«Գաղտնիք չէ, որ մենք` հայերս, ծխող ազգ ենք եւ ինչպես ամբողջ աշխարհում` ծխելը անհաջողակ լինելու նախանշան է, եւ, եթե ուզում ենք հաջողակ ազգ, բիզնեսմեն, ծնող լինենք, պետք է հաջողակ լինելու սիմպտոմները մեզ վրա «սազեցնենք»,- այսօր` ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ավելացնելով. «Այդ առումով ես ունեմ հանձնարարական վարչապետից, նախագահից, որպեսզի մենք ազգովի պատերազմ հայտարարենք ծխախոտին: Այս եւ մյուս տարին կանցնեն այդ պայքարի ներքո: Պայքար, որի արդյունքում կունենանք էլ ավելի առողջ ազգ, ավելի գեղեցիկ երեխաներ եւ էլ ավելի պայծառ ապագա»:
ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շարունակելով պարոն Ալթունյանի խոսքը` նշեց, որ ծխախոտի օգտագործման ցուցանիշները շարունակում են մնալ բավականին բարձր` հատկապես տղամարդկանց շրջանում. «Ճիշտ է, տղամարդկանց շրջանում նվազեցման տենդենց կա, բայց կանանց շրջանում չկա` ցուցանիշները շարունակվում են մնալ բարձր»:
Այս տարվա ծրագիրը, պարոն Ալթունյանի բնորոշմամբ, յուրահատուկ է լինելու, քանի որ նախատեսվում են կոշտ օրենսդրական փոփոխություններ` ուղղված հասարակական վայրերում ծխելու արգելքների ամրապնդմանը, գովազդի ամբողջությամբ արգելմանը վաճառքի կետերում եւ այլ մոտեցումներին:
ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևն էլ նշելով համաշխարհային ցուցանիշներ` առանձնացրեց, որ ամեն տարի աշխարհում ծխախոտից մահանում է 7 միլիոն մարդ եւ ամեն տարի այդ թիվը փոփոխվում է. «Սա լուրջ խնդիր է, որտեղ մարդիկ ոչ միայն մահանում են, այլեւ կորցնում են կյանքի որակը եւ դառնում են հաշմանդամ»:
ԱՀԿ ներկայացուցիչը ասաց նաեւ, որ 6 հարյուր հազար մարդ ամեն տարի վաղաժամ մահանում է: Այդ մարդիկ պասիվ ծխողներն են` երեխաները, կանայք, չծխող մարդիկ, որոնք գտնվում են նույն տարածքում, որտեղ ակտիվ ծխողներն են:
Մանրամասները` տեսանյութում:
Եգոր Զայցևի խոսքերով`եթե Հայաստանում գործեն ծխախոտի դեմ գովազդները, թանկացվեն հարկերը, ապա 5 տարի անց 40 տոկոսով կնվազի ակտիվ ծխողների թիվը, որը բավական մեծ թիվ է, ինչից հետո արդյունքը նկատելի կլինի:
Հայաստանում չափահաս ծխող տղամարդիկ, ըստ Ալեքսանդր Բազարչյանի, կազմում են 55 տոկոս. «Այսինքն, ամեն չափահաս երկրորդ տղամարդ ծխախոտ է օգտագործում: Կանանց մոտ, ըստ պաշտոնական վիճակագրության, 3.2 տոկոս է, բայց կա զգալի տարբերություն Երևան քաղաքի և մարզային բնակչության միջև: Երևան քաղաքում տարիքային խմբեր կան` 25-35, կամ 35-45, որտեղ ծխախոտի օգտագործումը 8-10 տոկոսի է հասնում` խոսքը ամենօրյա օգտագործման մասին է:
Ծրագրով նախատեսված բարեփոխումներից պարոն Բազարչյանը առանձնացրեց այն կետը, ըստ որի, բոլոր հասարակական փակ տարածքներում ծխելը կլինի արգելված. «Ներառյալ ռեստորանները եւ այդ օրենքը համապարփակ կլինի` բոլորի համար հավասար»:
Նախարար Լևոն Ալթունյանն էլ լրացրեց, որ օրենքը դեռ հաստատված չէ, նախարարությունն է ներկայացրել ծրագիր, որում կա 4 բաժին` օրենսդրական, միջազգային, առողջապահական, գովազդային եւ հոգեբանական: Կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո կսկսվի մշակվել յուրաքանչյուր բաժինը առանձին-առանձին:
Ինչքան էլ հոգեբանորեն մարդու վրա ազդի այն, որ տարեկան մեծ թվով մարդիկ են ծխախոտից մահանում, այնուամենայնիվ, նախարարը գտնում է, որ հոգեբանության մյուս մասն էլ ծխողների մոտ լինում է այն, որ մտածում են՝ իրենց հետ չի պատահի եւ շարունակում ծխել. «Հետեւաբար, պետք է կպնել գրպանին, պետք է ուղղակի արգելել ծխելը այնտեղ, որտեղ ուզում են ծխել եւ թույլ տալ այնտեղ, որտեղ չեն ուզում, օրինակ՝ զուգարանում»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ