«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» եւ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն 2016 թվականին իրականացրել են հետազոտություններ՝ բացահայտելու հանրակրթական ոլորտի 3 ճյուղերի՝ վճարովի պարապմունքների, ներառական կրթության եւ դասագրքերի հրատարակման կարգի հետ կապված առկա հիմնական խնդիրները: Փորձագետների կարծիքով՝ ստացված տվյալների համաձայն առկա են շահերի բախումներ եւ կոռուպցիոն ռիսկեր:
«Կրկնուսույցների հետ կապված խնդիրը եղել է այն, որ ուսուցիչը աշակերտին պարտադրում է, որ իր մոտ պարապի, որպեսզի գնահատականը բարձրացնի, կամ չպարապելու դեպքում իջեցնի: Ներառական կրթության հետ կապված ասեմ, որ դա կապված է այն հարցի հետ, թե ինչպես է տեղի ունենալու ֆինանսավորումը, ինչպես են այդ հոսքերը կարգավորվելու, ինչ տողեր են լինելու բյուջեներում եւ տնօրենները որքան ազատություն են ունենալու այդ տողերն օգտագործելու այլ կարիքների համար»,-ասաց «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը:
Իսկ դասագրքերի հետ կապված հիմնական խնդիրը շահերի բախումն ու հայտերի հավաքագրում է. «Շահերի բախում է, երբ որ նույն մասնագետը, որը չափորոշիչ կամ ծրագիր է գրում, ներառվում է դասագրքաստեղծման պրոցեսի մեջ՝ անհավասար պայմաններ ստեղծելով այլ հեղինակային խմբերի համար: Եվ հայտերի հավաքագրումը, որ շատ դեպքերում մի հայտ է ներկայացնում, ուրիշ դասագիրք է գալիս, ինչը պրոբլեմ է ստեղծում: Որովհետեւ այստեղ գործ ունենք հրատարակիչ եւ ոլորտի պատասխանատուների ներքին պայմանավորվածությունների հետ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Հովհաննիսյանն իր դժգոհությունը հայտնեց, ասելով, որ դասագրքաստեղծման գործընթացում հանրակրթական դպրոցների ուսուցիչների դերակատարումը պասիվ է. «Այդ դասագրքերով երեխաների հետ աշխատում են ուսուցիչները, եւ, բնականաբար, կրթության որակի հետ կապված պատասխանատվությունը կրում են նաեւ ուսուցիչները, դպրոցը, տնօրենը: Բայց մենք աշխատում ենք այն դասագրքերով, ինչ դասագրքեր որ գոյություն ունեն: Գրքաստեղծման գործընթացի ժամանակ լինում է, որ ասում են կարծիքներ ուղարկեք, բայց հետո մենք այդ կարծիքները չենք տեսնում նոր ստեղծվող դասագրքերում»:
Խոսելով կրթության ոլորտում առկա խնդիրների մասին՝ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ոլորտում առաջին խնդիրը հենց կրթության որակն է: Նրա կարծիքով՝ այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնած ոչ միայն բուհերը, այլեւ դպրոցները:
«Պետական բուհերն ունեն ընդունելության լուրջ խնդիր: Առաջինը՝ արտագաղթ, իսկ երկրորդը՝ կրթության որակը ապահովելու խնդիրն է: Այսօր հնարավորություն ունեցող մարդիկ նախընտրում են իրենց երեխաներին տանել Ամերիկյան, Ֆրանսիական համալսարաններ, երկրից դուրս հանել, միայն թե պետական բուհ չուղարկեն: Այստեղ բուհերն ու պետական համակարգը մտածելու լուրջ խնդիրներ ունեն, թե ինչպե՞ս անեն, որպեսզի անցնեն որակյալ կրթության»:
Հովհաննիսյանի կարծիքով՝ նույն պատկերն է նաեւ հանրակրթական դպրոցներում. «Այսօր Երեւանում 4-5 դպրոց կա, որ բոլոր ծնողներն ուզում են իրենց երեխաներին տանեն այդ դպրոցները, թեկուզ սարսափելի մեծ վարձավճարներով: Եթե հանրակրթական ոլորտի դպրոցներն այդքան լավը լինեին, որեւէ մեկը չէր ուզենա տանել 2 մլն դրամ տալ ու իր երեխային տաներ այնտեղ»:
Խոսելով դասագրքերում առկա թերությունների մասին, փորձագետն ասաց, որ այստեղ կան լուրջ թերություններ, սկսած միջառարկայական կապերից, որոնք ընդհանրապես չեն պահպանվում. «Ծրագրերն ու չափորոշիչները նորմալ գրված չեն: Երեխան պատմությունից քարտեզ է անցնում, երբ որ աշխարհագրությունից քարտեզ կարդալ դեռ չեն սովորել: Հայոց լեզվում այնպիսի առաջադրանքներ կան, որ ուսուցիչները պետք է մի քանի անգամ կարդան, որ սովորեն ու կարողանան պատասխանել:
Ըստ Հովհաննիսյանի՝ խնդիրների լուծման համար առաջին հերթին պետք է կրթությունը չդիտարկել որպես բիզնես եւ կրթության նկատմամբ ցուցաբերել սրտացավ մոտեցում:
Իսկ վերը նշված հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Ակնկալվում է, որ առաջարկությունները տեղ կգտնեն ՀՀ կառավարության կողմից հաստատված 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող կրթության եւ գիտության նախարարության հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ