Այսօր ԱԺ-ում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը խոսեց մայիսի 26-29-ը Թբիլիսիում կայացած վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների մասին:
Նա ասաց, որ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակը հարց է բարձրացրել ՀՀ-ի կողմից «Իսկանդեր» համակարգերի ձեռք բերման հետ կապված. «Պետք է նշեմ, որ բավականին անհանգստացած են ադրբեջանական պատվիրակները: Դա նկատելի էր հարց տալու ընթացքում: Մենք պարզաբանեցինք, թե ինչպիսին է մեր պաշտպանական քաղաքականությունը, որոնք են մեր անվտանգության առաջնահերթությունները, հստակ նշվեց, որ այս համակարգի ձեռքբերումը նպատակ ունի վերականգնելու ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Ադրբեջանական պատվիրակը խոսում էր նաեւ ՌԴ-ից անվճար զենք ձեռք բերելու մասին: Մենք հակառակ պնդումն արեցինք, որ Ադրբեջանը վերջին ժամանակահատվածում միլիարդավոր դոլարներ է ծախսում՝ հարձակողական նշանակության զենք ձեռք բերելու համար, չենք ողջունում սպառազինության մրցավազքը տարածաշրջանում, բայց մյուս կողմից՝ մեր բոլոր գործողությունները նպատակաուղղված են մեր պաշտպանական կարողությունները ամրապնդելու եւ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում ապահովելու համար»:
Կորյուն Նահապետյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանը այսօր վերածվել է Եվրոպայից սպառազինություն ներկրող ամենախոշոր երկրներից մեկը եւ դա լրջագույն մարտահրավեր է եւ սպառնալիք ոչ միայն տարածաշրջանային պետությունների համար, այլ նաեւ ընդհանուր առմամբ միջազգային ուղղությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ