Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը հաշտեցրել է Նաիրա Զոհրաբյանին եւ Գեւորգ Պետրոսյանին

Մայիս 31,2017 15:08

«Ծառուկյան» դաշինքի նոր պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը ժամանակին Նաիրա Զոհրաբյանի հետ ընդհարումների մեջ էր եւ հեռացվել էր ԲՀԿ կուսակցությունից, կարծես թե հաշտվել է նրա հետ:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրենց մեջ անձնական որեւէ թշնամություն, հակակրանք չի եղել եւ չկա. «Մենք աշխատանքային գործընկերներ ենք, ես ԱԺ եմ գալիս իմ պատգամավորական գործառույթները ծավալելու, ոչ թե սրա-նրա հետ անձնական խնդիր ունենալու: Հրապարակավ ասել եմ շատ բան, եւ հրապարակավ նաեւ նշել եմ, որ մեր հարաբերությունները հարթվել են: Ինչո՞ւ եք դուք շահագրգռված, որ ինտրիգ լինի, տարաձայնություն լինի: Դուք որպես այս երկրի քաղաքացիներ պետք է խրախուսեք ցանկացած հաշտություն, այդ թվում նաեւ՝ քաղաքական ուժերի ներսում»:

Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ներդրում ունեցել է իրենց հաշտեցման գործում:

Լրագրողները հարցրեցին՝ հնարավո՞ր է 6 ամիս հետո մանդատը վայր դնի՝ հաշվի առնելով, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար էլ 6 ամիս աշխատեց, հետո հրաժարական ներկայացրեց՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնելու եմ օրենքի տառին համապատասխան եւ եթե իմ քաղաքական ղեկավարությունը գոհ լինի իմ աշխատանքից, ես ինչու պետք է հրաժարական տամ: Նախարարի պաշտոնանկության հետ կապված ես պատճառները ժամանակին ասել եմ»:

Ինքնաբացարկի դիմումների հետ կապված՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ իրենց դաշինքի ներսում որեւէ բան չի լինում՝ մարդու կամքին հակառակ. «Մարդը բանական էակ է, որեւէ մեկի կամքի նկատմամբ բռնություն, հարկադրանք, սպառնալիք չի եղել, որեւէ ինտրիգ պետք չի այստեղ փնտրել»:

Հարցին՝ այսինքն, Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի՞ ձեր կամքին հակառակ որոշումներ կայացնի՝ նա պատասխանեց. «Մենք բոլորս անկախ մարդիկ ենք, անկախ գործիչներ ենք, քաղաքական թիմը, այո, նրա համար է, որ լինեն համաձայնեցված որոշումներ, ընդհանուր քաղաքականություն: Բայց Գագիկ Ծառուկյանը այն մարդը չէ, որ իրեն թույլ տա որեւէ մեկի կամքին հակառակ նրան որեւէ բան թելադրել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031