Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը, ինչպես Իվետա Մուկուչյանը, քաղաքական քայլ արեց. Շարմազանովը՝ Մխիթարյանի ռեկորդի մասին

Մայիս 31,2017 16:37

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ-ում դժգոհել էր, որ մեր ֆուտբոլային դեսպան Հենրիխ Մխիթարյանին ըստ արժանվույն չեն գնահատում ՀՀ-ում: Մասնավորապես, նա նկատի ուներ Մարզական լրագրողների ֆեդերացիայի՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակը, որտեղ չէին ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին:

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հենրիխ Մխիթարյանին պարգեւատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ հիմա արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանին ըստ արժանվույն գնահատում են ՀՀ-ում: Նա պատասխանեց. «Այո, դրա վառ ապացույցը հայ ժողովրդի սերն է, այն ժողովրդականությունը, որ Հենրիխն ունի ՀՀ-ում եւ ՀՀ սահմաններից դուրս ողջ հայության մոտ եւ բնականաբար, շատ ուրախ եմ, որ պետության ղեկավարը Հենրիխին նաեւ պետական պարգեւ հանձնեց: Այդ իմաստով սա շատ պատվաբեր է՝ յուրաքանչյուր հայորդու համար: Կարծում եմ, Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ էլ ժողովրդի սիրո ու հարգանքի պակաս չունի»:

Էդուարդ Շարմազանովը պատմեց, թե ինչպես է հուզվել, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանը մեր եռագույնը գցեց ուսերին. «Էդքան գոլից չհուզվեցի՝ լավ իմաստով, ինչքան, երբ գավաթը ձեռքը եռագույն դրոշով էր: Նման բան անում էին կատալոնական «Բարսելոնայի» խաղացողները, երբ Իսպանիայի հավաքականը դարձավ չեմպիոն, նրանք էլ Կատալոնիայի դրոշը վերցրեցին: Նույն բանն արեց Հենրիխ Մխիթարյանը: Սա նաեւ քաղաքական ակտ էր՝ լավ իմաստով, ինչպես Եվրատեսիլում արեց նաեւ Իվետա Մուկուչյանը՝ բարձրացնելով Արցախի դրոշը: Սրանք կարեւոր բաներ էին: Մենք տարածքով փոքր ենք եւ գլոբալ քաղաքականության մեջ շատ լուրջ դեր չունեցող ենք, այդ իմաստով նման ցանկացած քայլ ոգեւորիչ է»:

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ անձնապես ճանաչում է Հենրիխ Մխիթարյանին. «Շատ ջերմ հարաբերություն ունեմ, ճանաչում եմ իրեն, իր մայրիկին, Մոնիկային: Փայլուն ընտանիք ունեն: Հենրիխն ապացուցեց, որ կարելի է լինել մեծ սպորտսմեն եւ կարելի է լինել այդ ամենով հանդերձ դաստիարակված, համեստ անձնավորություն: Ես իրեն հաջողություն եմ մաղթում: Այս սեզոնը շատ կարեւոր էր: Հենրիխը Եվրոպա լիգայում 6 գոլով «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ դարձավ լավագույն ռմբարկուն: Նույնիսկ Ռոնալդուն, ժամանակին Դեվիդ Բեքհեմը, նույնիսկ Էրիկ Կանտոնան այդքան գոլ չեն խփել, ինչքան խփեց Հենրիխը Մխիթարյան: Նա ռեկորդ է խփել: Հուսով եմ, հաջորդ տարի ինքն ավելի լուրջ դերակատարում կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ մանավանդ, որ  Մանչեսթերն այլեւս խաղալու է չեմպիոնների լիգայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031