ոտքի կանգնեցին ու դիմակայեցին անարդարությանը` փրկելով 132000 որբերի կյանք:

Նարեկ Հարությունյանի խոսքով, յուրաքանչյուր հայի խնդիրն է տարածել արխիվային կադրերով այս բացառիկ ֆիլմը:

Շանթ Մարտիրոսյանի դիտարկումները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031